Երեկ՝ Բարձրագույն դատական խորհրդի նիստում, որոշվել է կարգապահական պատասխանատվության ենթարկել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր, ԲԴԽ նախկին անդամ Անի Մխիթարյանին։ Նշենք, որ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել էր Դատավորների էթիկայի և կարգապահական հարցերով հանձնաժողովի կողմից։ ԲԴԽ միջնորդություն էր ներկայացվել նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։ Ավելի վաղ «Փաստինֆո»-ն գրել էր, որ կարգապահական վարույթի առիթը գործերից մեկով դատական ակտի ուշացումն է եղել։ Խոսքը, ըստ լրատվամիջոցի տեղեկությունների, շուրջ յոթ ամիս ուշացման մասին է։ Հանձնաժողովում ԲԴԽ դիմելու որոշումը միաձայն չէր ընդունվել։ Հանձնաժողովի 11 անդամներից հինգ դատավոր անդամներ դեմ էին եղել միջնորդությանը՝ ներկայացնելով հատուկ կարծիք։ Նրանք, ի թիվս այլ հանգամանքների, ուշադրություն էին հրավիրել այն փաստի վրա, որ գործը բավականին բարդ էր։ ԲԴԽ դիմելուն կողմ էին եղել քաղհասարակության ներկայացուցիչները և մեկ դատավոր անդամ։ Իսկ ով է դատավոր Անի Մխիթարյանը և ինչ ունեցվածք ունի Ըստ ArmLur.am-ի ուսումնասիրության Անի Մխիթարյանը 1996-2005 թվականներին աշխատել է ՀՀ Սահմանադրական դատարանում՝ սկզբում որպես առաջատար մասնագետ, ապա՝ վարչության պետի տեղակալ։ 2005-2008 թվականներին եղել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, իսկ 2008-2009 թվականներին՝ Հյուսիսային քաղաքացիական դատարանի դատավոր։ 2009 թվականի փետրվարի 27-ին նշանակվել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։ 2018 թվականի մարտի 1-ին ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ, իսկ նույն թվականի հունիսի 15-ին նշանակվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր։ Դատավորի 2025 թվականի հայտարարագրի համաձայն՝ Մխիթարյանն ունի 4 միավոր անշարժ գույք ։ Դրանցից մեկը Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող բնակարան է, որի սեփականության բաժինը կազմում է 1/4-ի 1/3-ը, իսկ մյուս երկուսը՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանում գտնվող ոչ բնակելի տարածք և բնակարան են։ Չորրորդ գույքը Գյումրիում գտնվող անհատական բնակելի տուն է։ 2025 թվականին Անի Մխիթարյանը հայտարարագրել է ընդհանուր 23.7 մլն դրամ եկամուտ , որից 17.2 մլն դրամը ստացել է Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմից՝ Դատական դեպարտամենտից, 2.1 մլն դրամը՝ եկամտային հարկի վերադարձից, 1.2 մլն դրամը՝ գույքի վաճառքից, իսկ մնացած մասը կազմել են վարկերը և այլ աշխատանքային եկամուտները։ ArmLur.am-ը արձանագրեց, որ Դատավորը 2025 թվականի ընթացքում վաճառել է 2008 թվականի Nissan ավտոմեքենան՝ 1.2 մլն դրամով ։ Տարվա վերջում նրա սեփականության ներքո մնացել է 2016 թվականի Nissan ավտոմեքենան։ Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, տարվա վերջում բանկային հաշիվներում Անի Մխիթարյանն ունեցել է ընդհանուր մոտ 1.1 մլն դրամ և 8.36 դոլար ։ Կանխիկ դրամական միջոցները կազմել են 13.5 մլն դրամ և 77 հազար դոլար ։ ArmLur.am -ը դատավորի հայտարարագրից նաև տեղեկանում է, որ 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ նրա վարկային պարտավորությունների ընդհանուր մնացորդը կազմել է 29.6 մլն դրամ ։ Տարվա ընթացքում վարկերի մարմանն ուղղված վճարումները կազմել են 4 մլն դրամ ։ Այսպիսով, դատավորի հայտարարագրում առկա է 4 միավոր անշարժ գույք, տարվա վերջում՝ մեկ ավտոմեքենա, շուրջ 23.7 մլն դրամ եկամուտ, ինչպես նաև 13.5 մլն դրամ և 77 հազար դոլար կանխիկ միջոցներ։ Սոնա Գրիգորյան