Համայնքների ճանաչելիություն, օրակարգային հարցեր, տեղեկատվության փոխանակում. այսպիսի խնդիրներ եւ նպատակներ ունեն մարզերի տաղավարները COP17-ի կանաչ գոտում: Դրանց միավորում է իրենցից յուրաքանչյուրի տարածքում կենսաբազմազանության ու դրան առնչվող ոլորտերի ներկայացումը ոչ միայն տեղացի, այլեւ օտարերկրացի հյուրերին: Տաղավարներում ցուցադրվող բերք ու բարիքից եւ տարբեր արտադրատեսակներից բացի՝ մարզային համայնքները նաեւ կենսաբազմազանությանն առնչվող զանազան հիմնախնդիրներ ունեն: Հետքը պատահականության սկզբունքով զրուցել է 10 մարզերից 5-ի ներկայացուցիչների հետ: Արթուր Գրիգորյանն արաբագետ է: Աշխատում է Երեւանում, ՏՏ ոլորտում, սակայն շաբաթվա կեսը Սիսիանում է լինում, որտեղ զբաղվում է մեղվապահությամբ ու մեղվաբուծությամբ: Ասում է՝ իր ընտանիքն արդեն 100 տարի զբաղվում է այս գործով: Այն ապուպապերից ժառանգաբար հասել է իրեն: Արթուրը Սյունիքի տաղավարը ներկայացնողներից մեկն է Երեւանում անցկացվող ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) կանաչ գոտում: Մեր զրուցակցի խոսքով՝ Սյունիքը ներկայացրել են այն արտադրատեսակներով, որոնք կապված են բնության հետ՝ մեղր, հանքային ջրեր, մուրաբաներ, կոմպոտներ եւ այլն: Տաղավարում ցուցադրում են նաեւ բազալտ ու կարմիր կավ, որոնցից, ըստ Ա. Գրիգորյանի, մշակութային արժեքներ են ստեղծվում: Հետքի զրուցակիցը նշում է, որ COP17-ը հարմար առիթ է՝ ոլորտային խնդիրների մասին խոսելու, քննարկելու համար: Մեղվաբուծության խնդիրներն, օրինակ, մի քանի մակարդակներում են: Արթուրի խոսքով՝ առաջին մակարդակը վերաբերում է ոչ միայն սյունեցի կամ հայաստանցի մեղվապահներին, այլեւ աշխարհի բոլոր մեղվապահներին: Խոսքը մեղուների հիվանդությունների մասին է: Երկրորդը համակարգային խնդիրներն են Հայաստանի ներսում: Սիսիանցի մեղվապահն ասում է, որ անհրաժեշտ է մեկ միասնական կառույց, որը կհամակարգի իրենց ոլորտի աշխատանքը: Նշում է, որ եվրոպական երկրներում կան այդպիսի միություններ, ասոցիացիաներ, ու չնայած Հայաստանում էլ կա միություն, այն, Ա. Գրիգորյանի ներկայացմամբ, չի կարողանում լուծել ոլորտային բոլոր խնդիրները, քանի որ մեղվաբույծների համայնքը միասնական չէ, վստահության հարց կա: Մեղրը շատ առանձնահատուկ արտադրանք է, եւ դրա կեղծումը աշխարհում շատ տարածված է: Օրինակ՝ միայն 2025 թ. ԵՄ ներմուծված մեղրի 60 տոկոսը կասկածվել է կեղծ լինելու մեջ,- նկատում է Արթուրը: Արթուր Գրիգորյան Նրա դիտարկմամբ՝ մեղվաբուծության ոլորտում փոխվստահության ձեւավորման, ամրապնդման խնդիր կա: Օրինակ՝ եթե արտերկրից մեղրի մեծաքանակ արտահանման առաջարկ լինի, մեր երկրում չեն կարող համախմբվել ու բավարարել այդ առաջարկը: Մենք ցանկանում ենք մեղրը դուրս հանել, բայց դրա համար անհրաժեշտ են մեղրի համապատասխան չափաբաժիններ, օրինակ՝ որոշ ժամանակ առաջ պատվերներ են եղել Չինաստանից, ԵՄ-ից: Կարող ենք բավարարել առաջարկը, եթե տնտեսություններով համախմբվենք, բայց դա էլ կապված է մեղրի որակական հատկանիշների հետ,- ասում է նա: Երրորդ խնդիրը մեղվաբույծների գիտելիքի պակասն է: Արթուր Գրիգորյանի բնորոշմամբ՝ մեղվապահները մեծամասամբ շարունակում են աշխատել պապական, ավանդական մեթոդներով, որոնք երբեմն կարող են տեղին չլինել՝ պայմանավորված