ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆլորիան Էսկյուդիեին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա համագործակցության զարգացման հնարավորությունները ենթակառուցվածքների, էներգետիկայի, ջրային ռեսուրսների կառավարման և միջտարածաշրջանային համագործակցության ոլորտներում։ Անդրադարձ է կատարվել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան հատվածում Բարգուշատի թունելի կառուցման ծրագրին: Քննարկվել են ծրագրի իրականացման հետագա քայլերը: Անդրադարձ է կատարվել նաև ջրային ոլորտում իրականացվող և նախատեսվող ծրագրերին։ Մասնավորապես, քննարկվել են Զարգացման ֆրանսիական գործակալության աջակցությամբ իրականացվող նախաձեռնությունները, այդ թվում՝ Վեդու ջրամբարի կառուցման և ոռոգման համակարգերի զարգացման ծրագրերը, ինչպես նաև ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման և ենթակառուցվածքների արդիականացման հնարավորությունները։ Երկուստեք կարևորվել է նաև Հայաստանի և Ֆրանսիայի համայնքների միջև ապակենտրոնացված համագործակցության զարգացումը։ Կարևորվել է առկա համագործակցության շարունակական զարգացումն ու փոխգործակցության ընդլայնումը՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով։