Հոկտեմբերի 26-ին Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակներում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի մամուլի խոսնակ Անի Բադալյանը մասնակցել է «Կենսաբազմազանության պահպանմանն ուղղված գործողությունների ամրապնդումը տեղեկատվական ամբողջականության ապահովման միջոցով. դասեր կլիմայական ոլորտի փորձից» խորագրով պանելային քննարկմանը։ Այս մասին հայտնում է ԱԳՄԱՆ-ը։ «Անի Բադալյանը ներկայացրել է COP17-ի Հայաստանի նախագահության առաջնահերթությունների կյանքի կոչման նպատակով ներառականության և թափանցիկության ապահովման հարցում ՀՀ մոտեցումները՝ ընդգծելով հավաստի ու գիտականորեն հիմնավորված տեղեկատվության կարևորությունը բնապահպանական արդյունավետ քաղաքականության իրականացման և հանրային վստահության ամրապնդման գործում։ Ընդգծվել են երիտասարդության անմիջական ներգրավածության, անկախ լրատվամիջոցների դերի, մեդիա և տեղեկատվական գրագիտության բարձրացման, ինչպես նաև փոփոխվող պայմաններում տեղեկատվական մարտահրավերներին դիմակայելու ուղղությամբ միջազգային համագործակցության կարևորությունը: ԱԳՄԱ նախարարի մամուլի քարտուղարը վերահաստատել է Հայաստանի՝ որպես COP17-ը նախագահող երկրի պատրաստակամությունը նպաստելու այս ուղղությամբ գործնական համագործակցության զարգացմանը, այդ թվում՝ միտված Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի նպատակների իրականացմանը: Քննարկմանը մասնակցել են ՄԱԿ-ի Գլոբալ հաղորդակցության վարչության, Բրազիլի արտաքին գործերի նախարարության, ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մարդը և կենսոլորտը» կենսաբազմազանության և էկոհամակարգերի բաժնի, ինչպես նաև Երիտասարդական կլիմայական խորհրդի ներկայացուցիչները»,-ասված է հաղորդագրության մեջ։