ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունում հոկտեմբերի 25-ին 21 համայնքում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների ընթացքում ՀՀ ներքին գործերի նախարարությունում ստացվել է 54 ահազանգ։ Տեղեկությունը ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։Շեշտեց` մոնիտորինգ են արել և հիմա էլ անում են նաև ԶԼՄ–ներում հրապարակված բոլոր նյութերը, հաղորդագրությունները։Նախարարն ընդգծեց` ահազանգերը եղել են և՛ անհատ քաղաքացիներից, և՛ ընդդիմությունից, և՛ իշխանությունից, ինչպես նաև ԶԼՄ–ներից, դիտորդներից ու վստահված անձանցից։Արփինե Սարգսյանը հայտնեց նաև, որ ՏԻՄ ընտրություններից առաջ խախտումների մասին ահազանգ է ստացվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի էլեկտրոնային հասցեին ստացված հաղորդագրություններից մեկով։ Ստուգել են, քննչական մարմինների հետ համապատասխան ընթացակարգ են նախաձեռնել, բայց դեպքը դեռևս չեն հանրայնացնում։Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25–ին ՏԻՄ ընտրություններ կայացան ՀՀ 21 համայնքում։