Հայաստանը Ռուսաստանի համար եղել է և կմնա շատ կարևոր երկիր, հայտարարել է Երևանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ «Սեփական արտաքին քաղաքական ուղեգիծն ու ռազմավարական գործընկերներն ընտրելը ցանկացած պետության ինքնիշխան իրավունքն է։ Ռուսաստանի համար Հայաստանը միշտ եղել է, կա և, համոզված եմ, կմնա շատ կարևոր երկիր։ Մեր ժողովուրդների միջև հարաբերություններն ունեն հատուկ և կայուն արժեք: Ինչ վերաբերում է գործընկերների ընտրությանը, ապա, կրկնում եմ, դա Հայաստանի Հանրապետության իրավունքն է», – ասել է Կոպիրկինը՝ Հայաստանի հանրային ռադիոյին տված հարցազրույցում։ Ըստ դեսպանի՝ վերջերս տեղի են ունեցել մի շարք իրադարձություններ, և հնչել են բազմաթիվ հայտարարություններ՝ այդ թվում՝ ՀՀ ղեկավարության կողմից, որոնք վերաբերում են երկկողմ հարաբերությունների տարբեր ասպեկտներին։ «Գաղտնիք չէ, որ պաշտոնապես հայտարարվել է Հայաստանի անվտանգության ճարտարապետության վերանայման մասին… Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ում, և ուղղություն է վերցվել դեպի արտաքին քաղաքականության ու արտաքին տնտեսական կապերի դիվերսիֆիկացում։ 2025 թվականին ընդունվել է օրենք՝ Եվրամիությանը անդամակցելու գործընթացը մեկնարկելու վերաբերյալ։ Այլ կերպ ասած՝ մեր հարաբերությունների հենքն իսկապես փոխվում է», — նշել է Կոպիրկինը։ Նա հավելել է, որ ռուսական կողմը սրան ըմբռնումով է մոտենում, սակայն, բնականաբար, այս ամենը պահանջում է պատշաճ վերլուծություն, քննարկում և տարբեր ոլորտներում ընդհանուր հարաբերությունների մեջ ճշգրտումների կատարում։ «Ռուսական ղեկավարությունը բարձրացրել է այն հարցը, որ Հայաստանը, հաշվի առնելով վերոնշյալ օրենքի ընդունումը, պետք է հնարավորինս շուտ որոշի իր ինտեգրացիոն վեկտորը։ Բնականաբար, կայացվելիք որոշումը էական ազդեցություն կունենա մեր համագործակցության բնույթի և մեխանիզմների վրա, այդ թվում՝ առևտրատնտեսական ոլորտում», — նշել է դեսպանը։ Նրա կարծիքով՝ շատ կարևոր է, որ այս երկխոսությունը կառուցողական բնույթ կրի։ «Չափազանց կարևոր է, որ երկու կողմերն էլ պահպանեն քաղաքական կամքը՝ պահպանելու մեր հարաբերությունները՝ այն ամենը, ինչը մեզ միավորել է երկար ժամանակ և շարունակում է մեծ նշանակություն ունենալ մեր ժողովուրդների համար։ Սակայն, բնականաբար, դա պետք է հիմնված լինի ընդհանուր եզրեր գտնելու և միմյանց շահերի նկատմամբ փոխադարձ հարգանքի վրա», — ընդգծել է Կոպիրկինը։