Հոկտեմբերի 25-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո ArmLur.am-ը շարունակում է ներկայացնել վերընտրված համայնքապետերի ունեցվածքը՝ հանրությանը տեղեկացնելով պաշտոնատար անձանց գույքի և եկամուտների մասին։ Այս անգամ ArmLur.am-ի ուշադրության կենտրոնում Ծաղկաձոր համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանն է։ Նրա գլխավորությամբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հոկտեմբերի 25-ի ընտրություններում ստացել է 2484 ձայն՝ ընտրությանը մասնակցած 2936 քաղաքացիների քվեների 84.6 տոկոսը։ Այս արդյունքով ՔՊ-ն հաղթանակ է տարել համայնքում, իսկ Նարեկ Հարությունյանը վերընտրվել է համայնքապետի պաշտոնում։ ArmLur.am-ը ուսումնասիրել է Նարեկ Հարությունյանի՝ 2025 թվականի գույքի, եկամուտների և ծախսերի հայտարարագիրը՝ պարզելու, թե ինչ ունեցվածք և ֆինանսական միջոցներ ունի վերընտրված համայնքապետը։ Անշարժ գույք Հայտարարագրի համաձայն՝ 2025 թվականի սկզբին Նարեկ Հարությունյանի հայտարարագրում առկա են եղել Կոտայքի մարզի Մեղրաձոր բնակավայրում գտնվող չորս հողամաս և հողամասի վրա կառուցված անհատական բնակելի տուն։ Գույքը հայտարարագրված է համասեփականությամբ։ Հայտարարագրում դրանց ձեռքբերման ամսաթիվը նշված է 1991 թվականի մարտի 19-ը ։ Տարեվերջի տվյալներում ևս նշված են նույն անշարժ գույքերը։ Տրանսպորտային միջոց 2025 թվականի սեպտեմբերի 1-ին Նարեկ Հարությունյանը նվիրատվությամբ ձեռք է բերել 2019 թվականի արտադրության Jeep մակնիշի ավտոմեքենա ։ Հայտարարագրում դրա ձեռքբերման արժեքը նշված է 0 դրամ։ Նվիրատուի անունը նշված է որպես Նաիրա Հարությունյան Ռուբիկի։ Եկամուտ 2025 թվականի ընթացքում Նարեկ Հարությունյանի հայտարարագրած եկամուտների ընդհանուր չափը կազմել է 10 միլիոն 39 հազար 169 դրամ ։ Դրանցից 8 միլիոն 169 հազար 565 դրամը եղել է Ծաղկաձորի համայնքապետարանից ստացած աշխատավարձը։ Եկամուտների շարքում նշված է նաև 1 միլիոն 269 հազար 604 դրամ եկամտային հարկի վերադարձ, իսկ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Հրազդանի տարածքային կենտրոնից ստացած այլ եկամուտը կազմել է 600 հազար դրամ։ Դրամական միջոցներ Հայտարարագրի համաձայն՝ 2025 թվականի սկզբին համայնքապետի բանկային ավանդների մնացորդը եղել է 0 դրամ, իսկ տարեվերջին այն կազմել է 1 միլիոն 250 հազար դրամ ։ Բանկային հաշիվների մնացորդը, առանց ավանդների, տարվա սկզբին կազմել է 622 հազար 235 դրամ, իսկ տարեվերջին՝ 509 հազար 866 դրամ։ Կանխիկ դրամական միջոցները տարվա սկզբին կազմել են 3 միլիոն դրամ, իսկ տարեվերջին՝ 2 միլիոն դրամ ։ Վարկային պարտավորություններ 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Նարեկ Հարությունյանի հայտարարագրում նշված վարկի մայր գումարի մնացորդը կազմել է 10 միլիոն 45 հազար 909 դրամ ։ Վարկը տրամադրվել է բազմաբնակարան բնակելի շենքում բնակարան ձեռք բերելու նպատակով։ Այսպիսով, ArmLur.am-ի ուսումնասիրած հայտարարագրի համաձայն՝ 2025 թվականին Նարեկ Հարությունյանի եկամուտները կազմել են 10 միլիոն 39 հազար 169 դրամ, տարեվերջին նա ունեցել է 2 միլիոն դրամ կանխիկ միջոց և 1 միլիոն 250 հազար դրամ բանկային ավանդ, իսկ վարկային պարտավորության մնացորդը կազմել է 10 միլիոն 45 հազար 909 դրամ։ Սոնա Գրիգորյան