ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի - Sputnik. Ռուսաստանից և Հայաստանից ավելի քան 120 ուսանող մասնակցում են Երևանում կայանալիք Ռուս-հայկական երրորդ մեդիահամաժողովին:Ռուս-հայկական համալսարանի հարթակում անցկացվող համաժողովի ծրագրում ներառված են պանելային քննարկումներ, վարպետության դասեր, դասախոսություններ և կլոր սեղաններ, ինչպես նաև մեդիաբովանդակության պատրաստման սեմինարներ: Ռուսաստանի մասնակիցները նոյեմբերի 9-12-ը հնարավորություն կունենան ոչ միայն քննարկել մեդիաոլորտի արդի միտումները և ձեռք բերել մասնագիտական նոր հմտություններ, այլև ծանոթանալ Հայաստանի մշակութային և գիտական ժառանգությանը:ՌԴ գիտության և բարձրագույն կրթության փոխնախարար Կոնստանտին Մոգիլևսկին Երևանում կայացած Ռուս-հայկական երրորդ մեդիահամաժողովի մասնակիցներին ուղղված իր տեսաուղերձում նշել է Ռուսաստանի ու Հայաստանի դարավոր կապերը, որոնք հիմնված են փոխադարձ հարգանքի, մշակութային կապերի և կրթության և գիտության ոլորտում համագործակցության ավանդույթների վրա: Հարաբերությունների զարգացման գործում առանձնահատուկ դեր է խաղում երիտասարդական փոխգործակցությունը։ Նրա խոսքով՝ երիտասարդ մասնագետների անձնական շփումները, մասնագիտական փոխանակումները և համատեղ ծրագրերը ամուր հիմք են ստեղծում միջպետական գործընկերության համար:Իր հերթին Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը, ելույթ ունենալով մեդիահամաժողովում, կիսվել է 1990-2000-ական թվականներին НТВ և ВГТРК դաշնային հեռուստաալիքներում զինթղթակից աշխատելու սեփական փորձով:Աշխատանքային գործունեության սկզբում նա կարծում էր, որ գործնական փորձը և բացառիկ նյութեր գտնելու ունակությունը բավարար են, իսկ մասնագիտացված լրագրողական կրթությունը պարտադիր չէ: Սակայն ժամանակի ընթացքում նա եզրակացրել է, որ մասնագիտական լավ պատրաստվածությունը լրագրողներին լուրջ առավելություն է տալիս։ Որպես օրինակ նա նշել է Տիմբուկտու (Մալի) գործուղման դեպքը, երբ իր գործընկեր, հատուկ թղթակից Անաստասյա Պոպովան կարողացավ տեղ հասնել ֆրանսիական հատուկ նշանակության ուժերի հետ՝ այն դեպքում, երբ ինքը մեքենայով՝ անապատով, տեղ հասավ երկու օրում:«Ռուս-հայկական մեդիահամաժողովի ուսուցողական սեմինարները, թրեյնինգները և վարպետության դասերը հիմք կհանդիսանան երիտասարդ լրագրողների հետագա մասնագիտական և ստեղծագործական նվաճումների համար», - հայտարարել է նա:«Ռոսսոտրուդնիչեստվո»-ն ուշադրություն է դարձնում նաև Հայաստանում երիտասարդ լրագրողների աջակցությանը և նրանց համար տարբեր կրթական ծրագրեր է իրականացնում:Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն անդրադարձել է լրագրողի աշխատանքում արհեստական բանականության օգտագործման արդիական թեմային:Նրա խոսքով, արհեստական բանականությունը շատ բան կարող է անել, բայց զուրկ է ամենագլխավորից՝ զգացմունքից, կարեկցանքից, համամարդկային արժեքներին հետևելուց, վիճելու և չհամաձայնելու կարողությունից, նույնիսկ եթե ամենահայտնի հեղինակություններն են ասում որոշակի «ճշմարտություն»:Եթե երկու տարի առաջ նա համաժողովի մասնակիցներին ասում էր, թե ինչպես փաստեր որոնել, հոդվածներ գրել և փաստերի ստուգում իրականացնել, ապա այսօր նման հորդորները նվազ արդիական է համարում. այս խնդիրներից շատերը մեծ լեզվական մոդելներն ունակ են կատարել: «Դրանք կօգնեն ձեզ խմբագրել տեքստերը, ստուգել տեղեկատվությունն ու ուղղագրությունը, կդառնան ձեր իդեալական և անփոխարինելի օգնականները», - ասում է Հակոբյանը:Նա հավելում է, որ արհեստական բանականությունն արդեն ունակ է ստեղծել լուսանկարներ և ֆիլմեր, տեսանյութեր մոնտաժել և մշակել հրատարակությունների մակետներ: Բայց տեխնոլոգիան չի կարող փոխարինել մարդկային հիմնական հատկություններին:Հանձնաժողովի ղեկավարը ապագա լրագրողների հաջողության գրավական համարում է ինքնազարգացումը, նոր բաներ սովորելու, իրականությունը քննադատաբար ընկալելու և ինքնուրույն մտածելու ունակությունը:Ռուս-հայկական երրորդ մեդիահամաժողովի համակարգող Անաստասյա Գավրիլովան Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել է, որ միջոցառման գլխավոր խնդիրներից մեկը երկու երկրների մեդիայի երիտասարդ ներկայացուցիչներին համախմբելն է, փորձի փոխանակման և համատեղ աշխատանքի համար պայմաններ ստեղծելը։Նրա խոսքով, համաժողովի ծրագիրը կառուցված է այնպես, որ Ռուսաստանի և Հայաստանի մասնակիցներն աշխատեն խառը թիմերում, ինչը նրանց հնարավորություն կտա ոչ միայն ծանոթանալ և կիսվել մասնագիտական փորձով, այլև մշակել ընդհանուր մեդիանախագիծ, որը գուցե ցանկանան զարգացնել նաև համաժողովի ավարտից հետո: Կազմակերպիչներն իրենց հերթին պատրաստ են նրանց նման հնարավորություն ընձեռել։Խոսելով այն մասին, թե ինչն է միավորում Ռուսաստանի և Հայաստանի լրատվամիջոցների երիտասարդ ներկայացուցիչներին, համակարգողը նշել է ստեղծագործելու, նորը ստեղծելու և իր մասին հայտարարելու ձգտումը: Ոչ պակաս կարևոր են երկու երկրների մշակույթների նկատմամբ փոխադարձ հետաքրքրությունը, ծանոթանալու, նոր բաներ սովորելու և սեփական փորձով կիսվելու ցանկությունը։