ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Կովկասի ենթակառուցվածնքերի տարածաշրջանային ղեկավար Թեա Մելիքաձեի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին նաև Հայաստանյան գրասենյակի ղեկավար Ռեմոն Զաքարիան, կենտրոնական գրասենյակի գնումների պատախանատու Նուրիլյա Մոլդախմատովան և բանկի երևանյան գրասենյակի գլխավոր բանկիր, ծրագրերի ղեկավար Ռուդիկ Թադևոսյանը։ Այս մասին հայտնել են ՀՀ ՏԿԵ նախարարությունից: Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին՝ կարևորելով հատկապես ենթակառուցվածքների զարգացման ոլորտում ՎԶԵԲ-ի հետ ռազմավարական գործընկերությունը, ծրագրերն ու նախագծերը։ ​ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի համագործակցությամբ իրականացվող «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք (Սիսիան-Քաջարան հարավային հատված)» ծրագրին։ Քննարկվել են ծրագրի առանցքային կետերին՝ ֆինանսավորմանը և ժամկետներին վերաբերող հարցեր։ Տիկին Ղալեչյանը կարևորել է ծրագրի առաջընթացի ապահովմանն ուղղված քայլերը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ծրագրի ներքո բոլոր գործընթացների՝ սեղմ ժամկետներում իրականացնելու։ Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են նաև համատեղ իրականացվող այլ ծրագրերին և պլանավորվող նախագծերին վերաբերող հարցեր։