ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik․ Առաջիկայում բարձր աշխատավարձ ստացողների սոցիալական կրեդիտների հնարավորությունը կնվազեցվի, և դրա շնորհիվ կավելացվեն նրանց սոցիալական կրեդիտները, որոնք դրա կարիքն ավելի շատ ունեն։ Այդ մասին այսօր ՀՀ կառավարության նիստից հետո` ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով ֆիզիկական անձանց հայտարարագրման համակարգին։Լրագրողի հարցը վերաբերում էր այն նոր կարգավորմանը, ըստ որի` անձի կողմից ստորագրված ու ՊԵԿ ուղարկված հայտարարագրից սստացվող սոցիալական կրեդիտների գերակշիռ հատվածը` 72 հազար դրամն այսուհետ ուղղվելու է համընդհանուր առողջության ապահովագրությանը և միայն չնչին` 28 հազար դրամն է մնալու որպես կրթության կրեդիտ։ Արդյոք ՀՀ կառավարությունը նախատեսո՞ւմ է մեծացնել կրեդիտների հանրագումարը, որպեսզի կրթության համար փոխանցվող գումարը ևս բավարար լինի։ Ըստ նրա` հայտարարագրման համակարգի նպատակն է, որպեսզի սոցիալական ծրագրերը դառնան ավելի հասցեական։ Նշենք, որ Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը ներդրվել է 2023 թվականից և կիրառվում է փուլային տարբերակով։ Հայտարարագիրը պետք է ներկայացնեն ՀՀ ռեզիդենտ հանդիսացող չափահաս քաղաքացիները` առցանց՝ մինչև յուրաքանչյուր տարվա նոյեմբերի 1-ը (նախորդ տարվա եկամուտների համար)։ Հայտարարագիրը ներկայացվում է առցանց եղանակով՝ «ԵսԵմ» նույնականացման համակարգի միջոցով կամ ՀՀ ՊԵԿ պաշտոնական հարթակում։ Հայտարարագրվող եկամուտներն են` աշխատավարձ, մատուցված ծառայություններ, վարձակալություն, գույքի վաճառք, բանկային ավանդների տոկոսներ, շահումներ և այլն։Հայտարարագիր լրացնելու ու էլեկտրոնային ստորագրությամբ հաստատելու դեպքում հնարավոր է ստանալ սոցիալական ծախսերի փոխհատուցում` տարեկան մինչև 100 000 դրամ` կատարված առողջապահական և կրթական ծախսերի դիմաց։