ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Արցախի Հանրապետության իշխանությունները ողջունում են Հայաստանի քաղաքական ուժերի՝ համազգային միավորման ձևավորման նախաձեռնությունը, բայց ափսոսանք հայտնում, որ քննարկմանն ու ձևավորմանն իրենք ներգրավված չեն եղել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը։Իսկանդարյանը հավելել է, որ համազգային միավորումը չի կարող ամբողջական լինել, եթե դրա ձևավորման և գործունեության շրջանակում տեղ չի գտնվել Արցախի ներկայացվածության ու ձայնի համար։«Արցախի հարցը միայն արցախահայության հարցը չէ․ այն հայ ժողովրդի հավաքական պատասխանատվության և ազգային օրակարգի հարցն է»,– գրել է Նժդեհ Իսկանդարյանը։Նա հույս է հայտնել, որ հետագա գործընթացներում այս բացը կշտկվի, և Արցախի Հանրապետության իշխանությունները ևս հնարավորություն կունենան իրենց մասնակցությունն ու ներդրումն ունենալու համազգային առաջնահերթությունների շուրջ ձևավորվող համագործակցությանը։Հիշեցնենք` նոյեմբերի 4-ի երեկոյան ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանի տանը հանդիպում անցկացրեց ընդդիմադիր մի շարք քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման արդյունքում ընդունվեց համատեղ հայտարարություն` համազգային համախմբման ձևավորման մասին։ Դրա նպատակներն են «ալիևյան սահմանադրության պարտադրանքի մերժումը», «խաղաղությունը՝ առանց միակողմանի զիջումների և տարածքային կորուստների», «ազգային ինքնության և Հայ առաքելական սուրբ եկեղեցու պաշտպանությունը», «ժողովրդավարական ազատությունների և իրավունքների վերականգնումը»։