Վերլուծաբան Տիգրան Դումիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր կրկին կալանավորվեց ազգային բարերար, ՀՀ առաջատար ընդդիմադիր ուժի ղեկավար Սամվել Կարապետյանը, ով մինչ այդ գտնվում էր տնային կալանքի տակ։ Ի՞նչն էր խանգարում նախաքննությանը, որ նրան կրկին կալանավորելու անհրաժեշտություն առաջացավ։ Ո՞րն էր այն կոնկրետ ռիսկը, որը հնարավոր չէր կանխել ավելի մեղմ խափանման միջոցով։ Թե՞ Հայաստանում կալանավորումը վերածվել է քաղաքական հակառակորդների հետ հաշվեհարդար տեսնելու և նրանց լռեցնելու պատժիչ մահակի՝ մնալով տխուր ավանդույթ։ Հիշո՞ւմ եք, երբևէ եղե՞լ է, որ Հայաստանում միաժամանակ կալանավորված լինեն ընդդիմադիր առաջատար բոլոր ուժերի ղեկավարները։ Մի՞թե սա է այն ժողովրդավարական իրականությունը, որին ձգտում էինք։ Հետո՞… Մի՞թե քաղաքակիրթ երկխոսության բոլոր հնարավորությունները սպառվել են։ Մի՞թե քաղաքական հակասությունները լուծելու միակ ճանապարհը ուժային մեթոդները, կալանավորումներն ու ճնշումները դարձան։ Գործող իշխանությունների քաղաքականության հետևանքով աստիճանաբար ամայանում է ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական դաշտը։ Ամիսներով կապարակնքված են մնում հարյուրավոր մարդկանց աշխատատեղեր ապահովող գործարաններ ու ձեռնարկություններ։ Խաթարվում է բնականոն տնտեսական գործունեությունը, վատթարանում է գործարար միջավայրը, իսկ դրա հետևանքով հազարավոր ընտանիքներ կանգնում են անորոշության, եկամտի կորստի և սոցիալական լուրջ խնդիրների առաջ։ Սա փակուղի է, ճանապարհ, որը ոչ մի տեղ չի տանում։ Եվ բոլորովին էական չէ, թե սոցիալական ցանցերում իրականությունից կտրված ինչ-որ շրջանակներ կամ ֆեյքերի խմբեր որքան կուրախանան ու կծափահարեն… Պետությունը չի կարող զարգանալ, երբ սեփական հասարակության մի հատվածը շարունակաբար հանվում է մյուսի դեմ, քաղաքական մրցակցությունը վերածվում է թշնամանքի, իսկ իրավապահ համակարգը՝ քաղաքական պայքարի գործիքի։ Բոլորս էլ քաջ գիտակցում ենք, որ ծանր ժամանակներ ենք ապրում, և առկա մարտահրավերները հաջողությամբ հաղթահարելու համար մեզ անհրաժեշտ է քաղաքական հասունություն, դիմադրողականություն և հասարակական համերաշխություն։ Եվ գուցե հենց ընդդիմադիր ուժերի կողմից սկսված համախմբումն ու նոր, կենսունակ քաղաքական բևեռի ձևավորումը դառնա այն շրջադարձային քայլը, որը կստիպի իշխանությանը հաշվի նստել քաղաքական հակակշիռների հետ և վերջ կդնի կարմիր գծերի անպատիժ տրորմանը»,- գրել է նա։ —00—ԼԱ The post Կալանավորումը վերածվել է քաղաքական հակառակորդներին լռեցնելու պատժիչ մահակի. Դումիկյան appeared first on 24News .