Կուսակցությունից՝ ՍԴ․ ինչի՞ համար էին քննադատում Թովմասյանին, և ինչպե՞ս ընտրվեց Վարդանյանը 16:45 7 նոյեմբեր, 2026 Աննա Սահակյան «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության նախկին անդամ, իշխող քաղաքական ուժի նախկին պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը երեկ ընտրվեց Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահ։ Այս տարվա մարտին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունն առաջադրեց ՍԴ դատավորի թափուր պաշտոնում, և վերջինս Ազգային ժողովում (ԱԺ) 67 կողմ ձայնով դարձավ ՍԴ դատավոր։ ՍԴ նախագահ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետը լրանալուց հետո Դատարանը պետք է ընտրեր նոր նախագահ ։ Հոկտեմբերի 14-ին տեղի է ունեցել առաջին ընտրությունը , որի երկու փուլերն էլ արդյունք չեն տվել. երկու թեկնածուներից (Վլադիմիր Վարդանյան և Էդգար Շաթիրյան) ոչ մեկը, չէր հավաքել բավարար ձայներ։ Նոյեմբերի 6-ին անցկացվել է նոր ընտրություն, որի երկրորդ փուլում ընտրվել է Վարդանյանը։ Այսինքն՝ ըստ ՍԴ հաղորդագրությունների , նոյեմբերի 6-ի նիստը ընտրության երկրորդ փորձն էր, իսկ այդ նիստում անցկացված քվեարկության երկրորդ փուլը՝ ընդհանուր առմամբ չորրորդ քվեարկությունը, որւ արդյունքներով ՍԴ նախագահ ընտրվեց Վլադիրմիր Վարդանյանը: Վլադիմիր Վարդանյանի ընտրությունը մի շարք հարցեր է առաջացնում՝ հաշվի առնելով, որ նախկինում ընդդիմադիր պատգամավոր և այսօր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու թիմակիցները բազմիցս քննադատել են անկախ պաշտոններում կուսակցականացված անձանց նշանակումն ու ընտրությունը։ Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանն՝ ընդդեմ կուսակցականացված ՍԴ նախագահի Հիշարժան է հատկապես Նիկոլ Փաշինյանի քննադատությունն՝ ուղղված ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանին։ Հրայր Թովմասյանը 2012-ից Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ էր։ Նա 2017-ից եղել է Ազգային ժողովի (ԱԺ) պատգամավոր ՀՀԿ համապետական ընտրական ցուցակով , զբաղեցրել է Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը։ 2013-2015թթ․ Թովմասյանը եղել է ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ։ 2018 թվականի մարտի 2-ին ԱԺ որոշմամբ նշանակվել է ՍԴ անդամ, ապա, կրկին ԱԺ որոշմամբ՝ ՍԴ նախագահ։ Այս փաստը 2018-ին բուռն քննարկումների տեղիք էր տվել՝ հաշվի առնելով, որ նոր Սահմանադրությունը հնարավորություն էր տվել այդ ժամանակ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին երրորդ անգամ պաշտոնավարելու՝ արդեն որպես ՀՀ վարչապետ։ Երբ Աժ-ում քննարկվում էր Հրայր Թովմասյանին ՍԴ նախագահ նշանակելու հարցը, այն ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը քննադատում էր Թովմասյանին վերջինիս իշխանամետ լինելու համար։ «Հրայր Թովմասյանը գործուղվում է Սահմանադրական դատարան և նշանակվում է նախագահ, որպեսզի լինի այս ստահոդ պետության, ինչպես միջազգային տերմինաբանությամբ է ընդունված