ժամանակակից մարտահրավերներով: Սիսիանցի մեղվապահն ասում է, որ բույսերի համար օգտագործվող թունաքիմիկատները մեծ ազդեցություն ունեն մեղրի որակի եւ մեղուների անկումների վրա: Գարնանը՝ մեղուների զարգացման շրջանում, շատ այգեպաններ, ըստ Հետքի զրուցակցի, ցուցաբերում են ոչ պրոֆեսիոնալ մոտեցում՝ օգտագործելով թունաքիմիկատներ: Նրա խոսքով՝ դրանք կիրառում են ցերեկային ժամերին՝ մեղվի ակտիվ լինելու ժամանակ: Հայաստանում թունաքիմիկատների օգտագործման սահմանափակում չկա: Մարդ կարող է գնալ խանութ՝ առանց գյուղատնտեսի հետ խոսելու, եւ խանութի ոչ մասնագետ աշխատողը խորհուրդ է տալիս, թե ինչ թունաքիմիկատ վերցնի: Դա կարող է շատ ծանր թունաքիմիկատ լինել, որը կարող է մնալ մրգերի, բույսերի, հողի մեջ՝ վնասելով մեղուներին, կենդանիներին,- բացատրում է Ա. Գրիգորյանը: Մեղապահը Կառավարությանն առաջարկում է սահմանափակումներ մտցնել թունաքիմիկատների օգտագործման վերաբերյալ: Չեմ ասում, թե բացառեն, բայց փորձեն գտնել կանաչ ուղիներ, որպեսզի վնասը քիչ լինի մեր բնությանը եւ մյուս տնտեսվարողներին,- ասում է նա՝ մանրամասնելով, որ, օրինակ, այգեպանները, որոնք պատրաստվում են աշխատել թունաքիմիկատներով, նախապես զգուշացնեն տվյալ տարածքի մեղվապահներին՝ մեղուներին տեղափոխելու համար: Նաեւ համապատասխան մարմինները վերահսկեն, այսինքն՝ չլինի այնպես, որ կրպակի վաճառողը որոշի, թե ինչ թունաքիմիկատներ կարող են վաճառել,- նշում է Արթուրը: Նկատում է, որ այս խնդիրները ներկայացրել են նաեւ Էկոմոնիկայի նախարարության ներկայացուցիչներին, որոնք այցելել էին կանաչ գոտի: Ինքս խոսել եմ, որ, օրինակ, փոշոտման հետ կապված պիլոտային ծրագիր իրականացնեն, որ այն սուբսիդավորվի պետության կողմից, ինչը օգտակար կլինի թե՛ այգետերերին, թե՛ մեղվապահներին,- ասում է մեղվապահը: Սյունիքից 3 տաղավար այն կողմ ներկայացված է Վայոց Ձորը՝ Սյունիքի միակ հարեւան մարզը: Մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Գեղամ Մարգարյանը Հետքին պատմում է, որ մարզը ներկայացել է հարուստ կենսաբազմազանության բոլոր հնարավորություններով: Նրա խոսքով՝ Վայոց Ձորը արեալ է ՀՀ Կարմիր գրքում գրանցված այնպիսի կենդանիների համար, ինչպիսիք են մուֆլոնը, բեզոարյան այծը, պարսկական ընձառյուծը, գորշ արջը: Հավելում է, որ մարզում հանդիպող շուրջ 1500 ծաղկավոր բուսատեսակներից մոտ 500-ը դեղաբույսեր են: Տաղավարում ներկայացված են նաեւ թեյեր, խաղողի էնդեմիկ արենի սորտից պատրաստված գինիներ, վայրի բնությունից հավաքած հատապտուղներ, անտառից՝ ծառատեսակներ: Մեր հարցին, թե Ամուլսարի շահագործումը ինչ վտանգներ կստեղծի Վայոց Ձորի կենսաբազմազանության, Ջերմուկի առողջանարային գոտու համար, Գեղամ Մարգարյանը պատասխանում է, թե դրա վերաբերյալ որեւէ ուսումնասիրություն չունի: Չնայած դրան, ըստ նրա, մարզում անհանգստացնող այլ խնդիր կա: Գեղամ Մարգարյան Վարդահովիտ գյուղում ուզում են ուսումնասիրություն անցկացնեն, որտեղ հետագայում նաեւ հնարավոր է, որ հանքարդյունաբերությամբ զբաղվեն, բայց այդ ուսումնասիրությունն էլ վտանգ է ներկայացնում մեզ համար, քանի որ այնտեղ մեր ջրային ռեսուրսներն են գտնվում (Գ.