Ամենօրյա անձրևները, չափազանց խոնավ հողը և աշխատուժի պակասը դժվարացնում են կարտոֆիլի բերքահավաքը Ախալքալաքի մունիցիպալիտետում։ Եղանակային պայմանների վատթարացման ֆոնին ֆերմերները ստիպված են մրցակցել աշխատողների համար, իսկ նրանց ծառայությունների արժեքը կարճ ժամանակում օրը 80 լարիից հասել է 150-160 լարիի։ Միևնույն ժամանակ, կարտոֆիլի գնման գինը շարունակում է ցածր մնալ, և գյուղատնտեսական արտադրողներից շատերը կասկածում են, որ կկարողանան փակել իրենց ծախսերը։ Ախալքալաքի մունիցիպալիտետում կարտոֆիլի բերքահավաքը շարունակվում է, սակայն եղանակային պայմանները խանգարում են աշխատանքների բնականոն ընթացքին։ Գրեթե ամեն օր անձրև է գալիս, հողը մնում է խոնավ, և տեխնիկայի համար դժվար է դաշտում աշխատելը։ Այնուամենայնիվ, ֆերմերներն այլևս չեն կարող հետաձգել բերքահավաքը. եղանակը վատանում է, մոտենում են ջավախքյան ցրտերը, և բերքը կարող է մնալ հողի մեջ։ Մեկ այլ լուրջ խնդիր է դարձել աշխատուժի պակասը։ Ֆերմերները դժվարությամբ են գտնում ինչպես կարտոֆիլ հավաքողներ, այնպես էլ դաշտից կարտոֆիլի պարկերը տեղափոխող բեռնակիրներ։ Սեզոնային աշխատանքի շուկայում անորոշ իրավիճակ է ստեղծվել․ աշխատանքային օրվա վարձատրությունն աճում է գրեթե ամեն օր։ Վախենալով, որ չհասցնեն հավաքել բերքը՝ ֆերմերները միմյանցից աշխատողներ են «փախցնում» առաջարկելով 10 լարիով ավելի գումար։ Արդյունքում աշխատանքային օրվա վարձատրությունը, որը սեզոնի սկզբում կազմում էր մոտ 80 լարի, հասել է 150-160 լարիի։ Ընդ որում, նույնիսկ այդ գումարով աշխատողներ գտնելը հեշտ չէ։ Ֆերմերները տասնյակ հազարավոր լարիներ են ներդրել կարտոֆիլի մշակման համար ու այժմ փորձում են հնարավորինս փրկել բերքը։ Սակայն կարտոֆիլի ներկայիս գների պայմաններում բերքահավաքի աճող ծախսերը շատերի համար լուրջ ֆինանսական բեռ են դառել։ Facebook սոցիալական ցանցում գործում է «Ֆերմերների խումբ․ Կարտոֆիլագործությունն Ախալքալաքում» բաց խումբը, որն ունի ավելի քան 6 հազար հետևորդ։ Այստեղ յուրաքանչյուր ոք՝ թե՛ ֆերմերները, թե՛ աշխատողները, կարող են հրապարակել իրենց դիտարկումներն ու առաջարկները։ Վերջին շրջանում, գրեթե ամեն օր, այստեղ, աշխատողներ փնտրելու մասին, հայտարարություններ են հայտնվում, ինչպես նաև հաղորդագրություններ, որոնցում կարտոֆիլ հավաքողները կոչ են անում բարձրացնել իրենց աշխատանքի վարձը։ Սուլդա գյուղի բնակիչ Գևորգ Ջանոյանը մինչ օրս չի կարողացել կարտոֆիլ հավաքողներ գտնել։ Նրա ընտանիքը կարտոֆիլ է ցանել 3 հեկտար տարածքում։ Աշխատողների մի խմբի հետ հաջողվել էր պայմանավորվել՝ յուրաքանչյուրին 110 լարի վճարելու պայմանով, սակայն, Ջանոյանի խոսքով, հետագայում նրանք նախընտրել են աշխատել Փոկա գյուղի մի ֆերմերի մոտ, որը, հնարավոր է, ավելի բարձր վարձատրություն է առաջարկել։ «Ամեն օր գինը բարձրացնում են։ Սկզբում 80 լարի էր, հիմա հասել է 150 լարիի։ Ով 10 լարի ավելի է առաջարկում, աշխատողներն այնտեղ էլ գնում են։ Հաստատուն գին չկա։ Ես խմբում գրեցի, որ մարդիկ անանուն հրապարակումները չանեն, այլ գրեն իրենց անուններով և պատասխան տան իրենց խոսքերի համար։ Ինչ-որ մեկը անանուն կոչ է անում բարձրացնել վարձը, մյուսը դեմ է արտահայտվում, ու այդ հայտարարություններն ազդում են թե՛ աշխատողների, թե՛ ֆերմերների վրա։ Ես խնդրեցի խմբի ադմինիստրատորին հեռացնել անանուն հաղորդագրությունները։ Ես չեմ կարող յուրաքանչյուրին օրական 150 լարի վճարել։ Դեռ աշխատողներ չենք գտել, ամեն մեկն իր բերքն է հավաքում։ Իրոք, աշխատանքը ծանր է, բայց մենք էլ չենք կարող այդքան վճարել։ Ավելի լավ է՝ կարտոֆիլը մնա հողի մեջ, քան բերքահավաքի համար վճարենք 150-160 լարի՝ այն դեպքում, երբ մեկ կիլոգրամի գինը 50 թեթրի է։ Աշխատողներին ամեն օր վճարելու համար ես պետք է օրական 4-5 հազար լարի պահուստ ունենամ», — ասում է Գևորգ Ջանոյանը։ Ներկայումս Ջանոյանի ընտանիքն ինքնուրույն է հավաքում բերքը, հույսը դնելով սեփական աշխատանքի վրա։ Գևորգ Ջանոյանն այն ֆերմերներից է, ով «Ֆերմերների խումբ․ Կարտոֆիլագործությունն Ախալքալաքում» խմբում հանդես է եկել անանուն հրապարակումների դեմ։ Նա կարծում է, որ հաղորդագրությունների հեղինակները պետք է հանդես գան իրենց անուններով և պատասխանատվություն կրեն իրենց խոսքերի համար։ Ստեղծված իրավիճակի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու խնդրանքով, մենք դիմեցինք «Ֆերմերների խումբ․Կարտոֆիլագործությունն Ախալքալաքում» խմբի ադմինիստրատորին։ «Ինձ էլ են զանգահարում և դժգոհություններ հայտնում։ Բայց ինչ կարող եմ անել, եթե մարդը չի ուզում իր անունով գրել։ Իհարկե, ես տեսնում եմ նրանց անունները և գիտեմ, թե ովքեր են նրանք, բայց իրավունք չունեմ անձնական տվյալները բացահայտել ուրիշներին։ Այստեղ երկու կողմ կա, և յուրաքանչյուրն ուզում է, որ իր համար շահավետ լինի։ Ես չեմ կարող միջամտել։ Ազատ շուկայական հարաբերությունները գործում են ինչպես կարտոֆիլի վաճառքի շուկայում, այնպես էլ աշխատուժի վարձակալության շուկայում։ Այսօր աշխատողներն գումար վաստակելու հնարավորություն ունեն և ուզում են օգտվել դրանից։ Ինչպես կարող եմ նրանց ասել, որ չբարձրացնեն իրենց աշխատանքի վարձը։ Երկու կողմն էլ յուրովի իրավացի է։ Ես չեմ ուզում միջամտել», — ասաց խմբի ադմինիստրատորը։ Տուրցխ գյուղից Գասպարյանը նույնպես դեռևս կարտոֆիլ հավաքողներ չի գտել և բերքահավաքը չի սկսել։ «Ես 2 հեկտար կարտոֆիլ ումեն հավաքելու։ Անձրևների պատճառով դեռ չեմ հասցրել սկսել բերքահավաքը (հնարավոր է՝ արդեն սկսել է, նրա հետ զրուցել ենք հոկտեմբերի 20-ին)։ Գիտեմ, որ կարտոֆիլ հավաքողի վարձը 100 լարի է, իսկ բեռնողինը՝ 120 լարի։ Մունիցիպալիտետում դեռ շատ կարտոֆիլ կա հավաքելու, դրա համար էլ գները բարձրացնում են, որպեսզի աշխատողները գնան իրենց մոտ։ Իհարկե, ծախսերը չեն փակվում։ Մենք պարզապես հավաքում ենք բերքը, որպեսզի այն դաշտում չթողնենք», — ասում է Գասպարյանը։ Հարևան Նինոծմինդայի մունիցիպալիտետում Գոնդուրա գյուղից ֆերմեր Համլետ Պապոյանն արդեն աշխատողներ գտել է և զբաղվում է կարտոֆիլի հավաքով ու պահեստավորմամբ։ Վերջինիս խոսքով, խոնավ հողի պատճառով տեխնիկայի համար դժվար է աշխատելը։ Սակայն բերքահավաքը հետաձգել նույնպես հնարավոր չի․ եղանակն օրեցօր վատանում է։ «Ես աշխատողներ գտել եմ՝ օրական 100 լարիով, որոշ օրերի վճարում եմ 120 լարի։ Աշխատողները ինչպես տեղացիներ են, այնպես էլ այլ վայրերից եկածներ։ Այդքան վճարելը ձեռնտու չէ, բայց որ կարտոֆիլը դաշտում թողնել էլ չես կարող։ Ինձ դեռ 3 հեկտար մնացել է հավաքելու, իսկ ընդհանուր առմամբ կարտոֆիլ ցանել եմ 10 