Անչափահասի օրգանիզմում թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը: «ՆԳ նախարարությունը հետևողականորեն ստուգում է անչափահասների կողմից առերևույթ թմրանյութ օգտագործելու վերաբերյալ յուրաքանչյուր տեղեկություն, սոցցանցում արված ցանկացած գրառում։ Հերթական անգամ սոցցանցում ու ԶԼՄ-ներով տարածվեց տեղեկություն, որ անչափահասին կոնֆետ են հյուրասիրել, վատացել է ինքնազգացողությունը։ Որոշ օգտատերեր առանց ճշտումների միանգամից սկսեցին տարածել անհիմն մեկնաբանություններ, թե «ինչ սարսափելի իրավիճակ է՝ անչափահասները թմրանյութ են օգտագործում» և այլն։ Թեմայի վերաբերյալ հարց հնչել է նաև վարչապետի ճեպազրույցի ընթացքում։ Իսկ հիմա՝ իրականությունը։ Կատարված ստուգումներով պարզվել է, որ անչափահասն ալկոհոլ է օգտագործել։ Օրգանիզմում թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվել։ Իհարկե, անչափահասի կողմից ալկոհոլ օգտագործելն էլ մտահոգիչ է, սակայն այս դեպքում ևս ապացուցվեց, որ անչափահասի կողմից թմրանյութ ընդունելու մասին հերթական տեղեկությունը սուտ է»,-գրել է Սարգսյանը: