ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի - Sputnik. ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան ուկրաինական հատուկ ծառայություններին մեղադրել է դիվերսիաներ իրականացնելու նպատակով համացանցի միջոցով անչափահաս ռուսաստանցիներին հավաքագրելու համար, ինչպես նաև ուշադրություն է հրավիրել ուկրաինական «Միրոտվորեց» կայքում երեխաների անձնական տվյալների հայտնվելուն: Այս մասին դիվանագետը հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ զինված հակամարտություններում երեխաների պաշտպանությանը նվիրված նիստում:Նեբենզյայի խոսքով՝ ուկրաինական հատուկ ծառայությունները երիտասարդների շրջանում տարածված չաթ-բոտերն ու Telegram մեսենջերն օգտագործում են դեռահասների հետ կապ հաստատելու համար: Դիվանագետը պնդում է, որ հավաքագրողները ծանոթանում են անչափահասների հետ աղջիկների անվան տակ, նրանց ֆիշինգային հղումներ են ուղարկում և խնդրում են տրամադրել բնակելի շենքերի, դպրոցների, առևտրի կենտրոնների ու այլ օբյեկտների աշխարհագրական տեղորոշումը:Նեբենզյան հույս է հայտնել, որ ՄԱԿ-ն այս խնդրին առանձնահատուկ ուշադրություն կդարձնի երեխաների անվտանգության համար թվային տեխնոլոգիաների ռիսկերի ուսումնասիրությանն ուղղված աշխատանքների շրջանակում:Դիվանագետը նաև բարձրացրել է ուկրաինական «Միրոտվորեց» կայքում անչափահասների անձնական տվյալների տեղադրման հարցը: Նրա խոսքով՝ 2021 թվականի վերջի դրությամբ ռեսուրսի բազայում ներառված էին 2-17 տարեկան ս ավելի քան 100 ռուսաստանցի երեխաներ:Նեբենզյան հայտարարել է, որ կայքի հեղինակներն իրենց բազայում ընդգրկված անձանց դասում են «Ուկրաինայի թշնամիների» շարքին, որոնք ենթակա են ոչնչացման: Ընդ որում, ռեսուրսում հրապարակված են ոչ միայն ռուսաստանցի անչափահասների, այլև Բելառուսից, Ուկրաինայից, Ադրբեջանից, Իսրայելից, Ուզբեկստանից, Մոլդովայից և այլ երկրներից երեխաների անձնական տվյալները:Որպես օրինակ դիվանագետը մեջբերել է Լուգանսկի բնակչուհի Ֆաինա Սավենկովայի պատմությունը, որի տվյալները հայտնվել էին «Միրոտվորեցում» 2021 թվականին, երբ նա 12 տարեկան էր: Դա տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ աղջիկը Երեխաների պաշտպանության օրվա առթիվ տեսաուղերձ էր հրապարակել` ՄԱԿ-ի ԱԽ անդամներին կոչ անելով ուշադրություն դարձնել Դոնբասի անչափահասների դրությանը:Բացի այդ, ՌԴ մշտական ներկայացուցիչը արևմտյան երկրներին մեղադրել է զինված հակամարտություններում երեխաների պաշտպանության հարցերը դիտարկելիս երկակի ստանդարտներ կիրառելու մեջ: Մասնավորապես, նա քննադատել է Լատվիայի, Դանիայի և Եվրամիության ներկայացուցիչներին՝ Ռուսաստանի հասցեին ուկրաինացի երեխաների առևանգման և արտաքսման հետ կապված, իր գնահատմամբ, ոչ արժանահավատ մեղադրանքներ տարածելու համար:Ուկրաինական «Միրոտվորեց» կայքը հայտնի է մարդկանց անձնական տվյալների հրապարակմամբ, որոնց ռեսուրսի հիմնադիրները համարում են Ուկրաինայի հակառակորդներ: Կայքի բազայում տեղադրվել են տեղեկություններ լրագրողների, ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ներկայացուցիչների, ռուսաստանցի մշակութային գործիչների, այլ պետությունների քաղաքացիների, ինչպես նաև անչափահասների վերաբերյալ: