Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի շրջակա միջավայրի, ջրային ռեսուրսների կայունության և մրցունակ շրջանաձև տնտեսության հարցերով հանձնակատար Ջեսսիկա Ռոսվալլին։ Այս մասին հայտնում են Կառավարությունից։ «Վարչապետը ողջունել է տիկին Ռոսվալլի մասնակցությունը Հայաստանում անցկացվող Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) և հույս հայտնել, որ քննարկումներն անցնում են հետաքրքիր և արդյունավետ։ Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը կարևորել է Եվրոպական հանձնաժողովի հետ սերտ համագործակցությունը շրջակա միջավայրի և ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներում։ Երկրի ղեկավարը նշել է, որ ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետությունը բարձրացնելու օրակարգը ՀՀ Կառավարության առաջնահերթություններից մեկն է։ Վարչապետը հավելել է, որ Կառավարության նպատակն է տարբեր ոլորտներում ներդնել եվրոպական ստանդարտներ և այս առումով ընդգծել Եվրոպական հանձնաժողովի շարունակական աջակցության անհրաժեշտությունը։ Ջեսսիկա Ռոսվալլը նշել է, որ COP17 համաժողովն անցնում է բարձր մակարդակով և շնորհավորել վարչապետին այդ առիթով։ Եվրոպական հանձնաժողովի հանձնակատարի խոսքով՝ քննարկումների առանցքում է կանաչ օրակարգի առաջմղումը։ Նա հույս է հայտնել, որ այն կստանա մասնակից պետությունների աջակցությունը։ Միաժամանակ, Ջեսսիկա Ռոսվալլը հայտնել է Եվրոպական հանձնաժողովի աջակցությունը Հայաստանին՝ շրջակա միջավայրի ոլորտում ժամանակակից ստանդարտների ներդրման և համապատասխան ծրագրերի իրականացման գործում։ Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև ինտենսիվ գյուղատնտեսության խթանման, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ»։ The post Փաշինյանը ԵՀ հանձնակատարի հետ քննարկել է Հայաստանում ջրային ռեսուրսների կառավարման բարելավման հարցերը appeared first on Infocom .