«Անկախ դիտորդ» դաշինքը դիտարկել է հոկտեմբերի 25-ին կայացած ՏԻՄ ընտրությունների քվեարկության ընթացքը և մշակված ընտրանքի հիման վրա շարունակել է դիտարկել շուրջ 80 տեղամասերում ձայների հաշվարկը, ինչպես նաև այս ընտրությունները սպասարկող բոլոր 15 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում քվեարկության արդյունքների աղյուսակավորումը։ «Դաշինքի հաղորդագրությունը՝ ստորև․ Ժամը 19։30-ի դրությամբ դիտորդներն այցելել են 517 տեղամասերից 509-ը, որոնց մեծ մասը 2 կամ 3 անգամ։ Գրեթե բոլոր այցելած տեղամասերում ներկա են եղել մեկից ավել կուսակցությունների վստահված անձինք, որոնք ներկայացնում են մրցակցող կուսակցությունների շահերը, բացառությամբ 4 համայնքների, որոնցում առաջադրված է միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Մինչդեռ օրվա ընթացքում դիտորդներն առավելապես դրական են գնահատել հանձնաժողվների պատրաստվածությունը և կարգապահությունը, հենց ցածր կարգապահությամբ տեղամասերից հարաբերականորեն ավելի շատ խախտումներ են արձանագրվել։ – Կազմվել է 3 դիմում ԿԸՀ-ին՝ դրոշմանիշերի որակի, քվեարկության օրը քարոզչության և վարչական ռեսուրսի չարաշահման վերաբերյալ։ – Կատարվել է 13 զանգ ԸԸՀ-ներին՝ հարցերի օպերատիվ լուծման նպատակով։ – Կազմվել է հանցանքի մասին 10 հաղորդում քվեարկության գաղտնիությունը խախտելու մասին։ – Կազմվել է հանցանքի մասին 3 հաղորդում այլ անձի օգտին քվեարկելու մասին։ – Կազմվել է հանցանքի մասին 1 հաղորդում դիտորդի իրավունքների իրականացումը խոչընդոտելու դեպքով։ – Կազմվել է 1 դիմում ՀՀ ՆԳՆ Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությանը՝ ոստիկանի գործողությունների վերաբերյալ ծառայողական վարույթ սկսելու վերաբերյալ։ Թվով 209 խախտում է արձանագրվել 135 տեղամասերում հետևյալ համամասնությամբ՝ Ընթացակարգային խախտում` 28,17% Քվեարկության գաղտնիության խախտում` 23,24% Գտնվելու իրավունքի կամ լիազորությունների խախտում` 21,13% Ընտրողների ապօրինի վերահսկողություն` 8,45% Քարոզչություն` 7,75% Կոնֆլիկտային իրավիճակ` 7,75% Ընտրողների ցուցակների հետ կապված խնդիրներ` 2,11% Ընտրակեղծիք` 1,41% Խախտումները վերացվել են հանձնաժողովի կողմից դեպքերի 65%-ում։ Միաժամանակ առանձին դեպքերում խախտումը ոչ միայն չի վերացվել, այլ չէր կարող վերացվել ընտրողների ուղղորդման, բաց քվեարկության, դիտորդների իրավունքների խախտումների դեպքերում։ Մասնավորապես՝ Եղեգնաձորում 36/13 տեղամասի դիտորդը արձանագրել է նույն կուսակցության 3 վստահված անձանց միաժամանակյա ներկայությունը, նկարահանել է իրավիճակը, ինչից հետո վստահված անձինք իր հետ վեճի են բռնվել, հանձնաժողովի նախագահը հրել է տեսախցիկը, փորձել արգելել նկարահանումը։ Խախտումը արձանագրած դիտորդին սադրիչ են անվանել և փորձել արգելել գրանցամատյանում կարծիքն արձանագրելը։ Այս դեպքի վերաբերյալ առաքելությունը հաղորդում է ներկայացրել։ 34/15 և 12/32 տեղամասերում օգնող անձը անմիջապես քվեարկել է ընտրողի փոխարեն, այսինքն ընտրողը նույնիսկ քվեախցիկին մոտ չի եղել։ Ընդհանուր առմամբ արձանագրենք, որ օգնությամբ քվեարկության ինստիտուտը երբեմն չարաշահվում