Հակակոռուպցիոն դատարանը 2 ամսով կալանավորել է Ստեփանավան համայնքում Ուժեղ Հայաստան կուսակցության համայնքի ղեկավարի թեկնածու Արսեն Գևորգյանին։ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում այսօր վաղ առավոտյան Ստեփանավանում ձերբակալված 14 անձանցից մեկը Արսեն Գևորգյան էր։ Ձերբակալվել են նաև ավագանու թեկնածու Արսեն Միկոյանը և կուսակցության աջակիցներից Մանվել Չերքեզյանը։ Հիշեցնենք, որ այսօր՝ 2026թ. հոկտեմբերի 21-ին վաղ առավոտյան, խուզարկություններ և այլ քննչական գործողություններ են իրականացվում Ստեփանավան համայնքում։ Ձերբակալվել է 14 անձ։ Մաղբյուրների փոխանցմամբ՝ ձերբակալվածները Ուժեղ Հայաստան կուսակցության համակիրներ են։ Նշենք, որ 2026թ. հոկտեմբերի 25-ին Ստեփանավան համայնքում անցկացվելու են համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ։ Ընտրապայքարին մասնակցում են չորս քաղաքական ուժեր՝ Քաղաքացիական պայմանագիր, Ուժեղ Հայաստան, Հանրապետություն և Գործարար կուսակցությունները։ Ուժեղ Հայաստան կուսակցության ներկայացուցիչները քարոզարշավի ընթացքում պարբերաբար ահազանգել են, որ իրենց թիմակիցները ենթարկվում են քաղաքական հետապնդումների, օգտագործվում է վարչական ռեսուրս և այլն։ Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդմամբ՝ Ազգային անվտանգության ծառայության իրականացրած միջոցառումների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում տվյալներ են ստացվել, որ Ուժեղ Հայաստան կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող թեկնածուն, ավագանու անդամի թեկնածուների և կուսակցության անունից հանդես եկող անձանց օժանդակությամբ, ընտրություններին մասնակցելու և այդ կուսակցության օգտին քվեարկելու պայմանով, ընտրակաշառք է տվել համայնքի տարբեր բնակավայրերի մի քանի տասնյակ ընտրողների։ Նախաքննությամբ, ըստ հաղորդագրության, պարզվել է նաև, որ նույն թեկնածուն պատրաստվել է ընտրակաշառք տալ ևս երեք տասնյակից ավելի ընտրողների։ Դրա համար առանձնացվել են յուրաքանչյուր ընտրողի համար նախատեսված գումարները, կատարվել են նշումներ և կազմվել ցուցակներ։