Իրանի իշխանությունները կառուցողական համագործակցություն են ծավալում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ՝ Բուշերի ատոմակայանում ստուգումների իրականացման հարցում։ Մասնավորապես, համագործակցությունը վերաբերում է շահագործված միջուկային վառելիքի ստուգման համար անհրաժեշտ սարքավորումների մատակարարմանը։ Այս մասին հայտարարել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։ «Մեր տեսուչներն այժմ ստուգումներ են իրականացնում Բուշերի ատոմակայանում։ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը կառուցողական համագործակցություն է ծավալել ԱԷՄԳ-ի հետ՝ կազմակերպելու այն սարքավորումների մատակարարումը, որոնք անհրաժեշտ են շահագործված միջուկային վառելիքը ստուգելու համար՝ նախքան այն չոր տիպի նոր պահեստարան տեղափոխելը։ Ակնկալվում է, որ տեղափոխումը կիրականացվի հաջորդ տարի»,- ասել է Գրոսին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Իրանի միջուկային ծրագրին նվիրված նիստում։