ասել, watchdog-ը, որը հայերեն թարգմանաբար կոպիտ է հնչում, բայց շատ ճիշտ է հնչում՝ պահապան շուն, բառիս, իհարկե, քաղաքական իմաստով»,- նշում էր Փաշինյանը։ Քննադատությունները շարունակվում են իշխանափոխությունից հետո Հրայր Թովմասյանի քննադատությունը շարունակվում էր նաև 2018-ի իշխանափոխությունից հետո ։ 2019-ին Նիկոլ Փաշինյանը խնդրահարույց էր համարում, որ Թովմասյանը ՍԴ դատավոր, ապա նախագահ է նշանակվել ԱԺ որոշմամբ, քանի որ 2015-ին ընդունված նոր Սահմանադրությունն ուներ անցումային դրույթներ (ՍԴ նախագահի՝ դատավորների քվեարկությամբ ընտրվելու դրույթը չէր տարածվում գործող դատավորների վրա)։ 2020-ին Նիկոլ Փաշինյանն արեց իր հայտնի հայտարարությունն այն մասին, թե Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել Փաշինյանին, բացի այդ՝ իրեն զեկուցել են՝ «թե բա՝ Հրայրն ասում է՝ ես եմ գրել էս Սահմանադրությունը, ինչու իմ հնարավորությունները վարչապետը չի օգտագործում»։ 2019-2020թթ․ կառավարող ուժը փորձում էր հնարավոր բոլոր տարբերակները՝ Հրայր Թովմասյանին ՍԴ-ից հեռացնելու համար։ 2019թ. դեկտեմբերի 11-ին ԱԺ-ն ընդունեց «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքը: Դրանով օրենքի 88-րդ հոդվածում ավելացված 4.1-ին մասը ՍԴ` մինչև Սահամանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված և պաշտոնավարումը շարունակող անդամներին հնարավորություն էր տալիս օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` երկամսյա ժամկետում, հրաժարական ներկայացնել և մինչև իրենց համար Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը ստանալ հատուկ կարգով հաշվարկվող կենսաթոշակ: Դրա չափը հրաժարականի օրվա դրությամբ հաշվարկված պաշտոնյային դրույքաչափի ու հավելավճարի հանրագումարի և այդ գումարից հաշվարկված եկամտային հարկի տարբերությունն էր: Օրենքն ուժի մեջ մտավ 2019թ. դեկտեմբերի 27-ին: Հրայր Թովմասյանի պաշտոնավարումը ՍԴ նախագահի պաշտոնում, ի վերջո, դադարեցվեց սահմանադրական փոփոխությունների արդյունքում։ 2020 թվականի հունիսի 22-ին Ազգային ժողովը փոփոխեց Սահմանադրության 213-րդ հոդվածը, որով կարգավորվում էր Սահմանադրական դատարանի անդամների և նախագահի պաշտոնավարումը։ Դեռևս 2015 թվականի սահմանադրական փոփոխություններով փոխվել էր ՍԴ նախագահի ընտրության կարգը։ Եթե նախկինում ՍԴ նախագահին ընտրում էր Ազգային ժողովը, ապա նոր կարգով նրան վեց տարի ժամկետով ընտրում էին ՍԴ դատավորներն իրենց կազմից։ Այս կարգն ուժի մեջ էր մտել 2018 թվականի ապրիլի 9-ին։ Սակայն Սահմանադրության 213-րդ հոդվածի անցումային դրույթով նախատեսված էր, որ մինչև այդ նշանակված ՍԴ նախագահը և անդամները շարունակում են պաշտոնավարել նախկին կարգով սահմանված ժամկետներով։ 2020 թվականի հունիսի 22-ին ընդունված և հունիսի 26-ին ուժի մեջ մտած սահմանադրական փոփոխություններով վերաշարադրվեց 213-րդ հոդվածը ։ Դրա 4-րդ մասով սահմանվեց ՍԴ նախագահի պաշտոնավարման դադարեցումը։ Արդյունքում Հրայր Թովմասյանը դադարեց պաշտոնավարել որպես