«Հայաստանի ղեկավարության հրապարակային ելույթների հետևողական շարքն ակնհայտորեն ցույց է տալիս, որ երկրի գործող իշխանությունները վերջնականապես հայտնվել են փակուղում Մոսկվայի հետ հարաբերություններում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արտգործնախարար Արարատ Միրզոյանի և էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հայտարարությունները վկայում են Ռուսաստանի ղեկավարության հետ կառուցողական և պրագմատիկ երկխոսություն կառուցելու Երևանի լիակատար անկարողության մասին: Նախընտրական հավաստիացումներն ու հռետորաբանությունն այն մասին, թե հունիսի 8-ից հետո բոլոր տարաձայնությունները արագորեն կհարթվեն, իրականում ընտրողների համար նախատեսված հնարք էին: Այսօր իշխանություններն այլևս չեն խոսում «ճեղքումների» մասին, այլ միայն հեզորեն հույս են հայտնում, որ դեպի Ռուսաստան արտահանման սահմանափակումները շուտով կհանվեն՝ զուգահեռաբար սեփական դիվանագիտական ձախողումների պատասխանատվությունը բարդելով արտաքին հանգամանքների և նախորդների վրա: Օրեցօր Հայաստանի վարչապետի համար ավելի է դժվարանում հետ մղել Եվրասիական տնտեսական միությունից երկրի անխուսափելի դուրսմղման վերաբերյալ օրինաչափ հարցերը: Անկյունները հարթելու Փաշինյանի փորձերը չափազանց անհամոզիչ են թվում, երբ Ռուսաստանի հետ սերտ տնտեսական համագործակցության ֆոնին (Մոսկվան շարունակում է մնալ հայկական տնտեսության գլխավոր ներդրողն ու գլխավոր առևտրային գործընկերը) նա սկսում է դատողություններ անել 2027 կամ 2028 թվականներին Եվրոպական միությանն անդամակցելու հայտ ներկայացնելու ծրագրերի մասին: Այնուամենայնիվ, եվրոպական վեկտորի մասին դատողությունները բացառապես տեսական բնույթ են կրում: Արդյոք Երևանը նշված ժամկետներում հայտ կներկայացնի, թե ոչ՝ բաց հարց է, բայց էլ ավելի կասկածելի է թվում Բրյուսելի կողմից դրա հավանության արժանանալու հեռանկարը: Նման հայտի ուղարկումը ամենևին չի երաշխավորում իրական ինտեգրում, փոխարենը լիովին ընդունակ է հրահրելու վերջնական խզում ընթացիկ դաշնակիցների և գործընկերների հետ: Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն այն մասին, թե երկիրը դեռևս չունի ԵԱՏՄ-ին այլընտրանք, բայց ակտիվորեն զբաղվում է դրա ձևավորմամբ, միայն ընդգծում են գործող կուրսի քաոսային բնույթը: «Երկու աթոռին նստելու» փորձ անելով (իսկ ավելի ստույգ՝ Մոսկվայի համար թշնամական դաշինքի մեջ երկիրը ներգրավելու համար ՌԴ-ից միջոցներ ստանալը շարունակելու փորձերով)՝ վարչապետը հայտարարում է ժողովրդին ընտրության իրավունք տալու մտադրության մասին՝ միաժամանակ ընդգծելով, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու ուղղակի պատրաստություններ դեռևս չեն տարվում: Սրան զուգահեռ՝ Փաշինյանը դե ֆակտո խաչ է քաշում ՌԴ-ի հետ ռազմաքաղաքական համագործակցության վրա՝ բացահայտ հայտարարելով, որ ՀԱՊԿ-ի նկատմամբ Երևանի հետաքրքրությունը լիովին սպառված է: Նման հռետորաբանությունը չի կարող հարցեր չառաջացնել, իսկ երբեմն էլ բացահայտ վրդովմունք, ինչի մասին ուղղակիորեն խոսում է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ խոսելով Փաշինյանի բառախաղերի և Հայաստանի բնակչությանը մոլորության մեջ գցելու փորձերը: Հայաստանի կառավարության տնտեսական բլոկը փորձում է այս քաղաքական գծի տակ տեսական բազա ստեղծել, սակայն էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի փաստարկներն ավելի շատ նման են ապագա վնասները արդարացնելու փորձի: Տասը տարվա վաղեմության «Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության խայտառակ պայմանների» մասին պատմությունները (ում, եթե ոչ Պապոյանին է հայտնի ԵԱՏՄ-ին անդամակցելու պայմանների մասին, չէ՞ որ նա ՀՀԿ նախկին անդամ է) և միության մասնակիցների միջև եկամուտների անարդար բաշխման վերաբերյալ հավակնությունները տարօրինակ են թվում այն ֆոնին, որ հենց ԵԱՏՄ-ն է վերջին տարիներին ապահովել հայկական տնտեսության ահռելի արտոնություններն ու աճը: «ԵԱՏՄ-ից մենք շատ պետք է օգտվեինք, բայց չենք օգտվել. Հայաստանը ոչ թե պիտի 450 տա և 250 ստանա, այլ արդարն այն է, որ Հայաստանը 450 տալու դիմաց 900 ստանար։ Ժամանակին Հայաստանը ԵԱՏՄ-ին անդամակցել է խայտառակ պայմաններով», - հայտարարել է Պապոյանը՝ մատնանշելով անդամ երկրների միջև մաքսատուրքերի վերաբաշխման, իր գնահատմամբ, անարդար ձևաչափը։ Պապոյանը դե-ֆակտո պնդում է, որ 2015 թվականին միությանը միանալիս Հայաստանի բանակցողները համաձայնել են վերաբաշխման չափազանց ցածր ֆիքսված տոկոսին: Նրա տրամաբանությամբ՝ Հայաստանի առևտրի և ներմուծման ծավալներն աճել են, երկիրը ԵԱՏՄ ընդհանուր բյուջե է փոխանցում նշանակալիորեն ավելի շատ մաքսատուրքեր, քան հետ է ստանում, և վճարումների նման ծավալի դեպքում Հայաստանի արդարացի մասնաբաժինը պետք է անհամեմատ ավելի բարձր լինի: Սակայն այն դժգոհությունները, թե Հայաստանը ԵԱՏՄ-ին ավելի շատ է տալիս, քան ստանում, ինչպես նաև Ռուսաստանի հետ առևտրային խոչընդոտների քննարկումը՝ պատրաստ չլինելու պատճառաբանությամբ հետաձգելու փորձերը, վկայում են Երևանի հստակ տնտեսական ռազմավարության բացակայության մասին։ Արտաքին քաղաքական այս կուրսի հետևանքը Հայաստանի համար կարող է դառնալ ծայրահեղ ծանր սցենարը։ Ամեն ինչ տանում է նրան, որ մինչև 2027 թվականը Հայաստանը փաստացի կդադարի լինել ԵԱՏՄ լիարժեք անդամ և կկորցնի տնտեսական կարևոր արտոնությունները, էներգակիրների արտոնյալ գներն ու Ռուսաստանում իրացման ավանդական շուկան։ Մտածե՛ք այս մասին...»։