Ընտրություններին մասնակցությունը բարձրացնելու համար ջանք պետք է գործադրեն թե՛ ընտրողները, թե՛ քաղաքական էլիտան։ Քաղաքական գիտությունների դոկտոր Արթուր Աթանեսյանը ցածր մասնակցությունը կապում է ընտրությունների միջոցով փոփոխությունների հասնելու նկատմամբ անվստահության եւ ժողովրդավարական քաղաքական մշակույթի չձեւավորված լինելու հետ։ Մեր պետությունը եւ պետականությունը պետք է արժեք լինեն։ Մինչդեռ, ցավոք, ե՛ւ մեր բնակչության, ե՛ւ էլիտաների մեջ դեռեւս առկա է շատ նման մի մտածողություն՝ ընտրությունները հնարավորություն են ստանալու, հարստանալու, պաշտոններ ձեռք բերելու եւ իրենց բարեկամ-հարազատներին առաջ տանելու համար, Ա1+-ին ասաց քաղաքական գիտությունների դոկտոր Արթուր Աթանեսյանը։ Նրա խոսքով՝ եթե այդ հնարավորությունը հավանական են համարում, մասնակցում են թե՛ որպես թեկնածու, թե՛ որպես ընտրող։ Իսկ եթե հավանականությունը ցածր են գնահատում, նախընտրում են չմասնակցել եւ աջակցել նրան, ում համար այդ հնարավորությունն ավելի մեծ է թվում։ Ըստ Աթանեսյանի՝ ընտրությունների ժամանակ այժմ այսպիսի տրամաբանություն է գործում։ Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, սոցիոլոգ Արթուր Աթանեսյանի խոսքով՝ իրենց հետազոտությունները նաեւ ցույց են տվել, որ ընտրողները չեն հավատում, թե ընտրությունները կարող են որեւէ բան փոխել, եւ իրենք կարող են դրանց միջոցով ազդել իշխանությունների գործունեության վրա։ Մեխանիզմը հետեւյալն է՝ մենք ընտրում ենք, ասում է ընտրողը, ընտրվում է իշխանությունը, որից հետո մեր մասին մոռանում է։ Եվ հիշում է նորից, երբ հաջորդ ընտրություններն են։ Այնպես որ, այս մեխանիզմն աշխատում է ե՛ւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ, ե՛ւ ավագանու ընտրությունների ժամանակ, ասում է Արթուր Աթանեսյանը։ Ցածր մասնակցության երկրորդ պատճառը, ըստ նրա, դեռեւս չձեւավորված ժողովրդավարական քաղաքական մշակույթն է, որի պայմաններում մարդն ինքն է կարեւորում ընտրելու գործընթացը։ Մինչդեռ մեզանում դեռ հորդորում են մասնակցել ընտրություններին։ Երրորդ պատճառն էլ, ըստ նրա, վստահության պակասն է։ Ինչ վերաբերում է ՏԻՄ ընտրություններին, ապա, Աթանեսյանի գնահատմամբ, դրանցում որեւէ քաղաքական գաղափարախոսության մասին խոսք չկա։ Պարզապես համայնքի բարեփոխումների մասին են խոսում՝ այս կամ այն ճանապարհը վերանորոգելու, դպրոցը կառուցելու, փոքր խնդիրների մասին, որոնք տվյալ դեպքում վերաբերում են բնակիչներին հուզող հարցերին։ ՏԻՄ ընտրությունների ժամանակ մրցակցությունը հետեւյալի մասին է՝ ով ավելի շատ գումար կներդնի տվյալ համայնքում, ինչ-որ բան կկառուցի։ Հետո այդ գումարն ընտրվելուց հետո հետ կստանա, մի բան էլ՝ ավել։ Այս տրամաբանությունն է ընդհանուր առմամբ, հավելում է սոցիոլոգ Արթուր Աթանեսյանը։ Հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններում մասնակցության ցածր մակարդակ է արձանագրվել հատկապես այն համայնքներում, որտեղ այլընտրանք չի եղել․ իշխող ՔՊ-ն միայնակ է մասնակցել ընտրություններին։ Քաղաքացիները փաստացի այլընտրանք չեն ունեցել։ Իրենց ընտրությունը որոշակիորեն սահմանափակված է եղել, բայց պետք է նաեւ նշեմ, որ Ընտրական օրենսգրքով դա խնդիր չէ։ Քաղաքացիներն այդ մեկ ցուցակին դեմ քվեարկելու հնարավորություն ունեն։ Ուղղակի հնարավոր է նաեւ՝ քաղաքական այլընտրանքի բացակայությունը, այսպես ասած, շատ մոտիվացրած չլիներ քաղաքացիներին՝ գնալ ընտրությունների այն համայնքներում, որտեղ շատ ուժեր չէին մրցակցում։ Բայց ունեցել ենք նաեւ համայնքներ, որտեղ մասնակցության մակարդակը բավականին բարձր է, մասնավորապես, օրինակ, Ստեփանավանը, Ա1+-ին ասաց Ականատես դիտորդական առաքելության համակարգող Մերի Մինասյանը։ Հիշեցնենք, որ ամենաբարձր մասնակցությունն արձանագրվել է Ստեփանավանում՝ 68,83%, Եղեգնաձորում՝ 62,56%, եւ Ծաղկաձորում՝ 61,78%, իսկ ամենացածրը՝ Ֆիոլետովոյում՝ 25,39% ։ Մյուս համայնքներում մասնակցության ցուցանիշները տատանվել են 3658%-ի սահմաններում։ Ընտրություններն անցկացվել են 19 համայնքում՝ համամասնական, իսկ երկուսում՝ մեծամասնական ընտրակարգով։ Ականատես դիտորդական առաքելությունն արձանագրել է վարչական ռեսուրսի օգտագործման դեպքեր։ Դրանց թվում են աշխատանքային ժամերին հանրային պաշտոնյաների ներկայությունը քաղաքական եւ քարոզչական տարբեր միջոցառումներին, ուսումնական հաստատությունների մանկավարժական կոլեկտիվների կազմակերպված ներկայությունը, ինչպես նաեւ անչափահասների ներգրավվածությունը։ Բացի այդ, ընդդիմադիր քաղաքական գործիչների եւ քաղաքացիների հետ հանդիպումների ժամանակ Ականատեսի դիտորդներն ահազանգեր են ստացել ընդդիմության ներկայացուցիչների, նրանց ընտանիքների անդամների եւ հարազատների հասցեին ուղղակի կամ անուղղակի սպառնալիքների մասին։ Քանի որ ահազանգերն անանուն են եղել, առաքելությունն այդ տեղեկությունները ներկայացնում է որպես պնդումներ։ Բայց միայն այն հանգամանքը, որ տարբեր համայնքներից են այդ պնդումները գալիս՝ ե՛ւ քաղաքացիների, ե՛ւ քաղաքական ուժերի կողմից, արդեն իսկ անհանգստացնող ազդակ է եւ ուսումնասիրության կարիք ունի, եզրափակում է Ականատես դիտորդական առաքելության համակարգող Մերի Մինասյանը։