ՍԴ նախագահ, սակայն պահպանեց ՍԴ դատավորի պաշտոնը։ Նույն փոփոխություններով նախատեսվեց նաև, որ մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը նշանակված և ՍԴ անդամի կամ դատավորի պաշտոնում առնվազն 12 տարի պաշտոնավարած անձանց լիազորությունները դադարում են։ Այդ դրույթի հիմքով դադարեցվեց ՍԴ երեք անդամների՝ Հրանտ Նազարյանի, Ֆելիքս Թոխյանի և Ալվինա Գյուլումյանի պաշտոնավարումը։ Իսկ Թովմասյանը, որի պաշտոնավարման 12 տարին դեռ չէր լրացել, շարունակեց աշխատել որպես ՍԴ դատավոր։ 2020-ի հոկտեմբերին ՍԴ նախագահի պաշտոնում ընտրվեց Արման Դիլանյանը ։ Արդեն 2026թ․ փետրվարին Հրայր Թովմասյանը զրկվեց նաև ՍԴ դատավորի կարգավիճակից, քանի որ ուժի մեջ մտավ նրա վերաբերյալ մեղադրական դատավճիռը ։ Նշենք, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի համաձայն՝ սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարում են, եթե օրինական ուժի մեջ է մտել նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը, կամ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ ռեաբիլիտացնող հիմքով։ Թովմասյանը 2024-ին մեղավոր էր ճանաչվել մի գործով, ըստ որի՝ 2010-2014թթ, լինելով արդարադատության նախարար, խոչընդոտել էր նոտարների կողմից Երևանի Բաղրամյան պողոտայի 1 հասցեում գտնվող տարածքի նկատմամբ անհատույց օգտագործման իրավունքն իրացնելու գործընթացը։ Հրայր Թովմասյանը watchdog էր, իսկ ո՞վ է Վլադիմիր Վարդանյանը Այս տարվա մարտին «ՔՊ» խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանն առաջադրվեց ՍԴ դատավորի պաշտոնում և նույն օրը դադարեցրեց անդամակցությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, որի անդամ էր 2018-ից ։ Այնուհետև վայր դրեց պատգամավորական մանդատը ։ Մի խումբ ՀԿ-ներ հայտարարություն տարածեցին՝ ԱԺ-ին կոչ անելով ձեռնպահ մնալ Վլադիմիր Վարդանյանին ՍԴ դատավոր ընտրելուց: «Թեև Վլադիմիր Վարդանյանը վայր է դրել մանդատն ու դադարեցրել իր անդամակցությունը խորհրդարանական մեծամասնություն կազմող քաղաքական ուժին, այնուամենայնիվ, նրա՝ ավելի քան յոթ տարի քաղաքական գործունեությամբ զբաղվելու և կուսակցական լինելու հանգամանքը առերևույթ կասկած է հարուցում նրա՝ որպես Սահմանադրական դատարանի դատավոր, անաչառ պաշտոնավարման հնարավորության վերաբերյալ։ Ավելին՝ անաչառ դիտորդի տեսանկյունից նման քաղաքական փոխկապակցվածության հանգամանքն ինքնին բացառում է նշված ռիսկերի կառավարման հնարավորությունը»,- ասվում էր հայտարարության մեջ ։ Չնայած հնչող մտահոգություններին՝ Վարդանյանն ԱԺ-ում ընտրվեց ՍԴ դատավոր 67 կողմ ձայնով ։ Երբ 8-րդ գումարման ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը վերջինիս հարցրեց , թե ինչպես է ստացվում, որ Վարդանյանը քննադատում էր Հրայր Թովմասյանին , որը, ՀՀԿ անդամությունից հրաժարվելով, ՍԴ էր գնացել, իսկ հիմա ինքն է նույնն անում, Վարդանյանը պատասխանեց՝ իր և Հրայր Թովմասյանի նմանությունը միայն այն է, որ երկուսն էլ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահի կարգավիճակից գնում են Սահմանադրական դատարան։ «Հրայր Թովմասյանի հետ կապված հիմնական խնդիրը ոչ [այնքան] նրա մեջ էր, որ վերջինս խորհրդարանից տեղափոխվում է ՍԴ, որքան նրա մեջ, որ լինելով Սահմանադրության նոր տեքստի ջատագով, խոսելով նրա մասին, որ սահմանադրական նոր կարգավորումները ավելի ժողովրդական են, ըստ էության լինելով Սահմանադրության «այո»-ի շտաբի կարևորագույն դերակատարներից մեկը, այդուահանդերձ, նոր Սահմանադրության, իր իսկ կողմից կերտված Սահմանադրությունը թողնում է մի կողմ, և ընտրվում է այն սահմանադրական կարգավորումների համաձայն, որոնք օրեր անց պետք է դադարեն գոյություն ունենալ: Սա, իմ կարծիքով, նույն իրավիճակի մասին չի վկայում»,- ասաց Վարդանյանը: Իսկ երեկ Վարդանյանն ընտրվեց ՍԴ նախագահ ։ Նրա ընտրությանը հաջորդեց ՍԴ փոխնախագահ Էդգար Շաթիրյանի հրաժարականը , որը հայտարարեց․ «Ես ընդամենը մի նախադասություն կասեմ և սրանով կավարտեմ, արդյո՞ք սա էր 2020 թվականի հունիսին տեղի ունեցած սահմանադրության փոփոխության վերջնանպատակը։ Ես չեմ ուզում հավատալ սրան անձնապես, բայց առկա իրողությունները ստիպում են հաշվի նստել իրենց հետ»։ Այս տարվա խորհրդարանական ընտրություններից հետո, երբ ՍԴ-ում քննվում էին քաղաքական յոթ ուժերի՝ ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումները, Վլադիմիր Վարդանյանն ու Արտակ Զեյնալյանը ՍԴ որոշմամբ չէին մասնակցում քննարկմանը։ Ըստ դատարանի՝ նրանք կանխակալ վերաբերմունք ունեին որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ: Նախկին կուսակցականը՝ անկախ մարմնի ղեկավար պաշտոնում․ ևս մի օրինակ Սա միակ դեպքը չէ, երբ իշխող կուսակցության քաղաքական թիմի անդամն ընտրվում է անկախ մարմնի ղեկավար պաշտոնում։ 2022-ի հոկտեմբերի 7-ին ԱԺ-ն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի (ԿԸՀ) պաշտոնում ընտրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության՝ այդ պահի դրությամբ պատգամավոր և մինչ այդ՝ ՔՊ անդամ Վահագն Հովակիմյանին։ Վերջինս, հիշեցնենք, նաև պատգամավոր Նիկոլ Փաշինյանի օգնականն էր, նաև Փաշինյանի հիմնադրած «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրողը։ Իր ընտրությունից 4 օր առաջ, երբ պաշտոնապես հաստատվեց ԿԸՀ անդամի թեկնածությունը, Հովակիմյանը հայտարարեց, որ դիմում է ներկայացրել ՔՊ-ին անդամակցությունը դադարեցնելու վերաբերյալ։ Մինչ այդ՝ 2022թ․ հուլիսին, կառավարող պատգամավորներ Հերիքնազ Տիգրանյանն ու Արթուր Հովհաննիսյանը հեղինակել էին օրենսդրական նախագիծ, որով, ի թիվս այլնի, առաջարկել էին կրճատել ԿԸՀ անդամին ներկայացվող պահանջները։ Վահագն Հովակիմյանն այդ քվեարկությանը նույնպես մասնակցել էր՝ կողմ քվեարկելով առաջարկվող փոփոխությանը։ Այդ փոփոխությամբ նա փաստացի հնարավորություն էր ստացել` համապատասխանելու ԿԸՀ անդամ դառնալու պահանջներին։ Նախկինում Ընտրական օրենսգիրքը (42-րդ հոդվածի 3-րդ մասը) նախատեսում էր կրթության և մասնագիտական կամ աշխատանքային ստաժի որոշակի համակցություններ: Փոփոխությամբ այդ պահանջները փոխարինվեցին ընդհանուր պայմանով` ԿԸՀ անդամ կարող էր ընտրվել բարձրագույն կրթություն ունեցող և պատգամավորին ներկայացվող պահանջներին համապատասխանող յուրաքանչյուր ոք: Այսպիսով` վերացվեցին նախկինում սահմանված մասնագիտական և աշխատանքային ստաժի հատուկ պահանջները: Վահագն Հովակիմյանը, դեռևս լինելով պատգամավոր, մասնակցել էր ԿԸՀ-ի նախագահի պաշտոնում սեփական թեկնածության քվեարկությանը: «ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի համաձայն` պատգամավորի անձնական շահերով առաջնորդվելու դեպքերի թվում նախատեսվում է նաև այն քվեարկությանը մասնակցելը, որը հանգեցնում կամ կարող է նպաստել պաշտոնում իր ընտրությանը կամ նշանակմանը` օրենքով սահմանված բացառություններով: Նույն օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` շահերի բախում առաջանալու դեպքում պատգամավորը պարտավոր է քվեարկությունից առաջ հանդես գալ շահերի բախման վերաբերյալ հայտարարությամբ: Մանրամասները կարդացեք «Ինֆոքոմ»-ի հոդվածում ։ «Ինֆոքոմ»-ի CTRL Z հաղորդման ժամանակ մեր լրագրողը հիշեցրել էր, որ Նիկոլ Փաշինյանը ժամանակին քննադատում էր Հրայր Թովմասյանին, և հարցրել՝ արդյո՞ք հանրությունը նույն՝ կուսակցականացված լինելու մտահոգությունը չի կարող հայտնել ԿԸՀ նախագահի վերաբերյալ, վարչապետը խուսափեց ուղիղ պատասխանից՝ ներկայացնելով միայն մասնավոր մի դրվագ․ «Երբ որ Հակակոռուպիցոն կոմիտեն ընտրակաշառքի դեպքեր էր լուսաբանում, ԿԸՀ նախագահը Հակակոռուպիցոն կոմիտեին պաշտոնապես գրում է, որ այդ քաղաքական ուժերի անունը, որոնց օգտին ընտրակաշառք են տալիս, մի՛ ասեք, մի՛ հրապարակեք։ Ես, օրինակ, բացարձակապես համաձայն չեմ էդ դիրքորոշման հետ, և ՔՊ կուսակցությունը բացարձակապես համաձայն չէ այդ դիրքորոշման հետ, ինչո՞ւ է գրել այդ գրությունը։ ․․․ Ձեր ասած էդ նույն մարդը, որը կողմնակալ ա, ինչո՞ւ ա էդ գրությունը գրել, որի հետ ես կտրականապես և բացարձակապես համաձայն չեմ, և մեր ամբողջ քաղաքական թիմը կտրականապես և բացարձակապես համաձայն չէ»։ «Ինֆոքոմի» լրագրողի դիտարկմանը, թե՝ այդ դեպքում ինչո՞ւ էր վարչապետը նախկինում կարծում, որ Հրայր Թովմասյանը կուսակցականացված է, և այնտեղ շահերի բախում կար, վարչապետը կրկին ըստ էության չպատասխանեց հարցին՝ նշելով, որ Հայաստանում կա մտքի ազատություն, ու ինքը չի վիճարկում որևէ բան մտածելու իրավունքը։ Այսպիսով, նախկինում կուսակցական կապերը քննադատած ուժի երկու նախկին պատգամավորներ ընտրվել են անկախ մարմինների ղեկավարներ: Այսինքն` այն, ինչ ներկայիս կառավարող ուժի համար մի քանի տարի առաջ անընդունելի էր, այժմ ընդունելի է առնվազն երկու դեպքում․ երկու կարևոր անկախ կառույցների՝ Սահմանադրական դատարանի և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահները եղել են ՔՊ կուսակցության անդամներ և իշխող խմբակցության պատգամավորներ։ The post Կուսակցությունից՝ ՍԴ․ ինչի՞ համար էին քննադատում Թովմասյանին, և ինչպե՞ս ընտրվեց Վարդանյանը appeared first on Infocom .