Բնապահպան Աննա Շահնազարյանին այսօր՝ հոկտեմբերի 21-ին, կրկին թույլ չեն տվել մտնել Մերիդիան էքսպոկենտրոն, որտեղ անցկացվում է COP17-ը։ Մոտ 15 րոպե դրսում մնալուց հետո միայն նրան թույլ են տվել մտնել տարածք ու անցկացնել միջոցառումը, որտեղ ինքը հիմնական խոսնակն էր։ Կապույտ գոտում անցկացվող միջոցառմանը նա խոսել է Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարի, դրանում համայնքների մասնակցության, ինչպես նաև կին բնապահպանների նկատմամբ ճնշումների մասին։ Մուտքի մոտ տեղի ունեցածի մասին Շահնազարյանը խոսեց նաև իր ելույթի ավարտին: Նրան հարցրել էին, թե իր գործունեության ընթացքում ինչ դժվարությունների է հանդիպում: Ակտիվիստը Save Amulsar կարգախոսով շապիկ է կրել, սակայն, ինչպես նշել է, այն ծածկված է եղել վերարկուով։ Նա ենթադրում է, որ ոստիկաններն իրեն դեմքով են ճանաչել ու խոչընդոտել մուտքը։ Շահնազարյանն այս դեպքը որակել է որպես բնապահպանական գործունեության ընթացքում հանդիպող ճնշումներից մեկը: Նրա խոսքով՝ դրանք տարբեր դրսևորումներ ունեն՝ բողոքի ակցիաների խոչընդոտումից, շարժման ու շարժման մասնակիցների վարկաբեկումից մինչև դատական հայցեր: Աննա Շահնազարյանը միջոցառման ընթացքում պատմել է Հայաստանում հանքարդյունաբերական ծրագրերի դեմ պայքարի, տարիների ընթացքում դրա ընդլայնման մասին: Նրա խոսքով՝ 2018 թվականից շարժման մեջ հատկապես ակտիվորեն ներգրավվել են Ջերմուկի բնակիչները։ Առողջարանային քաղաքի հարևանությամբ նախատեսվող հանքի շահագործման դեմ հանդես են եկել կանայք, տղամարդիկ, երիտասարդներ ու տարեցներ։ Նրանց միացել են նաև Երևանում բնակվող ակտիվիստներ։ Համայնքի բնակիչները փակել են դեպի հանք տանող ճանապարհները՝ խոչընդոտելով ընկերության աշխատանքները։ Այս շրջանը Հայաստանի քաղաքացիական հասարակության համար նա կարևոր փորձ է որակել: Ամուլսարի պաշտպանության շարժման մասնակիցների պատմությունները հասել են նաև Հայաստանի սահմաններից դուրս։ Շահնազարյանը ներկայացրել է Լոս Անջելեսում բնակվող արվեստագետ Կարոլինա Կայսեդոյի նախագիծը, որում տարբեր շարժումների պատմությունների կողքին տեղ են գտել նաև Ամուլսարի պաշտպանության համար պայքարողները։ Ինչո՞ւ թուլացավ դիմադրությունը Քննարկման մասնակիցներից մեկը հարցրեց՝ ինչո՞ւ 2018 թվականին ակտիվ բողոքի գործողությունները հետագայում նույն ձևով չեն շարունակվել։ Շահնազարյանն այդ փոփոխությունը կապել է նախ հասարակական տրամադրությունների, ապա՝ 2020 թվականի պատերազմի հետևանքների հետ։ Նրա խոսքով՝ 2018 թվականին մարդիկ տեսնում էին որոշումների վրա ազդելու հնարավորություն։ Իշխանափոխությունից հետո ձևավորվել էր զգացողություն, որ կազմակերպվելու և պայքարելու միջոցով հնարավոր է փոփոխությունների հասնել նաև սեփական համայնքում։ Նրանք տեսնում էին՝ եթե կարող են տապալել գործող պետական իշխանությանը, ապա կարող են կազմակերպվել և, առնվազն իրական պայքար մղել նաև համայնքային իշխանությունների դեմ,- ասել է նա։ Շահնազարյանի գնահատմամբ՝ այդ միջավայրը մարդկանց գործելու ուժ էր տալիս։ Սակայն պատերազմը ծանր հարված հասցրեց թե՛ շարժման մասնակիցներին, թե՛ ամբողջ հասարակությանը։ Նա պատմել է, որ մինչև պատերազմը տեղացիները շարունակում էին հերթապահել Ամուլսարի ճանապարհների մոտ՝ օր ու գիշեր անցկացնելով այնտեղ: Այդ, այսպես կոչված, պահակությունն իրականացնում էին տղամարդիկ։ Նրանց զորակոչեցին պատերազմ, և նրանցից ոմանք զոհվեցին,- նշել է Շահնազարյանը։ Նրա խոսքով՝ կորուստներն ազդել են ոչ միայն զոհվածների հարազատների և շարժման մասնակիցների, այլև հասարակության ավելի լայն շրջանակների վրա։ Պատերազմից հետո տարածվել են անզորության և անտարբերության զգացումներ։ Տեղական իրավիճակի փոփոխության մյուս պատճառը Շահնազարյանը համարում է հանքարդյունահանող ընկերության ֆինանսական ներգրավվածությունը համայնքում։ Նրա խոսքով՝ ընկերությունը գումարներ է ուղղում համայնքին, այդ թվում՝ տրանսպորտի սուբսիդավորմանը։ Ակտիվիստը կարծում է, որ այդ աջակցությունն ազդում է նաև տեղական իշխանությունների դիրքորոշման վրա։ Որպես օրինակ՝ նշել է COP17-ի շրջանակում անցկացվող որոշ զուգահեռ միջոցառումներին համայնքապետարանի ներկայացուցիչների չմասնակցելը։ Շահնազարյանի փոխանցմամբ՝ նրանք նախապես պետք է մասնակցեին, սակայն հետագայում հրաժարվել են՝ դա բացատրելով ընկերության տրամադրած գումարներով։ Կին ակտիվիստներին թիրախավորում են նաև կին լինելու համար Շահնազարյանն առանձնացրել է բնապահպան ակտիվիստների դեմ ներկայացվող դատական հայցերը, որոնք գնահատում է որպես հանրային մասնակցության դեմ ուղղված ռազմավարական հայցեր (SLAPP)։ Կանանց դեպքում, նրա խոսքով, նմանատիպ ճնշումներին ավելանում են սեռով պայմանավորված վիրավորանքներն ու պիտակավորումները։ Հենց կին ակտիվիստի անունը հայտնվում է հանրային դաշտում, սոցիալական ցանցերում սկսում են քննարկել նաև այն, թե ինչպես է նա խոսում կամ իրեն պահում։ Կանանց ճնշում են հենց իրենց ակտիվիզմի համար․ Սա կնոջ գործ չէ, Դու կնոջ նման չես, Դու կնոջ պես չես խոսում, Կինը չպետք է բղավի, և նման այլ արտահայտություններ,- ասել է Շահնազարյանը։ Նրա գնահատմամբ՝ այդ վերաբերմունքը նպատակ ունի սահմանափակելու կանանց մասնակցությունը և վարկաբեկելու նրանց գործունեությունը։ Շահնազարյանը միջոցառման մասնակիցներին ներկայացրել է նաև Հայաստանի վերաբերյալ պատրաստված անգլերեն տեղեկագիրը։ Դրանում նկարագրված են Հայաստանի կենսաբազմազանության սպառնալիքները՝ պատերազմից ու ժողովրդավարության ցածր մակարդակից մինչև գենդերային անհավասարություն: Ի՞նչ են առաջարկում քննարկել COP17-ում Շահնազարյանի խոսքով՝ ակտիվիստները առաջարկ են ներկայացրել Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի հաջորդ բազմամյա ծրագրում քննարկել այն համակարգային խնդիրները, որոնք խոչընդոտում են թիրախների իրականացմանը։ Դրանց թվում նա առանձնացրել է պետության որոշումների վրա կորպորատիվ շահերի ազդեցությունն ու արտաքին պարտքը։ Նրա գնահատմամբ՝ պարտքի սպասարկման պարտավորություններն ազդում են նաև այն միջոցների վրա, որոնք պետությունը կարող է ուղղել բնության պահպանությանը։ Հայաստանի վերաբերյալ պատրաստված տեղեկագրով էլ ցանկանում են այդ խնդիրները ներկայացնել ինչպես պետությունների պատվիրակներին, այնպես էլ այլ երկրների քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին։ Շահնազարյանն ասել է, որ Ամուլսարի շուրջ պայքարը շարունակվում է՝ չնայած փոփոխված պայմաններին և հանքարդյունաբերական ծրագրին կառավարության աջակցությանը։