Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը մեկնաբանել է խաղաղության համաձայնագրի շուրջ աշխատանքների ավարտի վերաբերյալ Հայաստանից հնչող տարբեր հայտարարությունները։ Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենի հետ համատեղ մամուլի ասուլիսում ադրբեջանցի նախարարը նշել է, որ Բաքուն ուշադիր հետևում է այդ հայտարարություններին և հաշվի է առնում դրանք։ Ադրբեջանը ցուցադրեց իր բարի կամքը Վաշինգտոնի պատմական գագաթնաժողովում։ Մեր երկիրը նաև միակողմանի քայլեր է ձեռնարկում, որպեսզի բոլորը տեսնեն խաղաղության գործընթացի շոշափելի արդյունքները։ Սակայն Հայաստանն ունի ներքին խնդիրներ։ Մենք հետևում ենք գործընթացին։ Հայ հասարակությունը պետք է ընդունի և հասկանա, որ խաղաղությունը կարևոր հարց է ինչպես իր, այնպես էլ ադրբեջանական հասարակության համար , հայտարարել է Բայրամովը։ Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարը, իր հերթին, հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում երկու երկրներն էլ պետք է պրագմատիկ քայլեր ձեռնարկեն։ Նախարարը նշել է, որ Նիդեռլանդներն աջակցում է վստահության կառուցմանն այս ոլորտում։ Երկարատև խաղաղության հասնելը կբացի նոր տնտեսական հնարավորություններ տարածաշրջանում , նշել է նա։