ԱՄՆ իշխանություններն առաջարկել են մինչև 20 միլիոն դոլար պարգևավճար, ինչպես նաև Միացյալ Նահանգներ տեղափոխվելու հնարավորություն՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ տեղեկությունների դիմաց։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche Welle-ն, այդ մասին հայտարարել է ԱՄՆ ԶՈՒ Կենտրոնական հրամանատարությունը։ Տվյալ առաջարկն ԱՄՆ Պետդեպարտամենտի «Պարգևներ՝ հանուն արդարության» ծրագրի մի մասն է։ Պարգև է սահմանվել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ տեղեկությունների համար, այդ թվում՝ դրա օբյեկտների, սարքավորումների և դրա հետ կապված անձնակազմի, օրինակ՝ գիտական ​​հանրության ներկայացուցիչների մասին։ Ծրագիրը հիմնադրվել է 1984 թվականին՝ որպես կառավարական լայնածավալ նախաձեռնության մաս, որի նպատակն է պարգևատրել այն տեղեկությունների տրամադրման համար, որոնք ուղղված են ամերիկացի քաղաքացիների կյանքի և Միացյալ Նահանգների շահերի պաշտպանությանը։ Ինչպես նշվում է հայտարարության մեջ, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության նկատմամբ ստանձնած երաշխիքների վերաբերյալ պարտավորություններն Իրանի կողմից չկատարելու հետևանքով գործակալությունը կորցրել է հիմնական բաղադրիչների՝ մասնավորապես ցենտրիֆուգների արտադրության և պաշարների նկատմամբ մշտական ​​վերահսկողություն իրականացնելու հնարավորությունը։ —00—ՄԱ The post ԱՄՆ մինչև 20 միլիոն դոլար է առաջարկել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ տեղեկությունների դիմաց appeared first on 24News .