ՀԱՊԿ պատասխանատվության գոտում անվտանգության և կայունության վիճակն ուղղակիորեն կախված է հարևան երկրներում տեղի ունեցող գործընթացներից։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Տաալաթբեկ Մասադիկովը՝ «ՀԱՊԿ-ը Մեծ Եվրասիայում. վիճակն ու հեռանկարները» աշխատանքային նիստի ընթացքում։ Նրա խոսքով՝ կազմակերպությունը ձեռնարկում է անհրաժեշտ քայլեր՝ պատասխանատվության գոտում անվտանգությունն ապահովելու համար։ Մասնավորապես, պահպանվում են կանոնավոր շփումները, համակարգվում են միջազգային ասպարեզում համատեղ գործողությունները, ինչպես նաև աշխատանքներ են տարվում ուժային ներուժի կատարելագործման ուղղությամբ։ Մասադիկովն առանձնացրել է նաև այս տարի ՀԱՊԿ-ում նախագահող Ռուսաստանի նախաձեռնությունը՝ կազմակերպությունը միջազգային անվտանգության և պաշտպանության արդիական խնդիրների լայն քննարկման հարթակ դարձնելու վերաբերյալ։ Նրա խոսքով՝ այս ուղղությամբ արդեն զգալի աշխատանք է կատարվել։ Ստեղծվել է Եվրասիական վերլուծական հարթակ, որին, անդամ պետությունների գիտական կենտրոններից բացի, մասնակցում են նաև երրորդ երկրների ինստիտուտներն ու փորձագետները։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի համոզմամբ՝ Եվրասիայի ժողովուրդները, անցած դարի ողբերգական իրադարձությունների փորձն ունենալով և խաղաղության արժեքը գիտակցելով, պետք է օգտագործեն կուտակված փորձը։ Այս համատեքստում նա կարևորել է նաև XXI դարում բազմազանության և բազմաբևեռության եվրասիական խարտիայի ընդունման հեռանկարների առավել խորքային ուսումնասիրությունը։ –00—ՍՊ The post ՀԱՊԿ-ը կարևորում է Եվրասիայում անվտանգության հարցերի շուրջ համագործակցության խորացումը appeared first on 24News .