ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ Հայաստանում հայրենասիրությունը ձևավորվել է որպես ֆորպոստ` Ստալինի (ԽՍՀՄ մինիստրների խորհրդի նախագահ Իոսիֆ Ստալին) ամբիցիաները բավարարելու համար։ Այս մասին նա հայտարարել է Restart հիմնադրամի MaskOFF պանելային քննարկմանը, որին մասնակցել են երիտասարդներ և նրան հարցեր ուղղել։Փաշինյանի խոսքով` Հայաստանում հայրենասիրության մոդելը, որով մարդիկ մինչև «իրական Հայաստանի» գաղափարախոսությունը սիրել են հայրենիքը, մի գործնական նշանակություն է ունեցել` 2-րդ աշխարհամարտից հետո ապահովել ստալինյան ամբողջատիրական ամբիցիաները։Նա ընդգծեց, որ Հայաստանում հայրենասիրությունը ձևավորվել է 1950–60–ական թվականներին նկարահանված ֆիլմերի, ստեղծագործությունների հիման վրա։ Ըստ վարչապետի` չնայած այդ ստեղծագործությունները մեծ գեղարվեստական արժեք ունեն և հայ ժողովրդի ինքնության ու գիտակցության մի մասն են, բայց պետք է հասկանալ այդ գիտակցության մասերի պատճառահետևանքային կապը։Նիկոլ Փաշինյանը հայտարարեց` իր խնդիրն է, որ Հայաստանի Հանրապետությունն իր միջազգայնորեն ճանաչված տարածքում ապրելու և գոյություն ունենալու համար արտաքին աջակցության կարիք չունենա։ Այս պատճառով պետք է հարևանների հետ հարաբերությունները կարգավորել։Հիշեցնենք, որ 2024 թվականի ապրիլի 10–ին Ազգային ժողովում կառավարության 2023 թ. կատարողականի ներկայացման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 44-օրյա պատերազմից հետո մեկնարկել է պատմական և իրական Հայաստանների շուրջ բանավեճ, ու պատմական Հայաստանը և իրական Հայաստանը ոչ միայն համատեղելի չեն, այլև հաճախ հակոտնյա են միմյանց և լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար։