Շիրակի մարզի չորս համայնքներում այս տարի տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Հոկտեմբերի 25-ին ընտրություններ են նշանակված Արթիկում և Ախուրյանում, նոյեմբերի 29-ին՝ Ամասիայում և Աշոցքում։ Արթիկում պայքարի մեջ է քաղաքական չորս ուժ, իսկ Ախուրյանում առաջադրվել է միայն իշխող «Քաղաքացիական պայմանագիրը»։ Ովքե՞ր են համայնքապետի թեկնածուները, ինչպիսի՞ քաղաքական անցյալ ունեն նրանք, և ի՞նչ ուշագրավ դրվագներ կան գործող համայնքապետերի գործունեության մեջ․ ուսումնասիրել է Factor․am -ը։ Արթիկ համայնք Արթիկի ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար հայտ են ներկայացրել «Ազատ դեմոկրատներ», «Ապրելու երկիր», «Հայրենիք» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։ Համայնքն ունի 30,625 ընտրող։ «Ազատ դեմոկրատներ»-ի առաջին համարը և համայնքապետի թեկնածուն Մխիթար Վարագյանն է։ Նա 2016-2021 թվականներին ղեկավարել է Արթիկը։ Մինչ այդ՝ 2003-2007 թվականներին, Վարագյանն ԱԺ պատգամավոր է եղել: ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է եղել, անկուսակցական։ Անդամակցել է «Ժողովրդական պատգամավոր» խմբակցությանը, որում հիմնականում Հայաստանի հանրապետական կուսակցության անդամներ են ընդգրկված եղել։ Խմբակցության կամ պատգամավորական խմբի ղեկավարը Կարեն Կարապետյանն էր՝ գործարար Սամվել Կարապետյանի եղբայրը։ «Ապրելու երկիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին համարը Արթուր Աստոյանն է։ Նախորդ ընտրությունների արդյունքներով նա ընդգրկվել է Արթիկ համայնքի ավագանու կազմում, «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավարն է։ 2023 թ․ ապրիլի 22-ին ընտրվել է «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ։ «Հայրենիք»-ի համայնքի ղեկավարի թեկնածուն էլ պատահական մարդ չէ։ 2018-ի մայիսին Լևոն Վահրադյանը մոտ 5 ամիս զբաղեցրել է սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնը։ 2018 թվականին մասնակցել է խորհրդարանական ընտրություններին ԲՀԿ ցուցակով: Վահրադյանը 2006-2010 թվականներին դասախոսել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում, եղել է ՀՀ բասկետբոլի պատանիների հավաքական թիմի ավագ մարզիչ: ՔՊ-ի թեկնածուն Արթիկի գործող ղեկավար Անանիկ Ոսկանյանն է։ 2021-ի ընտրություններից հետո ՔՊ-ն և «Ազատական» կուսակցությունը համագործակցության հուշագիր են ստորագրել՝ Ոսկանյանին առաջադրելով համայնքի ղեկավարի միասնական թեկնածու։ 2026 թվականի օգոստոսին Անանիկ Ոսկանյանն ընտրվել է ՔՊ Արթիկի տարածքային խորհրդի կազմում։ 2026-ի խորհրդարանական ընտրությունների ընթացքում լրատվամիջոցներում հրապարակումներ են եղել այն մասին, որ Արթիկում վարչական ռեսուրս է չարաշահվել։ Մասնավորապես, եղել է պնդում, թե մանկապարտեզներից ընտրողների ցուցակներ են պահանջվել, ինչպես նաև ներկայացվել են համայնքապետարանի աշխատակիցների՝ ՔՊ քարոզարշավին մասնակցելու վերաբերյալ նյութեր։ 2026-ի ընտրությունների վերաբերյալ ՍԴ որոշման մեջ նշվում է, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը տեղական մակարդակում վարչական ռեսուրսի համակարգային չարաշահում չէր արձանագրել, թեև ստացել էր նաև հաղորդումներ իշխող ուժի միջոցառումներին մասնակցելու նպատակով ընտրողների նկատմամբ ճնշումների մասին։ 2025 թվականին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Ոսկանյանի նկատմամբ 300 հազար դրամի վարչական տույժ էր կիրառել։ Infocom-ի ուսումնասիրությունից հետո ԿԿՀ-ն պարզել էր, որ Անանիկ Ոսկանյանը համայնքային գնումների շրջանակում կնքել է պայմանագրեր փոխկապակցված անձի հետ գործնական հարաբերություններ ունեցող անձի ընկերության հետ՝ առանց շահերի բախման հանգամանքի մասին հանձնաժողովին տեղեկացնելու։ Ախուրյան համայնք Ախուրյան համայնքի ընտրություններին մասնակցելու է միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Համայնքի ղեկավարի թեկնածուն գործող համայնքապետ Զավեն Մանուկյանն է։ Համայնքն ունի 24,924 ընտրող։ 2021 թ. դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններին Մանուկյանը ՔՊ ցուցակի երկրորդ համարն էր՝ Ալբերտ Այվազյանից հետո։ Դրանց արդյունքում համայնքապետ դարձավ «Ախուրյան» և «Հաղթանակ» ուժերի աջակցությունը ստացած Արծրունի Իգիթյանը։ 2023-ի հուլիսին Իգիթյանը հրաժարական ներկայացրեց՝ որպես պատճառ նշելով առողջական վիճակը։ Դրանից հետո ՔՊ խմբակցությունը համայնքապետի թեկնածու առաջադրեց Զավեն Մանուկյանին։ 2025 թ. ապրիլի 8-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Զավեն Մանուկյանի նկատմամբ կիրառել է 300,000 դրամ վարչական տույժ։ Գործը կապված էր Ախուրյանի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Մարտիկ Մաթոսյանի հետ փոխկապակցված «Սմարթվեյվ» ընկերության և համայնքի միջև կնքված պայմանագրի հետ։ ԿԿՀ-ն եզրակացրել էր, որ Մանուկյանը չի կատարել շահերի բախման հնարավոր իրավիճակի դեպքում օրենքով նախատեսված գործողությունները և համապատասխան հայտարարություն չի ներկայացրել ԿԿՀ-ին։ Նրա ներկայացուցիչները վարույթի ընթացքում ասել էին, որ Մանուկյանը պայմանագիրը կնքելիս առաջնորդվել է «Գնումների մասին» օրենքով և չի իմացել, որ ընկերության սեփականատերը Մարտիկ Մաթոսյանն է։ 2026 թ. օգոստոսին Infocom-ը պաշտոնյաների հայտարարագրերի ուսումնասիրության շրջանակում անդրադարձել է նաև Մանուկյանին։ Ըստ այդ հաշվարկի՝ նրա հայտարարագրված եկամուտներն ու դրամական միջոցները չեն համադրվել ավելի քան 3.5 մլն դրամի հաշվարկված ծախսերի հետ։ Լրատվամիջոցը հարցում է ուղարկել նրան։ Համայնքապետարանի աշխատակազմի ղեկավարը պատասխանել է, որ Մանուկյանը դիտել է հաշվարկները, սակայն չի հասկացել, թե ինչպես է այդ անճշտությունն առաջացել։ Նոյեմբերի 29-ին ՏԻՄ ընտրություններ են նշանակված Ամասիայում։ Բոլոր թեկնածուների անունները դեռ հայտնի չեն։ Ամասիան 5751 ընտրող ունի։ Համայնքը 2016 թվականից ղեկավարում է Ջեմմա Հարությունյանը։ Նա այս տարի ընտրություններին մասնակցելու է ՔՊ-ի ցուցակով, կուսակցությանը անդամակցելու դիմում է ներկայացրել։ 76-ամյա համայնքապետն այսօր պաշտոնական աղբյուրներում ներկայացվում է որպես անկուսակցական, իսկ 2017 թվականի ԱԺ ընտրություններում նրա անունը եղել է ՀՀԿ-ի համապետական ցուցակում՝ 181-րդ համարով։ Նա առաջադրված էր նաև Շիրակի թիվ 11 տարածքային ընտրական ցուցակով։ 2021-ի ՏԻՄ ընտրություններին Հարությունյանը մասնակցել է ոչ թե ՀՀԿ-ից, այլ գլխավորել է «Ամասիա-Արփի» դաշինքը, որը կազմված էր «Ազատություն» և «Համերաշխություն» կուսակցություններից։ Նույն «Համերաշխություն» կուսակցությունն առաջիկա ընտրություններին ընդառաջ Արմավիրում դաշինք է կազմել «Առաջ» աջակենտրոն կուսակցության հետ, որի ղեկավար Սևակ Խաչատրյանն այժմ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայատան» խմբակցության պատգամավոր է։ Շիրակի մարզի Աշոցք խոշորացված համայնքն էլ 2018-ից ղեկավարում է Կարեն Մանուկյանը։ Նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։ 2018 թ. նոյեմբերին Աշոցքի այն ժամանակվա համայնքապետ Արթուր Ալոյանի հրաժարականից հետո Մանուկյանը նշանակվել է Աշոցքի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար։ Մինչ այդ նա Աշոցքում եղել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համակարգող։ Մամուլում հրապարակումներ կան այն մասին, որ Մանուկյանը Շիրակի նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանի մտերիմ ընկերն է։ Համայնքը 8900 ընտրող ունի։ Շիրակի մյուս համայնքներում իրավիճակն այլ է։ 2025 թ.-ի մարտի 30-ի ՏԻՄ արտահերթ ընտրություններին Վարդան Ղուկասյանը Հայաստանի կոմունիստական կուսակցության ցուցակով մասնակցել է ընտրություններին, ավագանու անդրանիկ նիստին։ Ավագանու ընդդիմադիր անդամների 18 կողմ, 0 դեմ քվեարկությամբ ընտրվել է Գյումրի համայնքի համայնքապետ։ Փաստացի, որևէ կուսակցության չի անդամակցում։ Մարտի 30-ի արտահերթ ընտրություններում նրա գլխավորած ցուցակը ստացել էր 9,727 ձայն՝ մոտ 20.5% և 8 մանդատ։ Նույն ընտրություններին ՔՊ-ն ստացել էր ավելի շատ՝ 36.2%, բայց որևէ ուժ մեծամասնություն չուներ։ Ապրիլի 16-ին Ղուկասյանն ավագանու 18 անդամի ձայնով ընտրվեց համայնքի ղեկավար՝ ստանալով նաև «Մեր քաղաքը», «Իմ հզոր համայնքը» և «Մայր Հայաստան» ուժերի աջակցությունը։ 2025 թ. հոկտեմբերից նրա պաշտոնավարումը կասեցված է, ինքը՝ Ղուկասյանը, տնային կալանքի տակ։ Հակակոռուպցիոն մարմինների վարույթով նրան մեղադրանք է ներկայացվել ենթադրյալ կաշառքի գործով և ոչ միայն։ Ըստ մեղադրանքի՝ խոսքը գործարարից 4 մլն դրամ պահանջելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մասին է։ Ղուկասյանի պաշտպանական կողմը մեղադրանքները վիճարկում է։ 2026-ի հուլիսին շուրջ ինն ամիս կալանքի տակ գտնվելուց հետո դատարանը կալանքը փոխարինել է 3 ամսվա տնային կալանքով, 15 մլն դրամ գրավով և բացակայելու արգելքով։ Գյումրիի համայնքի ղեկավարի պարտականությունները փաստացի կատարում է փոխքաղաքապետ, Ղուկասյանի փեսա Ավետիս Առաքելյանը։ Նախկինում Վարդան Ղուկասյանը եղել է ՀՀԿ անդամ, իսկ 2017-ին խորհրդարան է անցել «Ծառուկյան» դաշինքով։ Այնուհետև 2018-ի ընտրություններով պատգամավոր է ընտրվել արդեն ԲՀԿ ցուցակով։ 2023 թվականի մարտի 26-ին ընտրություններ են եղել Անի համայնքում, ՔՊ-ն ստացել է ձայների 52,49%-ը և ավագանու 21 մանդատներից 11-ը։ Համայնքի ղեկավար է ընտրել նախկինում ղեկավարի պարտականությունները կատարող Արման Սարիբեկյանը։ 2022-ի սեպտեմբերին, երբ նա առաջին անգամ գլխավորում էր ՔՊ-ի Անիի ցուցակը, «Հայկական ժամանակին» ասել էր, որ ՔՊ անդամ չէ, բայց իր եղբայրն ու ընկերներից մի քանիսը կուսակցության անդամներ են եղել։ Ներկայում նա նույնպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։ 2025-ի հոկտեմբերին Սարիբեկյանի գլխավորած համայնքային պատվիրակությունը աշխատանքային այցով մեկնել էր Բուլղարիա՝ Նովի Պազարի հետ համագործակցության համաձայնագիր կնքելու համար։ Սոֆիայի օդանավակայանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ մամուլում «դիվանագիտական սկանդալի» մասին հրապարակումներ եղան, սակայն Անիի համայնքապետարանն այն բնութագրեց որպես «թյուրիմացություն», իսկ ԱԳՆ-ն հայտարարեց, որ տեղեկացված է միջադեպից։ Օդանավակայանում սահմանային ոստիկանները պատվիրակության անդամներին տարել են ծառայողական սենյակներ, մանրամասն զննել նրանց և ուղեբեռը, հարցաքննել մոտ 2,5 ժամ և նրանց վերաբերվել որպես հնարավոր անօրինական միգրանտների։ Բուլղարացի պատգամավորներն ավելի ուշ խորհրդարանում պնդել են նաև, որ պատվիրակության անդամներին ստիպել են ամբողջությամբ մերկանալ զննության համար։ Սակայն Բուլղարիայի ներքին գործերի նախարար Դանիել Միտովը հոկտեմբերի 10-ին խորհրդարանում այլ վարկած է ներկայացրել։ Նրա խոսքով՝ ներքին ստուգման և տեսագրությունների ուսումնասիրության արդյունքում չի հաստատվել, որ հայ պատվիրակներին ստիպել են հանել հագուստը։ Նա ասել է, որ զննումները կատարվել են առանձին սենյակներում, նույն սեռի ոստիկանների կողմից։ Պատվիրակները սահմանային անցակետում, ըստ նախարարի, չեն կարողացել ներկայացնել այցի նպատակը և ժամկետը լիարժեք հաստատող փաստաթղթեր, նրանցից ոչ մեկի համար համակարգում գրանցված չի եղել Սոֆիա-Երևան վերադարձի տոմս, իսկ ներկայացված հյուրանոցի ամրագրուման մեջ հստակ նշված չեն եղել մուտքի և ելքի ամսաթվերը։ Սահմանապահները փորձել են կապվել հյուրանոցի հետ, բայց չեն կարողացել։ Եվգենյա Համբարձումյան
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Արթիկում՝ 4 ուժ, Ախուրյանում՝ միայն ՔՊ-ն․ Շիրակի համայնքները՝ ընտրություններից առաջ

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

ԴԻՏԵ՛Ք FACTOR TV-Ի ԲԱՆԱՎԵՃԸ՝21:00-ԻՆ
Factor.am / 5 minutes ago

Հայտնի է ՀՖՖ արտահերթ ժողովի անցկացման օրը
Factor.am / 8 minutes ago

Տիգրան Հակոբյանն ընտրվել է «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ
Factor.am / 26 minutes ago

Մոսկվայի բոլոր օդանավակայանները փակվել են․Շերեմետևոյում օդային տագնապ է հայտարարվել
Factor.am / 31 minutes ago
Related coverage

Եթե առաջ հետապնդում էին ընտրությունը հաղթելուց հետո, ապա այսօր չեն սպասում՝ ընտրությանը․ Աբրահամյան
168 Jham / 5 minutes ago

Ռուսաստանը շատ շուտով գալու է գազի գնի հետևից․ Նարեկ Կարապետյան
Aravot / 9 minutes ago

Իշխանությունը փորձելու է արագ գնալ արտահերթ ընտրությունների․Նարեկ Կարապետյան
Aravot / 10 minutes ago

Փաշինյանը թող գնա արտահերթի, իսկ ընդդիմությունն իր հետ գործարքի չի գնա. Սարգսյան
24TV / 24News / 12 minutes ago