Ազգային ժողովը հոկտեմբերի 27-ի նիստում քննարկել է «Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը։ ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը տեղեկացրել է, որ Խաղաղության խորհրդի ստեղծման կանոնադրությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է 2026 թվականի հունվարի 22-ին՝ Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում՝ որպես հիմնադիր անդամ։ Խորհրդի ստեղծման գաղափարը քննարկվել էր դեռևս 2025 թվականի հոկտեմբերին Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ քաղաքում տեղի ունեցած Մերձավոր Արևելքի գագաթնաժողովի ընթացքում։ Նախարարի տեղեկացմամբ Խաղաղության խորհուրդն այժմ ունի 28 անդամ։ Խորհրդի կանոնադրության համաձայն՝ անդամակցությունը սահմանվում է երեք տարի ժամկետով՝ երկարաձգման հնարավորությամբ։ Խաղաղության խորհրդի մանդատը բխում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2803 բանաձևից։ Սահմանված է կամավոր նվիրատվությունների ձևաչափ։ Հայաստանը դեռևս նվիրատվություն չի կատարել։ Անդրադառնալով կառույցին Հայաստանի անդամակցության նշանակությանը՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է նաև Հայաստան-Ամերիկա երկկողմ հարաբերությունների կարևորությունը։ Նախարարի խոսքով Խաղաղության խորհուրդը կոչված է աշխարհի տարբեր անկյուններում հաստատել խաղաղություն ու նպաստել դրա ամրապնդմանը։ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Հռիփսիմե Գրիգորյանը։ Հարակից զեկուցողը նշել է, որ 11 երկիր վավերացրել է փաստաթուղթը, և այն արդեն ուժի մեջ է մտել։ Հարցի քննարկումն ընդհատվել է ելույթների փուլում։ Փաստաթղթի վերաբերյալ քննարկումը կշարունակվի հոկտեմբերի 28-ին։ Օրվա վերջին նիստում պատգամավորները հանդես են եկել հայտարարություններով: