Այս շաբաթ մեր խորհրդարանը վերածվեց գլադիատորական արենայի՝ բառի ամենաիսկական իմաստով, եւ այնտեղ տեղի ունեցած միջադեպերը կարելի է համարել 9-րդ գումարման խորհդարանը հենց սկզբից շրիշակի մակարդակին իջեցնելու ցուցիչ։ Առանց այդ էլ այս Ազգային ժողովի նոր սկսված աշխատանքը չէր փայլում բովանդակությամբ, հանձնաժողովի նախագահների, փոխնախագահների՝ ձգձգված ու ձանձրալի սերիալ հիշեցնող առաջին նիստին հաջորդած եւ արդեն բուն օրակարգային աշխատանքի սկիզբ ազդարարող այսշաբաթյա նիստում ընդամենը երկու հարց կար՝ հանրային ծառայողի օր սահմանելու եւ եկեղեցու խնդիրները քննող արդեն իսկ ստեղծված քննիչ հանձնաժողովի կազմը հաստատելու։ Առաջինը լրիվ ավելորդ մի բան՝ հանրային ծառայողների աշխատավարձերի բարձրացման աստղաբաշխական թվերն ավելացրել են, քիչ է, հիմա էլ հանրային ծառայողի մի հատուկ օր են սահմանում՝ գիտահետազոտական-միտահետազոտական, չէ մի չէ։ Ի՞նչ ասենք, դրանից հետո էլ, եթե այլ գործ չկա անելու, կարելի է հանրային սպասարկման ոլորտի աշխատողների, վարսավիրների, խոհարարների, վարորդների եւ այլ ոլորտայինների օրեր սահմանել, ի՞նչ պակաս են նրանք հանրային ծառայողից։Համ էլ եթե հետո դիակապտության մասին նախագիծ գա խորհրդարան՝ մահվան դեպքում 200 հազար դրամի փոխհատուցումը հանելու, գոնե փոխհատուցվողների սիրտը կառնեք, մինչեւ նրանց դիակապտվելու ժամանակը վրա հասնի։ Իսկ եկեղեցու խնդիրներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի առումով, որի կազմը սահմանելու նախագիծն ԱԺ մեծամասնությունը միայնակ, ընդդիմության բոյկոտի առկայությամբ ընդունեց, ամենասխալ խորհրդարանական որոշումն է, որ կայացվել է Հայաստանի պատմության մեջ, քանի որ այդ հանձնաժողովի նիստերը ոչ միայն երկրի ներսում, այլեւ դրսում՝ արտաքին աշխարհում մեր հոգեւոր հայրերի կեղտոտ սպիտակեղենը, մեր եկեղեցու ներքին խնդիրները քննելու եւ քրքրելու առիթ են տալու ՝ բարոյական հարված հասցնելով երկրին, մեր 1700-ամյա եկեղեցու վարկին եւ հեղինակությանը, այդպիսով՝ ոչ միայն պետությանը, այլեւ ողջ աշխարհում հայերիս վարկին ու հեղինակությանը։ Եւ ինչ նպատակ էլ հետապնդի նախաձեռնողը, որքան էլ սխալ կամ ճիշտ լինի՝ անդառնալի վնաս է հասցվելու եկեղեցուն, Հայաստանին եւ հայերին։ Սա ասում եմ՝ եկեղեցում խնդիրների առկայությունն ընդունելով հանդերձ, եւ դրանց լուծումը մեր Սահմանադրությամբ նախատեսված, պետությունից անջատ լինելու կարգով վերապահելով եկեղեցուն եւ հոգեւորականությանը։ ԱԺ նիստը բախումների արենա վերածող ընդդիմությունն ու իշխանությունը, միմյանց մեղադրում էին մեր երկրի համար կարեւոր խնդիրներից եւ գործընթացներից ուշադրություն շեղելու մեջ /իշխանությունն ընդդիմությանը մեղադրում էր օրակարգ չունենալու եւ եկեղեցու խնդիրները քննող քննիչ հանձնաժողովի ստեղծմամբ ընդդիմության անհանգստացածության մեջ, ընդդիմությունը իշխանությանը՝ Շաքիի դեպքից հանրության ուշադրությունը շեղելու մեջ/։ Սա հենց խոսում է այդ բախումների բովանդակային դատարկության մասին։ Էդգար Ղազարյանի ելույթը ԱԺ նախագահի կողմից ընդհատումից սկսված խառնափոթն ու քաշքշոցը պարզապես անհարիր են օրենսդիրի առաքելությանն ու կերպարին եւ վկայում են պատգամավորների մեծ մասի՝ իրենց դերն ու կոչումը չգիտակցելու մասին։ Ինչի մասին էին կռվում խորհրդարանական ընդդիմությունն ու իշխանությունը, արդյոք ժողովրդի խնդիրների վերաբերյալ տեսլականի տարբերությունների, հանրաշահ ինչ-որ խնդիր պնդելո՞ւ համար։ Ո՛չ, եւ կրկին ոչ, միմյանց կուսակցական-խմբային գերադասությունը պնդելու, դիմացինին սխալ հանելու համար։ Ի՞նչ կարիք կար Էդգար Ղազարյանի ելույթը կասեցնելու, դրանից տասնապատիկ ավելի սուր ելույթներ է ունեցել Նիկոլ Փաշինյանը, երբ դեռ ընդդիմադիր պատգամավոր էր, ո՞վ է նրա բերանը փակել։ Կամ մեր ընդդիմադիրներն այն աստիճանի անօրակարգ ե՞ն, որ բոլորով վրա էին ընկնել Շաքիի թեմային՝ այնպիսի մի պաթոսով, որ մարդ ուզում էր ասել, դե լռեք, էլի, Անի Ավետիսյանը ձեր հետ ոչ մի կապ չունի, ինչպես նաեւ հանրության մեծ մասը, որից սերում է Անի Ավետիսյանը՝ հայ մայրը, որ պարզերես արեց երկիրը պաշտպանելու պարտավորություն ունեցող տղամարդկանց։ Ու երբ Ռուբեն Ռուբինյանին մեր հարցով ասում էինք, որ խորհրդարանական բախումներ հրահրելու անզսպությունը երկու կողմից էլ դրսեւորվել է՝ ե՛ւ իշխանության, ե՛ւ ընդդիմության, Ռուբինյանը ոչ միայն չհամաձայնեց, այլեւ կասկածեց մեր անաչառությանը, մինչդեռ մեր անաչառությունը բխում է որեւէ խմբային շահ չներկայացնելուց, վերջի՛նս էր հենց բախումների շարժառիթը, ու ոչ թե հանրային խնդիրների ինչ-ինչ հետապնդումը։ Շաքիի դեպքի մասին Լաչինի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական զորամասերից մեկի զինվոր Նասիմ Մուսաեւը անցել է Հայաստանի սահմանը, խորացել սահմանից մինչեւ 15 կմ հեռու գտնվող բնակավայր Շաքի, մտել հայի տուն, փլավ կերել, գիշերել, ապա կրակել տուն մտած տանտիրուհու վրա, որն իր երեխաներին եւ իրեն պաշտպանելիս դանակով հարվածներ է հասցրել ադրբեջանցուն։ Փառք ու պատիվ հայ կնոջը՝ Անի Ավետիսյանին, որն այժմ ծանր վիճակում է, վիրահատվել է եւ նոր վիրահատությունների կարիք ունի։ Նրա երեխաները եւս վնասվածքներ են ստացել՝ պաշտպանելով իրենց մորը։ Ահա կարճ նկարագրությունը Շաքիում տեղի ունեցած արյունոտ միջադեպի, որի վերաբերյալ խորհրդարանական այս շաբաթյան արտացոլանքը, մեր մեջ ասած, մեր քաղաքական ուժերի ամենեւին մխիթարական նկարագիր չբացեց։ Ընդդիմությունը խորհրդարանում մեղադրում էր իշխանությանը, սահմանային, պաշտպանական եւ անվտանգային կառույցներին եւ կատարվածի քաղաքական գնահատական պահանջում իշխանությունից։ Ի պատասխան՝ իշխանական պատգամավորները, ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ասում էին, թե հանցագործություն է կատարվել, Հայաստանի օրենքներով, Ադրբեջանի օրենքներով էլ քրեական հետապնդում է սկսվել, սահմանախախտը հանցագործ է, դասալիք է, ենթադրաբար՝ դիվերսանտ չէ։ Նիկոլ Փաշինյանն էլ , ե՛ւ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին, ե՛ւ ինչ-որ տարօրինակ օտարահունչ անունով հայկական լրատվամիջոցի լրագրողներին ի պատասխան ասում էր, թե կատարվածին իրավական գնահատական է տրվելու, դատավճիռ է լինելու , եւ ադրբեջանցին իր պատժի առնվազն մի մասն Հայաստանում է