Մարգարյանը նկատի ունի Մենդիա Ռեսուրսիս ՍՊԸ-ի կողմից Վարդահովիտում երկրաբանական հետախուզում իրականացնելու թույլտվություն ստանալու գործընթացը հեղ.): Ամենավտանգավորն ինձ համար այն է, որ եթե այդտեղ ջուրն աղտոտվի, ապա այն Եղեգիսի կիրճով գնալու է Սեւան: Այդ ջրերով ոռոգվում են նաեւ Արենի համայնքի խաղողի այգիները: Լավ, եթե մի ծանր մետաղ հայտնվի այդ գինու մեջ, ի՞նչ ենք անելու, ո՞ւմ ենք դիմելու, ո՞նց եք անելու,- ասում է մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչը: Մեր այցի օրը Գեղարքունիքի տաղավարը ներկայացնում էր Մարտունի համայնքը (որոշ տաղավարներում տվյալ մարզը տարբեր օրերի ներկայացրել են տարբեր համայնքներ եւ/կամ կազմակերպություններ): Մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներ Ինգա Շահումյանն ու Հովսեփ Միրզաջանյանը նշում են, որ գլխավոր նպատակն է Մարտունին ճանաչելի դարձնել գլոբալ մակարդակով: Մենք փորձել ենք ներկայացնել Մարտունին ոչ միայն որպես խնդիր կրող, այլեւ խնդիրներին լուծում տվող համայնք: Մարտունին չի սպասում վաղվա կլիմայի մարտահրավերներին, այլ փորձում է ստեղծել ավելի կանաչ ապագա,- ասում է Ինգա Շահումյանը՝ նշելով, որ էներգախնայողության ու էներգաարդյունավետության ծրագրեր են իրականացրել Մարտունիում, ագրոանտառ են հիմնել համայնքի Ծովինար բնակավայրում: Հովսեփ Միրզաջանյան, Ինգա Շահումյան Սակայն համայնքը նաեւ օրակարգային հարցեր ունի: Համայնքում ներկայում օրակարգային է կեղտաջրերի մաքրման կայանների ստեղծումը: Նախատեսում ենք կառուցել բնակավայրերի կոյուղագծեր, համայնքը կունենա կենտրոնացված կոյուղի, որպեսզի մաքրենք կեղտաջրերը, եւ ջուրը լրիվ մաքուր ուղարկենք Սեւանա լիճ,- ասում է Հովսեփ Միրզաջանյանը: Արագածոտնի մարզն էլ մեր այցելության օրը ներկայացնում էր Թալին համայնքը: Մեր ակնկալիքն այն է, որ COP17-ը հնարավորություն կտա մեր համայնքին բարձրացնել ճանաչելիությունը ոչ միայն հայ, այլեւ օտարերկրացի այցելուների մոտ,- նշում է Արագածոտնի մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչ Ռազմիկ Ղազարյանը՝ վերցնելով ծիրանի կորիզից եւ թելերից պատրաստված թիթեռը՝ COP17-ի խորհրդանիշը: Ասում է՝ այն հասցրել է գրավել այցելուների ուշադրությունը: Տաղավարում ներկայացված են Թալին համայնքի հողերի ու ապարների տեսակները: Ռազմիկ Ղազարյան Ներկայացնում ենք երեք տեսակի հող: Առաջինը սեւահողն է: Թալին համայնքն աշխարհագրական առումով սկսվում է ծովի մակարդակից 1100 մետրից եւ հասնում մինչեւ 3000 մետր: 3000 մ-ի վրա գտնվում են ալպիական սեւահողերը: Քանի որ Թալին համայնքին հյուսիսում սահմանակցում է Շիրակի մարզը, այնտեղ եւս բնորոշ են սեւահողերը: Հաջորդն ավազահողերն են, որոնք, ի տարբերություն սեւահողերի, ավելի քիչ են խոնավություն պահում, այստեղ ավելի դժվար է բուսական ու կենդանական աշխարհի համար. ընդհանրապես, Թալին համայնքն ունի ջրային ռեսուրսների, հատկապես՝ ոռոգման ջրի խնդիր: Կավահողեր կան որոշ հատվածներում, որոնց վրա, ի տարբերություն նախորդ երկուսի, դժվար է աճեցնել բույս կամ պտուղ,- ներկայացնում է Ռ. Ղազարյանը: Այնուհետ ցույց է տալիս համայնքի ապարները: Ըստ նրա՝ քչերը գիտեն, որ Թալին համայնքը հարուստ է վանակատով կամ օբսիդիանով (ժողովրդի շրջանում հայտնի է իբրեւ սատանի եղունգ): Լոռու մարզը ներկայացնելու հերթն էլ Ալավերդի համայնքինն էր: Համայնքապետարանի