Կանադահայ հայտնի երգիչ Րաֆֆի Կավուկյանը ստեղծագործական գործունեության 50-ամյակը հոբելյանը նշել է «Love Is Everywhere» 21-րդ ստուդիական ալբոմի թողարկմամբ: «Good Lovelies» ֆոլք եռյակի հետ համատեղ ձայնագրված նոր ալբոմն ընդգրկում է 13 երգ՝ նվիրված սիրո, հույսի և սոցիալական պատասխանատվության թեմաներին։ Դրանցից հատկապես ուշագրավ է «ABC Democracy» ստեղծագործությունը, որը երեխաներին մատչելի ձևով ներկայացնում է ընտրությունների և ժողովրդավարական ինստիտուտների էությունը։ Երաժշտական գործունեության կեսդարյա հոբելյանին նվիրված են նաև մի շարք այլ նախագծեր։ 2026 թվականի նոյեմբերի 13-ին լույս կտեսնի նրա 1976 թվականի դեբյուտային՝ «Singable Songs for the Very Young» ալբոմի հատուկ վինիլային տարբերակը։ Այն պատրաստվել է առանց պոլիվինիլքլորիդի՝ օգտագործելով ոչ թունավոր և վերամշակման ենթակա նյութեր։ Լույս կտեսնի նաև «I Wonder If I’m Growing» մանկական պատկերազարդ գիրքը, որը ձևավորված է նկարիչ Ջոն Կլասենի պատկերազարդումներով և հիմնված է երաժշտի համանուն հայտնի երգի վրա։ 78-ամյա Րաֆֆի Կավուկյանը, ով արժանացել է «մանկական երաժշտության արքա» տիտղոսին և երեք անգամ առաջադրվել «Գրեմմի» մրցանակի, շարունակում է հավատարիմ մնալ հանդիսատեսի հետ էթիկական հարաբերությունների իր սկզբունքներին։ Երաժիշտը հետևողականորեն դեմ է մանկության ագրեսիվ առևտրայնացմանը։ Վերջերս տված հարցազրույցներից մեկում նա պատմել է, որ ժամանակին հրաժարվել է իր հանրահայտ «Baby Beluga» երգի հիման վրա ֆիլմ նկարահանելու նախագծից, որն առաջարկել էին «Շրեկ» մուլտֆիլմի պրոդյուսերները։ Պատճառն այն էր, որ ֆիլմը նախատեսվում էր գովազդել արագ սննդի ցանցերի միջոցով։ The post Րաֆֆի Կավույանը ստեղծագործական գործունեության 50-ամյակը նշել է նոր ալբոմի թողարկմամբ appeared first on Alphanews .