2026 թվականի հոկտեմբերի 17-ից 22-ը Տեներիֆե եւ Լա Պալմա կղզիներում տեղի ունեցավ ութերորդ Starmus փառատոնը, որի կարգախոսն էր Ճշմարտության որոնումը (The Search for Truth): Հիմնադրումից 15 տարի անց գիտությունն ու արվեստը միավորող այս բացառիկ փառատոնը վերադարձավ ծննդավայր . առաջին Starmus փառատոնը կայացել էր Տեներիֆեում եւ Լա Պալմայում 2001 թվականին: Starmus VIII փառատոնի մեկնարկից առաջ նրա հիմնադիրները՝ Queen խմբի կիթառահար Բրայան Մեյը եւ աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը, մեկնաբանել էին կարգախոսի ընտրությունը: Բրայան Մեյը, մասնավորապես, ասել էր. Գիտությունն այս պահին սպառնալիքի տակ է: Ճշմարտությունն էլ է սպառնալիքի տակ: Եվ շատ շուտով մեզ համար շատ դժվար կլինի իմանալ, թե որն է ճշմարտությունը: Սա է Starmus-ի հաջորդ թեման՝ ճշմարտության որոնումը: Ինչպե՞ս ենք որոշում, թե ինչ է ճշմարտությունը: Ինչպե՞ս ենք այն գտնում: Ինչպե՞ս ենք խոսում դրա մասին : Հոկտեմբերի 17-ին կայացավ փառատոնի բացման Symphony of the Stars համերգը, որի հիմնական դերակատարներն էին Բրայան Մեյը, իտալացի տենոր Անդրեա Բոչելին եւ անգլիացի սոպրանո Սառա Բրայթմանը: Նախքան բուն համերգի մեկնարկը կայացավ նաեւ 10 տարի առաջ հիմնադրված Սթիվեն Հոքինգի անվան մեդալի շնորհման արարողությունը: Մեդալին արժանանում են մարդիկ, որոնք հանրահռչակում են գիտությունը՝ ամենատարբեր եղանակներով: Ավելի վաղ այս տարի Գարիկ Իսրայելյանն ու Բրայան Մեյը Սթիվեն Հոքինգի անվան մեդալը շնորհել էին ամերիկացի կինոռեժիսոր Ռիդլի Սքոթին ու բրիտանացի ֆիզիկոս Բրայան Քոքսին: Հոկտեմբերի 17-ին Տեներիֆեում մեդալին արժանացան ս.թ. ապրիլին Լուսնի շուրջ տասնօրյա թռիչք կատարած Artemis II առաքելության չորս անդամներից երեքը՝ NASA-ի տիեզերագնաց, տիեզերանավի հրամանատար Ռիդ Ուայզմանը, NASA-ի տիեզերագնաց Վիկտոր Գլովերը եւ Կանադական տիեզերական գործակալության տիեզերագնաց Ջերեմի Հանսենը: Մրցանակները նրանց հանձնեց Starmus-ի երկարամյա բարեկամ եւ աջակից, տիեզերագնաց, Միջազգային տիեզերակայանի նախկին հրամանատար Քրիս Հեդֆիլդը: Ռիդ Ուայզմանն ասաց, որ երբ Լուսնից նայում ես Երկրին, որն այնտեղից բթամատի չափ է երևում, ուզում ես սիրո, խաղաղության, հույսի և միասնության կոչ անել : Ջերեմի Հանսենն էլ նշեց, որ երբ Երկիրը տեսնում ես Լուսնի հեռավորությունից, առաջին միտքը սա է՝ ի՞նչ ենք մենք անում այդ կապույտ կետի վրա ։ Վիկտոր Գլովերը փոխանցեց անձնակազմի չորրորդ անդամի՝ Քրիստինա Քոքի ողջույնները։ Վերջինս չէր կարողացել Տեներիֆե ժամանել զբաղվածության պատճառով. նոյեմբերի 1-ից նա դառնալու է NASA-ի գլխավոր ինժեների տեղակալի պաշտոնակատար։ Գովասանքի խոսքեր ասելով Starmus-ի հիմքում կանգնած տեսլական ունեցող մարդկանց հասցեին, Գլովերը մեջբերեց Օտտավայում՝ Կանադայի խորհրդարանի շենքում, փորագրված արտահայտությունը. Որտեղ տեսլական չկա, ժողովուրդը կործանվում է ։ Գարիկ Իսրայելյանը խոստովանում է, որ STARMUS-ը շատ ավելի մեծ երեւույթ դարձավ, քան մենք երբեւէ պատկերացնում էինք ։ Տարիների ընթացքում Սթիվեն Հոքինգի անվան մեդալը դարձավ գիտական հաղորդակցության Օսկար եւ պատվեց նրանց, ովքեր ամենաբարձր մակարդակով գիտելիք եւ ոգեշնչում են պարգեւում հասարակությանը , - նշեց նա: Ինչպես միշտ, այս անգամ եւս Starmus փառատոնի բոլոր օրերին գործում էր գիտական ճամբարը : Սանտա Կռուզ քաղաքի կենտրոնական հրապարակում տեղակայված ճամբարի այցելուները հանդիպում էին Starmus-ի խոսնակներին, դասախոսություններ էին լսում, իսկ երեկոյան հավաքվում էին համերգներ վայելելու: Starmus-ը պարզապես փառատոն չէ: Այն հարթակ է գիտությունը պաշտպանելու, քննական մտածողությունը խթանելու եւ հեղինակավոր ու պատասխանատվությամբ խոսող ձայները միավորելու համար: Եթե ուզում ենք պաշտպանել գիտությունը, ճշմարտությունը եւ կյանքը Երկրի վրա, մեզ անհրաժեշտ են հզոր գործընկերներ (հաստատություններ, լրատվամիջոցներ, կրթողներ), որոնք պատրաստ են լրջորեն զբաղվել սրանով , - ասում է Գարիկ Իսրայելյանը: Առաջիկա օրերին ձեզ կպատմեմ Starmus VIII փառատոնի հետաքրքիր դրվագների եւ մասնակիցների մասին: Արա Թադեւոսյան (Տեներիֆե-Երեւան) Mediamax.am կայքում Starmus VIII փառատոնի լուսաբանման բացառիկ գործընկերը Dexatel ընկերությունն է: Dexatel -ը բիզնեսներին հնարավորություն է տալիս տարբեր հաղորդակցման ալիքները կառավարել մեկ միասնական հարթակից։ Ընկերության գործունեության եւ առաջիկա ծրագրերի մասին կարող եք տեղեկանալ՝ ընթերցելով Dexatel-ի համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Լիլիա Եղիազարյանի հարցազրույցը. https://banks.am/am/news/interviews/31370 :
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
«Աստղերի սիմֆոնիան» եւ «ճշմարտության որոնումը» Տեներիֆեում
Comments
No comments yet — be the first to comment.
More from Mediamax

