Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը ամերիկացի հայտնի տնտեսագետ, Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Ջեֆրի Սաքսին տված հարցազրույցում հայտարարել է, որ Բաքուն պատերազմը շարունակելու փոխարեն ընտրել է Հայաստանի հետ «հավերժ խաղաղության» ուղին։ Նրա խոսքով՝ Ադրբեջանի առջև եղել է երկու ճանապարհ՝ հավերժ պատերազմ կամ հավերժ խաղաղություն, և իրենք ընտրել են խաղաղության ուղին՝ ձեռք մեկնելով հարևան Հայաստանին։ Որպես նոր մոտեցման գործնական ապացույց, նա նշել է առևտրային կապերի հաստատումը և տրանսպորտային հաղորդակցությունների ձևավորման աշխատանքները։ Ըստ նրա՝ քանի որ Հայաստանը դեպի ծով ելք չունեցող երկիր է, Ադրբեջանն առաջարկում է տրանսպորտային տարբեր երթուղիներով վերածվել տարածաշրջանի մյուս պետությունների հետ կապակցված երկրի։ Բաքվի ներկայացուցիչը հավելել է, որ «կանաչ» էներգետիկան նույնպես կարող է դառնալ Հայաստանի հետ խաղաղության ռազմավարության բաղադրիչ։ Հաջիևն ընդգծել է, որ չնայած որոշ վերքեր դեռ թարմ են, իրենք նայում են դեպի ապագա՝ թույլ չտալով, որ պատմական ծանր ժառանգությունը որոշի երկու պետությունների ապագան։