ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. ԱՄՆ վարչակազմը Իսրայելին հայտնել է, որ ամերիկացի զինվորականները դեռ պատրաստ չեն Իրանի ուղղությամբ հարվածների վերսկսմանը, նրանց ավելի շատ ժամանակ է հարկավոր նախապատրաստվելու համար: Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։Ըստ լրատվամիջոցի` Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն փորձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին համոզել, որ Իրանի դեմ համատեղ գործողություն իրականացնեն Քնեսեթի ընտրություններից առաջ, սակայն ԱՄՆ առաջնորդը չի ողջունել այդ առաջարկը։Աղբյուրի խոսքով՝ մերժման պատճառներից մեկը եղել է այն, որ ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրը ԱՄՆ շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Դեն Քեյնին ասել է, որ հարվածները կարող են հանգեցնել Քնեսեթի` հոկտեմբերի 27-ին նախատեսված ընտրությունների հետաձգմանը:Միաժամանակ, ինչպես նշում է հեռուստաալիքը, Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ գործողության պլաններն արդեն պատրաստ են։ Դրանք կարող են իրականացվել նոյեմբերի 3-ին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններից հետո։Ըստ CNN-ի աղբյուրներից մեկի` Իսրայելը, ըստ երևույթին, համաձայնել է հետաձգել Իրանի ուղղությամբ հարվածները մասամբ այն պատճառով, որ հակահրթիռային պաշտպանության ոլորտում ԱՄՆ-ի աջակցության կարիքն ունի:Ավելի վաղ Նեթանյահուն հայտարարել էր, թե իբր Իրանը կարող է փորձել հարված հասցնել Իսրայելին՝ Քնեսեթի ընտրությունները խափանելու նպատակով: Նա նշել էր, որ Իրանի հարձակման դեպքում Իսրայելը կպատասխանի շատ ավելի հզոր հարվածներով։Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։ Իրանցի զինվորականները սկսեցին հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գտնվող ամերիկյան ռազմակայաններին։ Հակամարտությունը մինչ այս պահը չի կարգավորվել։