հեկտարի վրա։ Մեկուկես ամիս առաջ կարտոֆիլը վաճառել եմ մեկ կիլոգրամը 85 թեթրիով։ Հիմա ինքս չեմ ուզում վաճառել», — ասաց Համլետ Պապոյանը։ Վանիկ Ստեփանյանը, ով աշխատում է որպես բեռնակիր տարբեր ֆերմերների մոտ, ասում է, որ այժմ օրական 130 լարի է ստանում։ Նրա խոսքով, իրեն մեկ այլ գործատու առաջարկել են 150 լարի, սակայն նա հրաժարվել է։ «Ինձ անընդհատ զանգում են տարբեր գյուղերից և առաջարկում 150 լարի, բայց ես այս ֆերմերին խոստացել եմ, որ կաշխատեմ նրա մոտ, մինչև ավարտենք աշխատանքը։ Սա պարկեշտության և պատվի հարց է։ Իհարկե, կարտոֆիլի ներկայիս գների պայմաններում ֆերմերների համար ձեռնտու չէ այդքան վճարել աշխատուժի համար։ Բայց եթե մեկ կիլոգրամ կարտոֆիլն արժենար 1 լարի, ապա դա ձեռնտու կլիներ։ Հենց իրենք ֆերմերներն էլ են այդ մասին ասում։ Մեր աշխատանքն էլ է ծանր. ցրտի ու անձրևի տակ դաշտում կարտոֆիլ ես հավաքում, ծանր պարկեր բարձում և աշխատում մինչև երեկոյան յոթ-ութը։ Ոչ ոք ժամը վեցին տուն չի գնում», — ասում է Վանիկ Ստեփանյանը։ «Այս տարի շահույթի մասին խոսելն անգամ ավելորդ է» Խոշոր ֆերմերներից մեկը, ով ցանկացավ անանուն մնալ, պատմեց, որ օրական 100 լարիով աշխատողներ է վարձել։ Նրա խոսքով, նրանք ամեն տարի երկու-երեք ամիս աշխատում են իր մոտ։ Նա նաև նշեց, որ նշված Facebook խմբի անդամ չէ, քանի որ իրեն դուր չի գալիս այնտեղ կատարվողը։ «Ես իմ աշխատողներին ասել եմ, եթե նրանք կարծում են, որ պետք է գնան ուրիշի մոտ, ով ավելի շատ է վճարում, կարող են գնալ, բայց այլևս ինձ մոտ չվերադառնան։ Եթե լրացուցիչ 20 լարիի համար ուզում են հեռանալ, թեև այստեղ երեք ամիս են աշխատում, դա իրենց ընտրությունն է։ Բայց ոչ ոք չհեռացավ։ Սա մարդկային որակի և պարկեշտության հարց է։ Ինչ վերաբերում է շահավետ լինելուն, ապա այս տարի դրա մասին խոսելն անգամ չարժե», — ասում է ֆերմերը։ Նրա կարծիքով, այս սեզոնը շատերի համար դաս կլինի։ Հետագայում ֆերմերները, հաշվի առնելով կարտոֆիլի խնամքի և բերքահավաքի սեփական ընտանիքի ուժերով իրականացնելու հնարավորությունները, պետք է ավելի ուշադիր հաշվարկեն ցանքատարածությունների չափերը։ «Որքան շատ ես ցանում, այնքան ավելի շատ ես ծախսում մշակման վրա։ Հետո էժան ես վաճառում, և արդյունքում ոչ մի եկամուտ չի մնում։ Իսկ եթե քիչ ես ցանում, ծախսերը կրճատվում են, և շահույթ ստանալու հնարավորություն է առաջանում», — նշում է նա։ Ֆերմերը նաև կասկածում է, որ պահեստավորվող ամբողջ կարտոֆիլը հնարավոր կլինի պահպանել։ «Այն, ինչ հիմա պահեստավորում ենք, հնարավոր է ապարդյուն աշխատանք լինի․ մեկ ամիս անց, հավանաբար, ստիպված կլինենք կարտոֆիլը դեն նետել։ Հողի խոնավության պատճառով այն արդեն սկսել է փտել։ Գնորդներ կան, կարտոֆիլը գնում են մեկ կիլոգրամը 50-70 թեթրիով», — ասում է ֆերմերը։ Չնայած ցածր գներին, որոշ ֆերմերներ շարունակում են կարտոֆիլ վաճառել։ Պատճառներից մեկը աշխատողներին վճարելու և ընթացիկ ծախսերը հոգալու անհրաժեշտությունն է։ Ախալքալաքի մունիցիպալիտետի կարտոֆիլագործների համար այս սեզոնը լուրջ փորձություն է դարձել։ Նրանք միաժամանակ ստիպված են պայքարել անձրևների հետևանքների դեմ, աշխատողներ փնտրել անընդհատ աճող վարձի պայմաններում և փորձել պահպանել բերքը, որի շահութաբերությունը շարունակում է հարցականի տակ մնալ։