89 տարեկանում կյանքից հեռացել է ԱՄՆ նախկին սենատոր և Արևմտյան Վիրջինիայի նախկին նահանգապետ Ջեյ Ռոքֆելերը: Նա մահացել է Վաշինգտոնի իր տանը: Այս մասին հաղորդում է The Washington Post-ը։ Մահվան պատճառը չի նշվում: Ջեյ Ռոքֆելերը հայտնի ամերիկյան միլիարդատերերի և քաղաքական գործիչների դինաստիայի ներկայացուցիչ էր (նավթային մագնատ Ջոն Ռոքֆելերի ծոռը), սակայն, ի տարբերություն իր հանրապետական ընտանիքի, նա իր քաղաքական կյանքը կապեց Դեմոկրատական կուսակցության հետ: Նա ավելի քան 50 տարի անցկացրել է պետական ծառայության մեջ: 1977-1985 թվականներին եղել է Արևմտյան Վիրջինիայի նահանգապետը, իսկ 1985-2015 թվականներին ներկայացրել է այդ նահանգը ԱՄՆ Սենատում: Սենատում նա ակտիվորեն պայքարում էր աղքատների և ցածր եկամուտ ունեցող ընտանիքների երեխաների առողջապահական ծրագրերի ընդլայնման համար: Նաև մեծ ավանդ է ունեցել հանքափորների և վետերանների իրավունքների պաշտպանության գործում: Լինելով Սենատի հետախուզության հարցերով կոմիտեի նախագահ՝ նա խստորեն քննադատել է նախագահ Ջորջ Բուշ կրտսերի վարչակազմին՝ Իրաք ներխուժումը կեղծ հիմնավորումներով սկսելու համար: Նա քաղաքականությունից հեռացել էր 2015 թվականին: