Երեւանում՝ Իրանի դեսպանատան մշակութային կենտրոնում, որը գործում է Կապոյտ մզկիթի տարածքում, տեղի է ունեցել իրանցի մեծանուն բանաստեղծ Ֆիրդուսիի «Շահնամէ» էպոսի հայերէն թարգմանութեան շնորհանդէսը։ Միջոցառմանը ներկայ են եղել Հայաստան ժամանած Իրանի փոխնախագահ Սէյէդ Համիդ Փուրմոհամադին եւ Խորհրդարանում Իրան-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Արա Շահվերդեանը։ Շնորհանդէսը եւս մէկ առիթ է դարձել ընդգծելու հայ եւ իրանցի ժողովուրդների մշակութային առնչութիւնները եւ երկու ժողովուրդների գրական ժառանգութեան փոխճանաչման կարեւորութիւնը։ Ֆիրդուսիի «Շահնամէ»-ն պարսկական գրականութեան մեծագոյն ստեղծագործութիւններից է, որի հայերէն թարգմանութիւնը նոր հնարաւորութիւն է ընձեռում հայ ընթերցողին՝ անմիջականօրէն հաղորդակից դառնալու իրանական մշակոյթի այդ կարեւորագոյն ժառանգութեանը։ Հայաստանում Իրանի դեսպանատան լրահոսի համաձայն Իրանի փոխնախագահը Երեւանի Կապոյտ մզկիթում նաեւ մեծարել է իրանահայ անւանի կոմպոզիտոր եւ դիրիժոր Լորիս Ճգնաւորեանին։ Մեծարման արարողութեան ընթացքում անդրադարձ է կատարւել Ճգնաւորեանի՝ երաժշտութեան ասպարէզում ունեցած երկարամեայ վաստակին, ինչպէս նաեւ Իրանի եւ Հայաստանի միջեւ մշակութային կապերի ամրապնդման գործում նրա ներդրմանը։ Երէկ նաեւ Սէյէդ Համիդ Փուրմոհամադի մասնակցութեամբ Երեւանի Կապոյտ մզկիթի պատմական համալիրի հանդիսութիւնների սրահը անւանակոչւել է իրանական մշակոյթի եւ գրականութեան սիրահար, հայ նշանաւոր բանաստեղծ Եղիշէ Չարենցի անունով։