Գիտության թերֆինանսավորումն այսօր Հայաստանի համար վերածվել է համակարգային լուրջ ռիսկի․ այն կարող է հանգեցնել գիտական կադրերի նոր արտահոսքի հատկապես երիտասարդների շրջանում։ Սա ուղիղ սպառնալիք է երկրի ինովացիոն առաջընթացին։ Ի վերջո, ժամանակակից գիտելիքահենք տնտեսության պայմաններում գիտության բյուջետային պաշտպանվածությունը ոչ թե լոկ սոցիալական կամ տնտեսական ծախս է, այլ պետության անվտանգային միջավայրի և մրցունակության նախապայման։ Այդ նախապայմանի առանցքային բաղադրիչներն են ինչպես արդիական ենթակառուցվածքները, այնպես էլ դրանք սպասարկելու ունակ և ոլորտը գրավիչ համարող գիտական համայնքը։ Պատահական չէ, որ «Գիտության ոլորտի զարգացման 2026–2030 թթ․ ռազմավարական ծրագրով» հստակ թիրախ է սահմանվել մինչև 2030 թվականը պետական ֆինանսավորմամբ հետազոտողների թիվը հասցնել 6000-ի։ Այսպիսի ծավալուն մասնագիտական ներուժի ներգրավումն ու պահպանումն ուղղակիորեն պահանջում են հասարակության, հատկապես երիտասարդ սերնդի շրջանում արմատավորել կայուն հետաքրքրություն հետազոտական աշխատանքի նկատմամբ։ Այս համատեքստում գիտության հանրայնացումը դադարում է լինել զուտ լուսավորչական գործունեություն և ձեռք է բերում ռազմավարական նշանակություն՝ ապահովելով գիտական հանրույթի և հասարակության միջև օրգանական երկխոսությունը, ձևավորելով վաղ մասնագիտական կողմնորոշում և երաշխավորելով նոր սերնդի մուտքը դեպի հետազոտական ասպարեզ։ Վերջին տարիներին Հայաստանում այս քաղաքականության առանցքային ուղղություններից դարձավ բուհական երիտասարդության ներգրավումը գիտության ոլորտ։ Գիտական տարբեր հաստատությունների կազմակերպած մրցույթների արդյունքում պետական բուհերի բարձր ՄՕԳ (միջին որակական գնահատական) ունեցող լավագույն ուսանողներն արժանացան կրթաթոշակների։ Կարևոր է ընդգծել, որ նրանց մի մասն անմիջականորեն ներգրավվեց դրամաշնորհային գիտահետազոտական ծրագրերում և իրենց գիտական ղեկավարների հետ համատեղ արդեն իսկ հրապարակել է գիտական հոդվածներ միջազգային բարձր վարկանիշ ունեցող պարբերականներում։ Սա ապացուցում է, որ ուսանող-հետազոտող շղթան գործնականում տալիս է որակյալ և չափելի գիտական արդյունք։ Զուգահեռաբար, 2024-2026թթ․ ընթացքում Հայաստանի գիտական էկոհամակարգում հանրային մասշտաբային ներգրավվածության առումով նշանակալի իրադարձություն դարձավ «Գիտության շաբաթ» բազմափուլ փառատոնը։ Այն միավորեց Ազատության հրապարակում կազմակերպված բացօթյա գիտափորձերն ու նորարարական սարքավորումների ցուցադրությունները, համալսարանների ու լաբորատորիաների մասնագիտական կողմնորոշման հարթակները և գիտության միջառարկայական ներկայացումը արվեստի ու ֆանտաստիկայի միջոցով։ Ծրագիրն ուղեկցվեց Երևանի և մարզերի դպրոցներում երիտասարդ գիտնականների անցկացրած գիտափորձերով, ինչպես նաև մամուլում գիտահանրամատչելի հոդվածների շարքով։ Այս ակտիվ նախաձեռնությունների ֆոնին, սակայն, առավել քան տեսանելի են դառնում այն համակարգային ռիսկերը, որոնք ի հայտ են գալիս ոլորտի բյուջետային սահմանափակումների և հնարավոր թերֆինանսավորման հետևանքով։ Հոկտեմբերի 1-ին ՀՀ կառավարության հավանությանն արժանացած 2027 թվականի պետական բյուջեի նախագիծը չի արտացոլում հաստատված ռազմավարության նպատակները։ Նախագծով նախատեսվող հատկացումները բավարար չեն ծրագրերի շարունակականությունն ապահովելու և նոր հետազոտությունների մեկնարկի համար։ Հանրայնացման ու կրթաթոշակային ծրագրերը տալիս են իրենց առաջին ակնհայտ արդյունքները, ձևավորելով երիտասարդ գիտնականների նոր սերունդ, մինչդեռ դրամաշնորհային ռեսուրսների անբավարարությունը կարող է հանգեցնել շղթայական ճգնաժամի։ Ֆինանսական անբավարարությունը անխուսափելիորեն հրահրելու է «ուղեղների արտահոսքի» նոր և ավելի վտանգավոր ալիքի։ Իսկ արտերկրում վերապատրաստված, ժամանակակից սարքավորումներով աշխատած և միջազգային հեղինակավոր շտեմարաններում հրապարակումներ ունեցող կադրերն ունեն բարձր մրցունակություն, և դրամաշնորհային ծրագրերի ֆինանսավորման կրճատման դեպքում նրանք արագորեն կլանվելու են արտասահմանյան կենտրոնների կողմից։ Պետությունը կարող է կորցնել այն պատրաստի ներուժը, որի վրա տարիներ շարունակ միջոցներ է ներդրել։ Հայաստանում ձևավորվել է գիտության հանրայնացման որոշակի մեխանիզմ, որն ընդունակ է ապահովելու գիտական սերնդափոխության բնականոն շղթան։ Սակայն այդ հաջողությունը կարող է տալ երկարաժամկետ ռազմավարական արդյունք բացառապես այն դեպքում, երբ այն հենված է գիտության ոլորտի ֆինանսավորման կանխատեսելիության և կայուն աճի վրա։ Թերֆինանսավորումը նման պայմաններում ոչ միայն տնտեսական խնայողություն չէ, այլև բարձր ռիսկային գործոն, որը կասեցնում է երկրի ինովացիոն առաջընթացը և դատարկում գիտական դաշտը մրցունակ մասնագետներից։ Հետևաբար, գիտության բյուջետային պաշտպանվածությունը պետք է դիտարկվի որպես պետականության ամրապնդման և ազգային անվտանգության անխախտ առաջնահերթություն։ Ա.Հ. The post Գիտական կադրերի վերարտադրության մեխանիզմները և բյուջետային սահմանափակումների ազդեցությունը appeared first on Ազգ .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Գիտական կադրերի վերարտադրության մեխանիզմները և բյուջետային սահմանափակումների ազդեցությունը

Comments
No comments yet — be the first to comment.
More from Azg

Շուրջ երեք հազար քվեն ոչ միայն վստահություն է, այլև պատասխանատվություն. Գերասիմ Վարդանյան
Azg / 3 hours ago

«Հեզբոլլահը» վերջին երեք ամիսներին պատրաստվում էր Իսրայելի հետ ռազմական գործողությունների հնարավոր վերսկսմանը. Reuters
Azg / 3 hours ago

Միամտություն կլինի կարծել, որ Ադրբեջանն ու Թուրքիան առանձին են գործում Հայաստանի հետ իրենց ծրագրերում․ Վարուժան Գեղամյան
Azg / 7 hours ago

Հայ հասարակությունը պետք է ներողություն խնդրի այն ադրբեջանցիներից, ովքեր 30 տարի չեն կարողացել վերադառնալ իրենց հայրենիք. Հաջիև
Azg / 8 hours ago
Related coverage

Զբաղվածության ապահովման ծրագիր. նոր հնարավորություններն ու փոփոխությունները
Armenpress / 36 minutes ago

Հայ հասարակությունը պետք է գիտակցի, որ խաղաղությունը կարևոր է ադրբեջանական հասարակության համար
Shant News / 1 hour ago

Նեբենզյան ՄԱԿ-ում պատմել է Ուկրաինայի կողմից ռուս երեխաներին սպառնացող վտանգների մասին
Sputnik Armenia / 2 hours ago

Էրդողանը ճկվում է Ալիևի ճնշման ներքո․ Անկարան կատարում է Բաքվի վերջնագրի պայմանները
Shant News / 2 hours ago