Եվրամիությունը պայքարելու է էներգակիրների բարձր գների դեմ՝ ամբողջ Եվրոպայում կանաչ էլեկտրաֆիկացման միջոցով։ Այս մասին X-ի իր էջում գրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ «Էներգիայի գները եվրոպացի բնակիչների և բիզնեսի գլխավոր մտահոգությունն են։ ԵՄ-ի ապագան սեփական արտադրության մաքուր էներգիայի՝ վերականգնվող աղբյուրների և ատոմային էներգիայի հիման վրա էլեկտրաֆիկացումն է», – նշել է նա։ Անցած շաբաթ Եվրահանձնաժողովը հանդիպում է անցկացրել նավթավերամշակման գործարանների ներկայացուցիչների հետ՝ 20 տարվա ընթացքում առաջին անգամ հրապարակայնորեն կոչ անելով ավելացնել Եվրոպայում վառելիքի արտադրությունը։ Մինչև անցյալ տարի Եվրահանձնաժողովը ատոմային էներգիան չէր ճանաչում որպես «մաքուր» էներգիայի աղբյուր։ Ավելի վաղ ֆոն դեր Լայենը հայտնել էր, որ տարեսկզբից էներգակիրների գների աճի հետևանքով ԵՄ-ի կրած կորուստները հասել են 127 միլիարդ եվրոյի։ Մինչդեռ հոկտեմբերի կեսերին այդ ցուցանիշը 106 միլիարդ եվրո էր։ Նա նաև կրկնել է իր նախկին պնդումը, թե էներգակիրների ներմուծումը ԵՄ է բերում «ճգնաժամեր և ցնցումներ»։