Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքի, դրա դրդապատճառների և հետագա զարգացումների վերաբերյալ Factor TV-ի եթերում խոսել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը։ Անդրադառնալով ծեծկռտուքի միջադեպին՝ պատգամավորն ընդգծեց, որ տեղի ունեցածից հետո ԱԺ-ում բոլորն էլ հասկանում են, որ բռնությամբ հարցեր չեն լուծվում, սակայն անհրաժեշտ է ֆիքսել դրդապատճառը։ «Ցանկացած պարագայում միանշանակ է, որ ամբիոնից ելույթ ունեցող մարդուն ընդառաջ չի կարելի գնալ և փորձել կամ բռնություն գործադրել կամ ընդհատել ելույթը»,- հայտարարեց Գաբրիելյանը: Պատասխանելով այն հարցին, թե արդյոք նիստը նախագահող Ռուբեն Ռուբինյանը չէր սխալվել՝ անվտանգության աշխատակիցներին ժամանակին չհրավիրելով ներս, որպեսզի բախումը չշարունակվեր, պատգամավորը պաշտպանեց գործընկերոջը. «Պարոն Ռուբինյանի միտումը բավականին տեղին էր, որովհետև մենք՝ միջադեպի մասնակիցներս տվյալ պետք է վերլուծենք և գնահատական տանք մեզ»: Գաբրիելյանը կտրականապես համաձայն չէ «քրեական բարքերի» հետ համեմատության մասով՝ տեղի ունեցածը բացատրելով ինքնապաշտպանությամբ։ «Դա քրեական բարք չի բացարձակապես։ Դա ավելի շատ այն իրավիճակն է, երբ հանկարծ մարդն ինքնապաշտպանվելու ընթացքում ծեծկռտուքի մեջ է հայտնվում»,- նշեց նա: Անդրադառնալով վարչապետի այն հայտարարությանը, որով վերջինս աջակցություն էր հայտնել իրենց թիմակիցներին, և հարցին, թե արդյոք դրանով չի արդարացվում բռնությունը, պատգամավորը պարզաբանեց կոնտեքստը. «Աջակցություն է այն պարագայում, երբ որ վրադ բռունցքներով են գալիս եւ դու արձագանքում ես։ Իհարկե, խնդիր կլինի, եթե մտնեինք դահլիճ ու առանց որեւէ խոսակցության, առանց պատճառի սկսեինք ծեծել կամ դատարկ խոսակցությունից ծեծկռտուք սկսվի»: Խոսելով միջադեպը Էթիկայի հանձնաժողովում քննելու հնարավորության մասին՝ Գաբրիելյանը զերծ մնաց հստակ գնահատականներից. «Ես որպես էթիկայի հանձնաժողովի անդամ, որոշակի առումով նաև օրենքով եմ սահմանափակված, որպեսզի նախապես ինչ-որ կարծիք հայտնեմ, որովհետև չի բացառվում՝ միջադեպի վերաբերյալ էթիկայի հանձնաժողովում գործառույթ լինի»: Պատգամավորը վստահություն հայտնեց, որ գործող ընդդիմությունը իշխանության չի գա. «Ես վստահ եմ, որ չեն կարող լինել հաջորդ իշխանությունը։ Ինչի՞ վրա եմ հիմնվում. մարդիկ փաստացի ճշգրիտ գնահատել են իրենց հնարավորությունները և չեն մասնակցել ՏԻՄ ընտրություններին»,- եզրափակեց Վիլեն Գաբրիելյանը։ Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ Ռոբերտ Անանյան