կրելու, անորոշ թողնելով այն հարցերը, թե արդյոք հետագայում կփոխանակվի՞ ադրբեջանցի զինվորը։ Տարբեր հարցերի Փաշինյանի պատասխանների միջինացված բովանդակությունն այն էր, որ Բաքվի մեր գերիներից որեւէ մեկի հետ հանցագործը հետագայում հազիվ թե փոխանակվի, քանի որ եթե մեր զինվորներից մեկը մոլորվի ու անցնի սահմանը, այդ ժամանակ փոխանակում պետք կլինի։ Ադրբեջանցու՝ մառախուղին մոլորվելու ենթադրությունըը, որ արել էր Փաշինյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի նախօրեին, ընդհանրապես անհասկանալի մնաց ե՛ւ խորհրդարանական ընդդիմության, ե՛ւ հանրության շատ շերտերի համար, քանի որ եթե դեռ դատական կարգով ոչինչ չի պարզվել, պատասխան չի կարող լինել՝ մոլորվե՞լ է, դիվերսիա է իրականացրե՞լ, թե՞ դասալիք է /այդ դեպում ՝ ինչու՞ չի հանձնվել, այլ 15 կմ խորացել է դեպի մեր երկրի ներսը/։ Եթե Շաքիում տեղի ունեցածը մաքրենք հատկապես Հայաստանի խորհրդարանի՝ ընդդիմության եւ իշխանության փոխհրաձգության արդյունքում հնչած ենթադրությունների եւ փոխադարձ մեղադրանքների քարոզչահեն ծածկույթից եւ փորձենք խորհրդարանում հնչածից եւ Նիկոլ Փաշինյանի վերջին հարցազրույցում արտահայտած մտքերից հանրագումար ստանալ, ապա անպատասխան մնացած հարցերը շատ են․ -Ինչպե՞ս է ադրբեջանցի զինվորը կամ դասալիքը սահմանն անցնելուց հետո անխոչընդոտ 15 կմ խորացել Հայաստանի տարածքում, երկու-երեք օրում ինչպես եւ ինչու է քայլել այնքան, որքան պետք կլիներ քայլքի մինիմումները հանձնող մարզիկին։ -Ինչո՞ւ էին վարչապետն ու պաշտպանության նախարարը հակված ավելի մեղմ բնութագրիչներ օգտագործելու ադրբեջանցի սահմանախախտի հանդեպ, որը հրազենի գործադրմամբ հանցագործություն է իրականացրել, եւ ինչու էր Ռուբեն Ռուբինյանը համոզված ասում, որ եթե Ադրբեջանը տեղեկացրել է դասալիքի մասին, որը կարող էր հատել Հայաստանի սահմանը, ուրեմն նա դիվերսանտ չէ։ Մանավանդ ՊՆ Սուրեն Պապիկյանի հակամասնագիտական բնորոշման վրա զարմացանք, թե եթե չի դիմադրել ձերբակալվելիս, ուրեմն դիվերսանտ չէ։ Այ մարդ, հասկացանք՝ պրոֆեսիոնալ զինվորական չեք, կինո էլ չե՞ք նայել, թե ինչպես են դիվերսիա իրականացնողները փախչելիս տարբեր հնարքներ բանեցնում, այդ թվում՝ անմեղ քաղաքացու դիմակ հագնում։ Գոնե վիրավոր եւ անուժ լինելը մատնանշեիք։ Նիկոլ Փաշինյանն էլ ասում էր,որ տեղի ունեցածը քրեական, կրիմինալ միջաեպ է, եւ եթե ոստիկանություն եք զանգում՝ պետք սպասեք ոստիկանության գործողություններին /Անի Ավետիսյանը զանգած է եղել ոստիկանություն/։ Դե կներեք, էլի, որ կինը չի սպասել իր զավակներին գնդակահարելուն։ -Արդյոք Ադրբեջանի պահանջով կարտահանձնե՞ն սահմանախախտ հանցագործին, որպես խաղաղությունը գուրգուրելու գործիք, չնայած հարեւան երկրի նախագահը առիթ չի բաց թողնում Հայաստանի եւ հայերիս հանդեպ իր սովորական մեղադրանքները հնչեցնելու։ Որովհետեւ եթե, այնուամենայնիվ, ադրբեջանցի զինվորը ոչ թե դասալիք է, ինչպես ադրբեջանական կողմն է հայտարարել, այլ Հայաստանի սահմանների ամրությունը փորձարկելու հանձնարարություն կատարող կամ հետախուզական տվյալներ փոխանցող մեկը, ապա նա Ադրբեջանում հայտնվելուց հետո հերոսացվելու