Եթովպիայի հյուսիսում՝ Տիգրայի շրջանում, անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել։ Տարածաշրջանում շարունակվում են բախումները դաշնային ուժերի և ապստամբների միջև։ Այս մասին, վկայակոչելով բժշկական աղբյուրին և ականատեսներին, հայտնել է Agence France-Presse (AFP) գործակալությունը։ Ականատեսներից մեկի խոսքով՝ հարվածը հասցվել է հոկտեմբերի 30-ի առավոտյան՝ Էրիթրեայի սահմանից մոտ 7 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Ռամա բնակավայրում։ Անօդաչուն հարվածել է այն մարդկանց, որոնք հավաքում էին նախորդ օրը հարվածի ենթարկված ավտոմեքենայից թափված հացահատիկը։ Ականատեսը պնդում է, որ զոհվել է 13 մարդ։ Միևնույն ժամանակ, բժշկական հաստատության աղբյուրը հայտնել է, որ այնտեղ տեղափոխվել են 11 զոհվածների մարմինները։ Անօդաչու թռչող սարքի պատկանելության մասին տեղեկություններ չեն հաղորդվում։