ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Մայր աթոռի դիվանապետ Արշակ սրբազանը զրպարտության համար դատական հայցեր է ներկայացրել նախկին հոգևորականներ Արման Սարոյանի (նախկինում՝ Գևորգ սրբազան, Մասյացոտնի թեմի առաջնորդ– խմբ․) և Ստեփան Ասատրյանի (Նախկինում՝ տեր Արամ– խմբ․) դեմ՝ պահանջելով հերքում և սիմվոլիկ չափով գումարի բռնագանձում՝ մի դեպքում 1 դրամ, մյուս դեպքում՝ 999 դրամ։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։Ստեփան Ասատրյանի դեպքում Արշակ սրբազանը պահանջում է հերքել Հանրային հեռուստաընկերության եթերում իրականությանը չհամապատասխանող և զրպարտություն համարվող տեղեկությունները։ Մասնավորապես, Ստեփան Ասատրյանը վարկաբեկիչ հայտարարություններ էր արել Արշակ սրբազանի մասին՝ իբրև թե քեռակնոջ հետ հարաբերություններ ունենալու թեմայով։Սրբազանը պահանջում է հերքել տեղեկություններն առնվազն 1000 տպաքանակ ունեցող հայալեզու մամուլում և բռնագանձել 999 դրամ՝ որպես զրպարտության հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի փոխհատուցում։Արման Սարոյանին նույն պահանջն է ներկայացված։Հիշեցնենք` «Հայկական Վիկիլիկս» անվանումով տելեգրամյան ալիքը 2025 թ. հոկտեմբերի 25-ին ինտիմ բնույթի տեսագրություն հրապարակեց` դրանք վերագրելով Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին։ Հոգևորականն արձագանքեց` նշելով, որ անգամ ուժերի գերլարումով չի կարող լծվել հորինվածքների ու զրպարտությունների հերքմանը, խելամիտ է համարում արհամարհել: Արշակը սրբազանը ձերբակալվեց 2025 թ. դեկտեմբերի 4-ին ՀՀ քննչական կոմիտեի շենքից դուրս գալիս։Հետագայում Արշակ սրբազանի նկատմամբ մեղադրանք է ներկայացվել մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելու հոդվածով։ Դեկտեմբերի 5-ին նա կալանավորվեց։ 2026-ի փետրվարի 3-ին նրա կալանքի ժամկետը երկարաձգվեց 2 ամսով։ Մարտի 5-ին Արշակ սրբազանն ազատ արձակվեց, նրա նկատմամբ սահմանվեց վարչական հսկողություն։