ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը «Իվանների» մասին իր հայտարարությամբ վիրավորել է առաջին հերթին հայ ժողովրդին: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:Հոկտեմբերի 17-ին Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, պատասխանելով «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչների` Գյումրի քաղաքի օրվա առթիվ շնորհավորանքներին, գրել էր. «Գյումրին ձեր «Նիժնի Տաբորը» չէ, իսկ գյումրեցին՝ ձեր «Իվանը»»:Նա ընդգծեց` ֆաշիստական զավթիչներն էին նվաստացուցիչ երանգով «Իվան» կամ «կարմիր Իվան» ասում խորհրդային զինվորներին։Միաժամանակ, ինչպես նշեց Զախարովան, ֆաշիստները էթնիկ պատկանելության և ազգության տարբերակում չէին դնում։ Տարբեր գնահատականներով` այդ նույն խորհրդային զինվորների թվում եղել են մոտ կես միլիոն էթնիկ հայեր, որոնք զորակոչվել են ինչպես Հայկական ԽՍՀ-ից, այնպես էլ խորհրդային այլ հանրապետություններից։«Այդ գործիչը, որն իրեն նման արտահայտություն է թույլ տվել գուցե անգրագիտությունից, գուցե չարամտությունից, նա մեզ չի վիրավորել, այլ առաջին հերթին նվաստացրել է Հայաստանի ժողովրդին։ Որովհետև այդ զինվորների հրամանատարը, որոնց գերմանացիներն անվանում էին «Իվան», Խորհրդային Միության կրկնակի հերոս, մարշալ Հովհաննես Խաչատուրի Բաղրամյանն էր, որն ինքն իր համար ընտրել էր Իվան Քրիստափորի Բաղրամյան անունը։ Հովհաննես` հայերեն հենց այդպես է Հովհաննես Մկրտչի անունը: Եվ այդ նույն անունից է ծագում Իվան անունը, որն այդպես դուր չի եկել հայ մարզպետին», - ասաց Զախարովան։Նա նշեց, որ ԱԳՆ-ում գտել են Բաղրամյանի ինքնակենսագրական գրությունները, որոնք նա ստորագրել էր «Իվան Բաղրամյան, 1979թ.»:Իվան անունը կրել են նաև ծովակալ Իսակովը, գունավոր մետալուրգիայի նախարար Իվան Թևոսյանը, նկարիչ Հովհաննես Այվազովսկին։Զախարովան նշեց, որ նման բացահայտ գռեհիկ, նեոնացիստական կարգախոսները չպետք է տեղ ունենան իրեն հարգող ցանկացած, այդ թվում՝ հայ հասարակության մեջ։«Ակնկալում ենք Հայաստանի իշխանությունների համապատասխան և միանշանակ արձագանքը», - ասաց Զախարովան:Ավելի վաղ Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը տարակուսանք էր հայտնել Շիրակի մարզպետի արտահայտությունների կապակցությամբ: