Բրիտանացի ճանապարհորդ-բլոգեր և լուսանկարիչ Էլլի Գրինը, որը սոցցանցերում հայտնի է «The Ginger Wanderlust» կեղծանունով, կիսվել է Հայաստանում իր աշնանային ավտոճանապարհորդության տպավորություններով։ Սոցիալական ցանցերում ճանապարհորդուհին հրապարակել է «աշնանային հեքիաթը» ներկայացնող մի շարք տպավորիչ լուսանկարներ և խոստովանել, որ Հայաստանը բառացիորեն հմայել է իրեն՝ վանական համալիրների վեհաշուք ու խստաշունչ ճարտարապետության, գեղատեսիլ բնապատկերների և յուրահատուկ մթնոլորտի համադրությամբ։ Էլլի Գրինի կարծիքով՝ Հայաստանը դեռևս անարդարացիորեն քիչ ուշադրության է արժանանում միջազգային զբոսաշրջիկների շրջանում։ Բլոգերին հատկապես տպավորել են Խոր Վիրապի և Գեղարդի վանքերը։ Վերջինիս մասին, որը փորված է անմիջապես ժայռի մեջ, նա նշել է, որ այնտեղ օդը մինչ օրս հագեցած է հազարամյա աղոթքի շնչով։ Նրա առանձնացրած տեսարժան վայրերի ցանկում ընդգրկվել են նաև հեթանոսական Գառնիի տաճարը, «Քարերի սիմֆոնիա» բնության հուշարձանը, Ազատ գետի կիրճը, միջնադարյան Մաթոսավանքը և Դիլիջանի ազգային պարկի խիտ անտառներում թաքնված Պարզ լիճը։ The post «Օդը լի է աղոթքով»․ բրիտանացի բլոգերը ներկայացրել է Հայաստանի գեղեցիկ տեսարժան վայրերը appeared first on Alphanews .