աշխատակից Կարինե Սիմոնյանն ասում է՝ առանձնացրել են կենդանական եւ բուսական աշխարհի այն տեսակները, որոնք գրանցված են ՀՀ Կարմիր գրքում, քանի որ շատերը տեղյակ չեն շրջակա միջավայրից: Կենսաբազմազանության պահպանության համար առաջին հերթին պետք է ճանաչել այն, եւ որ այն ոչ միայն մեզ շրջապատող տարրերն են, այլ նաեւ մենք ենք,- նկատում է Կ. Սիմոնյանը: Տաղավարում ներկայացված են ՀՀ Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղը, փոքրասիական տրիտոնը, որոնք հանդիպում են Ալավերդու տարբեր բնակավայրերում: Ըստ Սիմոնյանի՝ համայնքի տարածքում հանդիպում են նաեւ կարմիրգրքյան սեւ անգղն ու գառնանգղը (մորուքավոր անգղ): Անդրադառնալով թռչուններին՝ Ալավերդու համայնքապետարանի աշխատակիցը պատմում է, որ 2022 թ. Վրաստանում գառնանգղը դանակ էր կուլ տվել, ինչից հետո մասնագետները ստիպված են եղել թռչնին վիրահատել, ապա բաց թողնել բնություն: Գառնանգղին նաեւ նշադրել էին GPS սարքավորմամբ, որպեսզի հնարավոր լինի հետեւել նրա տեղաշարժին: Ավելի ուշ վրացի կենդանաբանները նկատել էին, որ թռչունն անցել է Հայաստանի սահմանը: Առանձնյակը հայտնաբերվել էր Ալավերդու Կաճաճկուտ բնակավայրում, որտեղ զույգ էր գտել: Կարինե Սիմոնյան Ուտելի շատ խոտաբույսեր ունենք, որոնք քիչ մարզերում են հանդիպում: Կարեւոր է, թե ինչպես պետք է հավաքել, որպեսզի հաջորդ սերունդներին եւս հնարավորություն ընձեռենք օգտվել կենսաբազմազանության այդ տարրերից,- նկատում է Կ. Սիմոնյանը: Նրա դիտարկմամբ՝ միշտ չէ, որ մարդիկ ուշադրություն են դարձնում շրջակա միջավայրի տարրերին: Հակառակ օրինակն էլ է բերում. մասնավորապես՝ Լոռու մարզի Թումանյան համայնքի Մարց գյուղի բնակիչները պատմել են, որ իրենց մոտ հսկայական սիրամարգակն թիթեռները պակասել են: Ըստ Սիմոնյանի՝ այդուհանդերձ, սրա շուրջ դեռ չկա որեւէ գիտական ուսումնասիրություն: Ալավերդին Հայաստանի անտառաշատ համայնքներից է: Հետքի դիտարկմանը, որ կենսաբազմազանության պահպանության հարցերում բնակչության մասնակցության ապահովումը կարեւոր է նաեւ խնդիրները վերհանելու համար, ինչպիսիք են անտառահատումները, Կարինե Սիմոնյանն արձագանքում է այսպես. Մեր համայնքն առավելություն ունի: Ալավերդիում տնկում ենք անտառներ: Գիտեք, որ մեր համայնքի տարածքում Թեղուտի հանքավայրն է բացվել, եւ բնությանը վնաս է հասցվել, սակայն բնակիչների խնդրանքով նրանց պտղատու երիտասարդ ծառեր են տրամադրվում, արդեն 134 հա ծառ է տնկվել: Սուբվենցիոն եւ համայնքային միջոցներով համայնքապետարանը ջրագծեր է անցկացնում՝ այդ այգիները պահպանելու համար: Բացի դրանից՝ ըստ Հետքի զրուցակցի՝ համայնքի տարածքում կանաչապատ տարածքներն ընդլայնվում են մասնավորի միջոցով: Օրինակ՝ Այգեհատում 110 հա այգի է տնկվել մասնավոր ներդրումներով. Թեեւ սա անտառների տնկում չէ, բայց կանաչապատ տարածքների ընդլայնման եւս մի մեթոդ է, որը թե՛ գյուղատնետսության զարգացմանն է նպաստում, թե՛ կանաչապատ տարածքների ընդլայնմանը:
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ի՞նչ խնդիրներով են մարզերից հասել COP17-ի «կանաչ գոտի»
Համայնքների ճանաչելիություն, օրակարգային հարցեր, տեղեկատվության փոխանակում. այսպիսի խնդիրներ եւ նպատակներ ունեն մարզերի տաղավարները COP17-ի «կանաչ գոտում»:

