Իսրայելի կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավարտել է խորհրդարանական ընտրությունների քվեների հաշվարկը։ Վերջնական արդյունքներով՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի գլխավորած դաշինքն ստացել է 53, ընդդիմադիր Գադի Այզենկոտի դաշինքը՝ 48, իսկ արաբական կուսակցությունները՝ ռեկորդային 19 մանդատ։ Մանդատների բաշխումը չի փոխվել նախորդ հրապարակված տվյալների համեմատ։ Նեթանյահուի գլխավորած Լիկուդ կուսակցությունը ստացել է 27 մանդատ։ Նրա դաշինքի կազմում ընդգրկված Օցմա Յեհուդիտ և Յեհուդատ ա-Տորա կուսակցությունները ստացել են 7-ական, Կրոնական սիոնիզմ և Զեհուտ կուսակցությունների միավորումը՝ 6, իսկ ՇԱՍ կուսակցությունը՝ ևս 6 մանդատ։ Ընդդիմադիր Յաշար կուսակցությունն էլ ստացել է 21 մանդատ։ Նույն դաշինքի կազմում ընդգրկված Բեյախադ կուսակցությունը ստացել է 12, Դեմոկրատները՝ 8, իսկ Իսրայել Բեյթենու կուսակցությունը՝ 7 մանդատ։ Արաբական կուսակցություններից էլ Միացյալ ցուցակ դաշինքը ստացել է 11, իսկ ՌԱԱՄ կուսակցությունը՝ 8 մանդատ։ Սա ռեկորդային ցուցանիշ է արաբական կուսակցությունների համար։ Ընտրություններին մասնակցությունը կազմել է 77,9 %։ Քվեարկությանը մասնակցել է 5 716 665 ընտրող։ Սա վերջին տասնամյակների ամենաբարձր ցուցանիշն է։ Իսրայելում կառավարություն ձևավորելու համար անհրաժեշտ է խորհրդարանի 120 մանդատներից առնվազն 61-ը։ Ընտրությունների արդյունքում դաշինքներից և որևէ մեկը չի ստացել անհրաժեշտ մեծամասնությունը։ Այժմ քաղաքական ուժերը պետք է բանակցություններ սկսեն կառավարող կոալիցիա ձևավորելու նպատակով։ Այդ գործընթացը կարող է տևել մի քանի ամիս։ Եթե կողմերին չհաջողվի համաձայնության գալ, Իսրայելում կարող են նշանակվել խորհրդարանական նոր ընտրություններ։ Ըստ The Times of Israel-ի՝ ընտրությունների արդյունքները նոյեմբերի 4-ին կներկայացվեն Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգին։ Նորընտիր խորհրդարանի առաջին նիստը նախատեսված է նոյեմբերի 10-ին։ Լուսանկարը՝ AP Photo/David Goldman