ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի — Sputnik. Հայաստանում մեկ սոցիալական աշխատողին բաժին է ընկնում 3000 բնակիչ, ինչը շատ մտահոգիչ է, հաշվի առնելով ոլորտի խնդիրներն ու մասնագետների սակավությունը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը։Նշենք, որ Հայաստանում նոյեմբերի 4–ը նշվում է որպես «Սոցիալական աշխատողի օր»։ Օրվան նվիրված «Սոցիալական ծառայությունների աշխատուժի պրոֆեսիոնալիզացիան Հայաստանում. մասնագիտական կրթություն, շարունակական զարգացում և սուպերվիզիա» խորագրով երկօրյա համաժողով անցկացվեց Երևանում։Համաժողովի ընթացքում ներկայացվեց, որ սոցիալական ոլորտի աշխատուժի քարտեզագրման նախնական արդյունքներով Հայաստանում կա 573 սոցիալական աշխատող, 113 սոցիալական սատարող և 147 սոցիալական սպասարկող։ Քարտեզագրմանը մասնակցել են 142 կազմակերպություններ, դրանցից 72–ը պետական, մյուսները՝ հասարակական են։Նրա խոսքով` քարտեզավորմամբ պարզվել է, որ 573 սոցիալական աշխատողներից 208–ն ունեն «Սոցիալական աշխատանք» մասնագիտությամբ բակալավրի աստիճան։Նրանցից 107–ն աշխատում է պետական կառույցներում, մյուսները՝ հասարակական և համայնքային կազմակերպություններում։ Մագիստրոսական կրթություն ունի 573–ից 81–ը։Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Ղասսան Խալիլն էլ կարևորեց սոցիալական աշխատողների մասնագիտական զարգացման համար ներդրումների անհրաժեշտությունը։ Նա վստահ է, որ դժվարությունները հաղթահարելու ճանապարհին կարևոր է սոցիալական աշխատողի ճիշտ մոտեցումը՝ մարդկանց լսելու, նրանց կողքին լինելու կարողությունը։