Comments
No comments yet — be the first to comment.
More from Hetq

Հայաստանում կենսաչափական նոր համակարգի ներդրումն անցնում է գործառնական փուլ
Hetq / 1 hour ago

ՄԻՊ-ը պահանջում է հանրային խոսքում բացառել ազգային կամ էթնիկ խմբերին պիտակավորող ու թիրախավորող ձևակերպումները
Hetq / 1 hour ago

Binance-ը հաքերային հարձակման է ենթարկվել․ վնասը գնահատվում է 6.3 մլրդ դոլար
Hetq / 1 hour ago

Ստեփան Ասատրյանից՝ 999, Արման Սարոյանից՝ 1 դրամ․ Տեր Արշակ Խաչատրյանը դատարան է դիմել
Hetq / 1 hour ago
Related coverage

Արդյոք թալանը վերադարձվեց ժողովրդին. Վարդևանյան
News.am / 33 minutes ago

Ավինյանը գետնից վերցրեց քաղաքացու շպրտված «բիչոկ»-ը և վերադարձրեց նրան #shorts
Pastinfo / 1 hour ago

Ինչպես է Ավինյանը վերցնում «բիչոկը» և վերադարձնում այն նետած վարորդին
Aysor.am / 1 hour ago

Belarus has banned the sale of "Arame" brandy from Armenia that is 7 years old.
Noyan Tapan TV / 1 hour ago