Կիևի էլեկտրամատակարարման հետ կապված իրավիճակը ծայրահեղ բարդ է․ վնասվել են Կիևի տարածաշրջանային էներգահամակարգի օբյեկտները։ Այս մասին հայտնել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։ «Կիևում էլեկտրամատակարարման իրավիճակը չափազանց բարդ է։ Վերջին օրերին վնասվել են Կիևի տարածաշրջանային էներգահամակարգի օբյեկտները։ Այդ պատճառով «Ուկրեներգոն» արտակարգ անջատումներ է իրականացրել»,- գրել է նա Telegram-ի իր ալիքում։ Նրա խոսքով՝ էներգահամակարգում ստեղծված վթարային իրավիճակը խափանումներ է առաջացրել էլեկտրատրանսպորտի երթևեկության և Կիևի ջրամատակարարման համակարգում։ Կլիչկոն հավելել է, որ մասնագետները փորձում են վերականգնել ջրամատակարարումը։ Բացի այդ, էլեկտրաէներգիայի բացակայության առավել ծանր իրավիճակ ունեցող շրջաններում բացվում են տաքացման կետեր։ Ավելի վաղ «Ուկրեներգոն» հայտնել էր Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին հասցված ամենազանգվածային հարվածներից մեկի մասին, որի հետևանքով երկրի էներգահամակարգում իրավիճակն ավելի է վատթարացել։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտնել էր զանգվածային հարվածի մասին՝ նշելով, որ թիրախավորվել են Ուկրաինայի էներգետիկ համալիրի այն օբյեկտները, որոնք էլեկտրաէներգիա են մատակարարում ռազմական արդյունաբերության ձեռնարկություններին։