ՀՀ կառավարությունը նոյեմբերի 5-ի նիստում հաստատել է 63–72 տարեկան քաղաքացիների տնտեսական ներուժի իրացման և ձեռնարկատիրական նախաձեռնությունների աջակցության նոր ծրագիրը։ Ինչու է դա կարևոր. Ծրագիրը նպատակ ունի խթանել ավագ տարիքի քաղաքացիների տնտեսական ակտիվությունը՝ համատեղելով ձեռնարկատիրական ուսուցումը, բիզնես ծրագրերի մշակումն ու նպատակային ֆինանսավորումը։ Մեկ շահառուին տրամադրվող աջակցության առավելագույն չափը 2 միլիոն դրամ է (~$5,500), իսկ ծրագրից կարող է օգտվել մինչև 200 քաղաքացի։ Ծրագրի առանցքային մանրամասներն ու պայմանները. Թիրախային խումբը. 63–72 տարեկան ՀՀ քաղաքացիներ, որոնք գրանցված են որպես ԱՁ, իրավաբանական անձի հիմնադիր կամ գործադիր մարմնի ղեկավար (կամ պարտավորվում են ձեռք բերել այդ կարգավիճակը մինչև պայմանագրի կնքումը)։ Պարտադիր նախապայման. Ֆինանսական աջակցություն ստանալու համար դիմորդները պետք է անցնեն ձեռնարկատիրական ուսուցման ծրագիրն ու ստանան համապատասխան հավաստագիր։ Ֆինանսավորման մեխանիզմը. Առավելագույն գումարը՝ 2 մլն դրամ (մինչև 200 շահառու): Աջակցությունը տրամադրվելու է բանկերի և վարկային կազմակերպությունների միջոցով։ Միջոցները փոխանցվելու են անմիջապես ապրանքների կամ ծառայությունների մատակարարին (անհանխիկ նպատակային ֆինանսավորում)։