Հայաստանի Հանրապետութեան վարչապետը Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչումը արտաքին քաղաքականութիւնից դուրս բերելու մասին յայտարարութիւն է կատարել: Արտաքին գործերի նախարարը յայտնել էր, որ Ցեղասպանութեան ճանաչումը արտաքին քաղաքականութեան առաջնային օրակարգ չէ: Հիմա ընդհանրապէս օրակարգ չէ՝ ասւում է վարչապետի միջոցով: Յիշելով, որ նախընտրական ծրագրում այդ մասին նշւած էր արդէն: Այս որոշման իբրեւ հիմնաւորում ներկայացւում է Իսրայէլի օրինակը: Գործադիրի ճանաչում եւ օրէնսդիրի մերժում: Ըստ վարչապետի, ի վերջոյ առերեսւել է այն իրականութեան հետ, որ Ցեղասպանութեան ճանաչումը վճարամիջոց է պետութիւնների միջեւ: Հետեւաբար պէտք է հրաժարւենք Ցեղասպանութեան ճանաչման օրակարգից՝ այլոց համար մանրադրամի չվերածւելու համար: Մի քանի դիտարկում պէտք է արձանագրել այս առիթով: Լուրջ խնդիր է, եթէ նման պաշտօնի տէր անձը վերջապէս նոր է գիտակցում, որ Ցեղասպանութեան թեման շահարկւում է պետութիւնների կողմից: Տալիս է Իսրայէլի օրինակը: Քաղաքական պարզ տրամաբանութիւն է, որ որեւէ պետութիւն Անկարայի հետ իր յարաբերութիւնների ընթացքում օգտագործում է տարբեր խաղաթղթեր, ընդ որում՝ ցեղասպանութեան թեման: Օրինակները բազմաթիւ են: Բայց այս խնդիրը միայն հայկական գործօնին կամ հայկական թեմային առնչւած չէ, այլ ընդհանրապէս պատմութեան ընթացքում կամ ժամանակակից պահերի այս երեւոյթը քաղաքական գործունէութեան մէջ գործածւող կանոն է պետութիւնների միջեւ յարաբերութիւնների ընթացքում: Իսկ քաղաքական այս կանոնը որեւէ ձեւով պատճառ, հիմնաւորում կամ պատրւակ չպէտք է ծառայի, ասելու համար, որ վճարամիջոց-մանրադրամի չվերածւելու համար մենք պէտք է հրաժարւենք Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման օրակարգից: Գործընթացները տեղաշարժ են ապրում, երբ տւեալ պետութեան եւ մեր պարագայում մեր պետութեան շահերը համընկնում են եւ արձանագրում որոշումներ, կէտեր: Եթէ պաշտօնապէս հրաժարւենք Ցեղասպանութեան միջազգային ճանաչման օրակարգից, այդ պարագայում Անկարան ազդեցիկ խաղաթուղթ ձեռք է բերում կանխարգելելու այդ գործընթացը ընդհանրապէս: Երբ պետութիւնը ուղերձ յղելու համար պատրաստւի ճանաչելու Հայոց Ցեղասպանութիւնը, Անկարան կարող է հակազդել, որ խնդրոյ առարկան ինքը հրաժարւել է այդ առաջադրանքից, հետեւաբար այլ պետութիւնները այդ քայլին դիմելու պատճառ չունեն: Վճարամիջոց-մանրադրամի այս տեսութիւնը գործող վարչապետը օգտագործել էր նաեւ Ցեղասպանութեան պատճառահետեւանքային կապերը վերլուծելով, դարձեալ Սփիւռքի հետ առնչւած խնդիրների քննարկման ընթացքում: Կարմիր թելի նման անցնող գիծը այդ բոլոր խօսոյթների այն էր, որ այլ պետութիւնը (իմա՛՝ Ռուսաստանը) հայութեանը մանրադրամի էր վերածել Թուրքիայի հետ իր յարաբերութիւնների ընթացքում, եւ Անկարան ցեղասպանական արարքներով պատասխանել էր Ռուսաստանին: Ահա տրամաբանութիւնը, որ Օսմանեան կայսրութեան պատասխանատւութիւնը Ցեղասպանութեան մէջ թեթեւացնում էր՝ դրանից կարեւոր մի մասը այլ պետութեան ուսերի վրայ տեղադրելով: Նոյն տրամաբանութեամբ էլ Արցախը կարող է մեկնաբանւել, որ մանրադրամ էր Ռուսաստանի համար եւ հիմա Հայաստանը բեռնաթափւել է դրանից: Մտային այս մարզանքները պարզապէս պատրւակներ են ընդառաջելու Թուրքիայի նախապայմանին՝ հրաժարւել Ցեղասպանութեան միջազգային ճանաչման օրակարգից: Հիմա յայտարարւած է նաեւ այդ նախապայմանի ընդառաջումը: Վերջում մի դիտարկում եւս: Սահմանադրական իրաւադրոյթ ունեցող Անկախութեան հռչակագիրը պարտաւորեցնում է Հայոց պետութեանը սատար կանգնելու Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչմանը: Մինչ այժմ չի փոխւել Սահմանադրութիւնը… Վարչապետի յայտարարութիւնը, առանց մեկնաբանութեան տեղ թողնելու, պարզապէս հակասահմանադրական է: «Ազդակ»
Translate this article
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Artsakh & Karabakh
Արցախ-Հայաստան վճարամիջո՞ց
Comments
Sign in to join the conversation.
No comments yet — be the first to comment.
More from Alik
ورود سامانه بارشی به جنوب کشور از امروز
Alik / 15 hours ago
عراقچی: دیدار دبیر شورای عالی امنیت ملی با معاون رئیسجمهور آمریکا برنامهریزی نشده است
Alik / 15 hours ago
مهاجرانی: نرخ بنزین ۱۵۰۰ و ۳۰۰۰ تومانی تغییر نمیکند / پرداخت ۸۶۵ همت اعتبار کالابرگ تاکنون
Alik / 16 hours ago

Երեւանում ներկայացւել է Ֆիրդուսիի «Շահնամէ»-ի հայերէն թարգմանութիւնը
Alik / 16 hours ago
Related coverage
No related coverage from other sources yet.