«Խաղաղության պայմանագիրը պետք է իրական օգուտ բերի Երեւանին եւ Բաքվին»
Mediamax / 3 hours ago

«Мирный договор должен принести реальную пользу Армении и Азербайджану»
Mediamax / 3 hours ago

"Peace treaty must bring tangible benefits to Armenia and Azerbaijan”
Mediamax / 3 hours ago

Ադրբեջանը մեղադրել է Իրանի կրթության նախարարին իր գործերին միջամտելու համար
Mediamax / 5 hours ago
Related coverage

Համայնքապետ Ասլան Ավետիսյանը ագրեսիվ էր, ասաց՝ ինձ դատի է տալու, հորդորեց ապամոնտաժել խաղահրապարակը
Pastinfo / 1 hour ago

Համայնքապետն ինձ ասաց՝ գնա՛ և հենց հիմա ապամոնտաժիր նոր խաղերը, հետո կգաս, կխոսենք
24TV / 24News / 1 hour ago

Պետությունը հայրենիքից առանձնացնելը վտանգավոր հետևանքներ կունենա. Լարիսա Ալավերդյան
Sputnik Armenia / 1 hour ago

ՏԻՄ ընտրություններ. եզդիաբնակ Շամիրամի 30 տարվա համայնքապետը կշարունակի պաշտոնավարել
Public Radio of Armenia / 1 hour ago