Ես երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանից հասկացա, որ կա առաջարկ, որից նրանք չեն կարող հրաժարվել, բայց մենք պետք է աշխատենք։ Ընդդիմությունը լրացուցիչ քայլ արեց և սահմանադրության պրոցեսը կապեց միջազգային օրակարգի հետ։ Ես իրոք կկարողանամ անել առաջարկ, որից ընդդիմությունը չի կարողանա հրաժարվել։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Երեկվա ԱԺ հարցուպատասխանը ինձ համար ակնհայտ դարձրեց, որ հավանականությունը շատ մեծ է, որ բանն արտահերթ ընտրությունների չի հասնի, այլ ընդհակառակը՝ կձևակերպվի առաջարկ, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել։ Իրենք երեկվա հարցուպատասխանի արդյունքներով հնարավորություն տվեցին գործընթացն այնպես տանել, որպեսզի ընդդիմության նկատմամբ հանրային ուժեղ ճնշում գեներացվի, որպեսզի նրանք իրենց քվեարկությամբ հնարավոր դարձնեն նոր սահմանադրության հանրաքվեի անցկացումը։ Շատ մեծ հնարավորություն ստեղծեցին»,- նշեց Փաշինյանը։ Փաշինյանը միաժամանակ ընդգծեց՝ չի կարող երաշխավորել, թե կկարողանա ձևակերպել այդ առաջարկը. «Հասկանում եմ, որ շատ մութ և մշուշոտ եմ խոսում, բայց չեմ կարող ավելին ասել»,- նշեց նա։ Նրա գնահատմամբ՝ ընդդիմության հարցն հետևյալն է՝ արդյոք սա խաղաղության գործընթացի վերջին կետն է։ The post Բանն արտահերթ ընտրությունների չի հասնի, հակառակը՝ կձևակերպվի առաջարկ, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Փաշինյան appeared first on Ազգ .