է՝ փաստացի այլ անձի փոխարեն քվեարկության կամ վերահսկվող քվեարկության համար։ Դաշինքը համեմատելու է այս ՏԻՄ ընտրություններին և ԱԺ ընտրություններին նույն համայնքներում օգնությամբ քվեարկության ցուցանիշները և հետամուտ է լինելու այսպիսի քողարկված վերահսկողության դեպքերը բացահայտելուն։ Օգնելու ինստիտուտը պետք է ծառայի դրա կարիքն ունեցողին, ոչ թե այլ անձի ընտրական իրավունքը ոտնահարողին։ Ախուրյանի 35/05 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամներից մեկը քվեատուփի հետևում գտնվող ընտրողին ասել է`«Քո ուզածը ընտրի․ 14-ը ընտրի, էնի գցի»։ Կնոջ և հանձնաժողովի նախագահի հետ բանակցելու արդյունքում կինը պնդեց, որ կատակ է արել։ Նշենք, որ նման դեպք արձանագրվել է նաև Վարդենիս համայնքի Գեղամասար գյուղում։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վստահված անձը մի քանի ընտրողի՝ «կարգը բացատրելու» պատրվակով հորդորել է «14-ը ընտրել, իսկ «դեմ եմ» քվեաթերթիկը՝ գցել»։ Այս դեպքի առիթով նույնպես հաղորդում է տրվել։ 25/15 տեղամասում ընտրողը քվեախցիկից դուրս է բերել ծալված քվեաթերթիկ՝ առանց ծրարի մեջ դնելու։ ԸԸՀ-ի հետ համաձայնեցնելուց հետո հանձնաժողովը մարել է քվեաթերթիկը, ոստիկանի կողմից վերցվել է կտրոնը և կազմվել է արձանագրություն։ Ընտրողին այլևս թույլ չեն տվել քվեարկել, ինչը հանիսանում է ընտրողի իրավունքների կոպիտ խախտում։ Այստեղ առկա չէր ակներև հանցավոր մտադրություն և ընտրողը պիտի վերադառնար քվեարկության խցիկ, գուցե ստանար բոլոր քվեաթերթիկների նոր փաթեթ ու ծրար և գաղտնիությունը պահպանելով քվեաթերթիկը դներ ծրարի մեջ։ Մեկից ավել վստահված անձանց ներկայություն նույն տեղամասում հաճախ է նկատվել՝ օրինակ 12/31, 21/25, 25/16 տեղամասերում նրանք կամ տեղամասի ներսում են եղել կամ շրջակայքում։ Օրինակ 34/4 տեղամասում «Ապրելու քվե» դաշինքի երկու ներկայացուցիչ է ներկա եղել, իսկ Արթիկում ՝ գրեթե բոլոր 33 տեղամասերում, հիմնականում երկու վստահված անձինք են եղել։ Վստահված անձանց կողմից նաև ուղղորդումներ են նկատվել 21/77, 21/41, 12/04 և 32/05 տեղամասերում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից։ Օրինակ՝ հանձնաժողովի անդամը ուղղորդել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին՝ «քվեարկում ես ՔՊ, մնացածը դնում մի կողմ» արտահայտությամբ։ Ընտրողների ուղղորդման կամ հնարավոր ուղղորդման դեպքերը մտահոգիչ են, և պետք է գնահատել դրանց ազդեցությունը արդյունքների վրա, ինչպես նաև արձանագրել, որ խախտումների մեծ մասը կապ են ունեցել հանձնաժողովների անդամների և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վստահված անձանց հետ։ Իրենք են եղել առավել տեսանելի»,- նշված է հաղորդագրության մեջ։ Դաշինքը նշում է, որ հոկտեմբերի 26-ի առավոտյան ներկայացնելու է ընտրությունների վերաբերյալ նախնական գնահատականը, սակայն այժմ արձանագրում է, որ քվեարկությունն ընդհանուր առմամբ անցել է հանգիստ միջավայրում։ The post 135 ընտրատեղամասերում արձանագրվել է 209 խախտում․ «Անկախ դիտորդ»-ը ներկայացրել է խախտումների տեսակներն ու դրանց համամասնությունը appeared first on Infocom .