Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Քրիստին Լագարդը հայտարարել է, որ վաղաժամ հեռանում է զբաղեցրած պաշտոնից։ Նա իր որոշումը բացատրել է նրանով, որ այլևս չի կարող պահպանել կենտրոնական բանկի ղեկավարից ակնկալվող չեզոքությունը և ցանկանում է ազատ լինել՝ խոսելու նաև դրամավարկային քաղաքականությունից դուրս գտնվող հարցերի մասին։ Ինչպես գրում է Euronews-ը, Լագարդը հինգշաբթի օրը Ֆրանկֆուրտում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ պաշտոնը կլքի 2027 թվականի փետրվարի 7-ին՝ իր լիազորությունների ավարտից շուրջ ինը ամիս առաջ։ Նրա պաշտոնավարման ժամկետը նախատեսված էր մինչև 2027 թվականի հոկտեմբեր։ «Չեմ կարծում, որ կարող եմ չեզոք մնալ»,- լրագրողներին ասել է Լագարդը՝ հավելելով, որ իրեն հետաքրքրում է ճշմարտությունը, մինչդեռ հաճախ տեսնում է, թե ինչպես են այն խեղաթյուրում և հակասում իրականությանը։ Նրա խոսքով՝ կենտրոնական բանկի անկախության գինը որոշակի չեզոքություն պահպանելն է, սակայն ինքն այլևս չի ցանկանում լռել այն հարցերի շուրջ, որոնք կարևոր է համարում։ Լագարդը նշել է, որ ավելի քան 20 տարի աշխատել է Արժույթի միջազգային հիմնադրամում և Եվրոպական կենտրոնական բանկում, և այժմ կան հարցեր, որոնց մասին կարծում է, որ պետք է խոսի։ Հրաժարականի մասին հայտարարությունից բացի՝ Լագարդի ասուլիսում ուշադրության կենտրոնում է եղել նաև Եվրոպական կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականությունը։ Բանկը որոշել է անփոփոխ թողնել հիմնական տոկոսադրույքները՝ ավանդների տոկոսադրույքը պահպանելով 2.5 տոկոսի մակարդակում։ Սակայն Լագարդը հայտնել է, որ Կառավարման խորհուրդը լրջորեն քննարկել է նաև տոկոսադրույքները բարձրացնելու հնարավորությունը։ Նա բացատրել է, որ սեպտեմբերյան կանխատեսումներից հետո երկու կարևոր փոփոխություն է տեղի ունեցել։ Առաջինը էներգակիրների գների շարունակական աճն է․ սեպտեմբերին եվրագոտում գնաճը հասել է 3.8 տոկոսի, իսկ էներգակիրների գները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 18.9 տոկոսով։ Երկրորդ գործոնը երկարաժամկետ փոխառությունների թանկացումն է։ Եվրագոտու պետական պարտատոմսերի միջին 10-ամյա եկամտաբերությունը սեպտեմբերյան կանխատեսումների հաշվարկման պահից աճել է շուրջ 35 բազիսային կետով։ Լագարդի խոսքով՝ այս երկու գործոնների համադրությամբ Կառավարման խորհուրդը քննարկել է տոկոսադրույքների բարձրացման նպատակահարմարությունը, սակայն ի վերջո որոշել է այս փուլում դրանք անփոփոխ թողնել՝ շարունակելով չափավոր մոտեցումը։ Նա չի բացառել, որ դեկտեմբերին կայանալիք նիստում հարցը կրկին քննարկվի։ Լագարդը նշել է, որ մինչև այդ բանկը կստանա գնաճի նոր տվյալներ, երրորդ եռամսյակի տնտեսական աճի և աշխատավարձերի վերաբերյալ ցուցանիշներ։ Դրանց հիման վրա էլ կգնահատվի հետագա քայլերի անհրաժեշտությունը։ Ասուլիսի ընթացքում անդրադարձ է եղել նաև Ֆրանսիայի պետական պարտատոմսերի եկամտաբերության աճին։ Վերջինս անցած շաբաթ գերազանցել էր 5 տոկոսը՝ առաջին անգամ 2002 թվականից ի վեր։ Լագարդը չի նշել Ֆրանսիան, սակայն ընդգծել է, որ բարձր պետական պարտք ունեցող երկրները պետք է պատրաստ լինեն այն հանգամանքին, որ տոկոսադրույքները որոշ ժամանակ կարող են բարձր մնալ։ Լագարդը հրաժարվել է հայտնել, թե արդյոք կաջակցի որևէ թեկնածուի Ֆրանսիայի հաջորդ գարնանը կայանալիք նախագահական ընտրություններում, ինչպես նաև չի նշել, թե ինչ գործունեությամբ է զբաղվելու պաշտոնը թողնելուց հետո։ Նա վստահեցրել է, որ իր հեռանալը չի խաթարի Եվրոպական կենտրոնական բանկի աշխատանքը՝ ընդգծելով, որ կառույցը կայուն է և շարունակելու է գործել բնականոն հունով։ Լագարդը մինչև հեռանալը կղեկավարի Կենտրոնական բանկի ևս երկու նիստ՝ դեկտեմբերին և փետրվարին։ Նրա հաջորդի անունը դեռ հայտնի չէ։ Անի Վարդանյան