է եւ չի դատապարտվելու։ -Ադրբեջանցու ձերբակալման տեսանյութ չկա, եւ ոչ մի բացատրություն չի հիմնավորում, թե ինչու այդպիսի տեսանյութ չի հանրայնացվել, որ իմանանք՝ իրոք ադրբեջանցին վիրավորված է եղել, դրա համար դիմադրություն ցույց չի տվե՞լ, թե ոնց։ -Ինչպե՞ս են գործել մեր սահմանապահները, ՊՆ-ն, ոստիկանությունը, ԱԱԾ-ը /ԱԱԾ փոխտնօրենին պաշտոնից ազատելն արդեն խոսուն է/, ինչո՞ւ տեղեկացված չի եղել բնակչությունը /խուճապ, այո, դրանից կարող էր առաջանալ, բայց․․․/ -Փաստորեն Սյունիքի ողջ մարզում, եւ երկար սահմաններ ունեցող Հայաստանի ուզած մարզում չի բացառվում, որ կարող են հատել սահմանը, խորանալ Հայաստանի ներս, եւ նրանց չհայտնաբերեն, մինչեւ զինված միջադեպ չլինի։ -ԹՐԻՓՓ որ ասում են, սա դեպի Հայաստան է հրապուրելու շատ ազգերի ներկայացուցիչների, նրանց մեջ ամեն ոք կարող է լինել, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից հավաքագրված մարդիկ։ Այս պահին իսկ Հայաստանի հարավային քաղաքներում, հանքային արդյունաբերության մեջ աշխատող բազմաթիվ այլազգիներ կան, այդ թվում մուսուլմաններ, որոնց մեջ չեն բացառվում , որ լինեն արդյունաբերական հետախուզություն /եւ ոչ միայն/ իրականացնող հավաքագրվածներ, մեր անվտանգության խնդիրներից մեկը պետք է լինի նրանց անցյալի ուսումնասիրումը, Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ կապերի բացահայտումը։ Ընդհանրապես՝ Շաքիում տեղի ունեցածը սթափեցման հերթական ազդակ էր, բոլորս պետք փոխվենք, քանի որ եթե Սիսիանին մերձ Լաչինի դիրքերից սահման խախտել ու Շաքի են հասել, նույն կերպ Երասխից էլ կարող են Երեւան հասնել։ Անդրանիկ Քոչարյանը, որ ոլորտի տեղեկացված մարդկանցից մեկն է, սահմանային ուղեկալների հետ կապված խնդիրներ էր տեսել լրագրողների հետ զրույցում՝ մեր սահմաններն ունեն խնդիրներ, որ պետք է լուծվեն։ Ռուբեն Ռուբինյանն էլ կարծում է, թե լիակատար սահմանազատումն ու սահմանագծումը կարող են մեր սահմանն անվտանգ դարձնել, երբ սանտիմետրի ճշգրտությամբ իմանանք, թե որտեղ է ավարտվում սահմանը։ Իսկ իրականում ե՛ւ պետական-անվտանգային-պաշտպանական կառույցները, ե՛ւ հանրության շերտերը, մենք բոլորս պետք է լրջանանք, Շաքին ահազանգ է, եւ դրա կրկնությունը բացառել չենք կարող։ ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ Հ․Գ․ – Վերեւի թեմաներից դուրս կարեւոր համարեցինք տեղյակ պահել, որ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանել է ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւի այն հայտարարությանը, թե Հայաստանի ամենամեծ սպառնալիքը ուկրաինացումն է։ Փաշինյանը հիշեցրել է ՀԱՊԿ-ի դաշնակցային պարտավորությունները Հայաստանի հանդեպ չկատարելու մասին՝ նշելով, որ ի պատասխան կարելի է ասել, թե Հայաստանի՝ նոր Ռուսաստանի վերածվելն է սպառնալիք․ «Հայաստանը Հայաստան է, եւ ոչ մի ուրիշ բանի չի վերածվի, այն դառնալու է ավելի ինքնիշխան պետություն», ասել է նա։ Հեղինակի յութուբյան հրապարակումներին հետեւեք հետեւյալ հղումով․ https։//www.youtube.com/channel/UC7a2vlmCMLVmBF10D60LdxQ The post Գլադիատորները եւ Շաքիի դեպքը appeared first on Ազգ .